
Գեղարքունիքի մարզպետարան. «Դատավորի դեր պետք չէ ստանձնել»
Այսօր Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը հաղորդագրություն է տարածել «Ժողովուրդ» օրաթերթի դեմ մարզպետ Նվեր Պողոսյանի ներկայացրած հայցի նոյեմբերի 17-ի դատական նիստի վերաբերյալ: Ստորև ներկայացվում է մարզպետարանի հաղորդագրությունը:
Նոյեմբերի 17-ին Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում սկսվեց Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանի կողմից «Ժողովուրդ» օրաթերթի դեմ ներկայացված հայցի լսումը: Պատասխանող կողմի ներկայացուցիչը առաջարկեց նշանակել նախնական դատական նիստ, սակայն դատավոր Արթուր Թամրազյանը մերժեց այն, և սկսվեց հայցադիմումի քննարկումը:
Հայցվոր կողմը ներկայացրեց, որ 2011 թվականի հոկտեմբերի 7-ին «Ժողովուրդ» օրաթերթը հոդված է տպագրել, որում նշվում է, որ իբր Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանը իր վարորդի միջոցով «կաշառք» է վերցրել Թթուջուր գյուղի միջնակարգ դպրոցի պատմության ուսուցչի թափուր տեղի համար մրցույթի մի մասնակցից նրա «հաղթանակն» ապահովելու համար:
Հայցվոր կողմի կարծիքով՝ «Ժողովուրդ» թերթը իր չստուգված և կողմնակալ հրապարակմամբ հանրությանը հրամցրել է ապատեղեկատվություն և անվանարկել ոչ միայն Նվեր Պողոսյանի անունն ու արժանապատվությունը, այլ նաև պետական մարմնի և նրա ղեկավարի համբավը:
Նկատի ունենալով, որ տարածված ապատեղեկատվությունը ոչ միայն ժողովրդի աչքում գցել է Գեղարքունիքի մարզպետարանի և նրա ղեկավարի վարկն ու հեղինակությունը, այլ նաև քրեական պատասխանատվության խնդիր է պարունակում, հայցվոր կողմը պահանջեց դատարանից պարտադրել «Ժողովուրդ» թերթին հրապարակավ ներողություն խնդրել Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանից և հոգուտ նրա «Ժողովուրդ» թերթից բռնագանձել 2 մլն դրամ:
Պատասխանող կողմը նշեց, որ ինքը մեջբերել է ընդհամենը Գեղարքունիքի մարզի Թթուջուր գյուղի բնակչուհի, պատմության ուսուցչի թափուր տեղի համար հայտարարված մրցույթի մյուս մասնակցի՝ Աննա Թորոսյանի կարծիքը, որի ձայնագրությունն իրենք պահպանել են և փոխանցել դատավորին:
Դատավարության ընթացքում Աննա Թորոսյանը նշեց, որ ինքը թերթի թղթակցի հետ զրույցում եղել է հոգեպես անհավասարակշիռ վիճակում և վերարտադրել գյուղից լսված ասեկոսեներ, իսկ ինքը երբևէ մարզպետին այդ խնդրով չի դիմել:
Պատասխանող կողմը, տեսնելով, որ չի կարողանում իր տարածած ապատեղեկատվությունը հաստատել Աննայի միջոցով, առաջ քաշեց այն պահանջը, որ այդ դեպքում խնդիրը ոչ թե Գեղարքունիքի մարզպետի և «Ժողովուրդ» թերթի միջև է, այլ Գեղարքունիքի մարզպետի և Աննա Թորոսյանի, քանի որ թերթը ընդամենը, ինչպես ինքն է ասում, հանդես է եկել ամբիոնի դերում:
Սակայն հայցվոր կողմը հակադարձեց, որ թերթը, նշված թեմայի շուրջ իր հրապարակումներով հանդես է եկել ոչ թե ամբիոնի, այլ կողմնակալի և զրպարտողի դերում՝ առանց փաստերը ստուգելու և իսկության մեջ խորանալու:
Պատասխանողի այն պնդումները, թե Գեղարքունիքի մարզպետը երբևէ չի փորձել հերքել հարապարակումը, անհաջող հորինվածք է, քանի որ Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը քանիցս հանդես է եկել հերքում պարունակող համարժեք պատասխաններով՝ դրանք տրամադրելով ոչ միայն «Ժողովուրդ» թերթին, այլ նաև տպագիր ու էլեկտրոնային այլ ԶԼՄ-ների՝ չնայած «Ժողովուրդ» օրաթերթը երբևէ չի բարեհաճել տպագրել իրեն ուղղված պատասխանները:
Ու թեև դատավոր Ա. Թամրազյանը դատական նիստն ընդհատեց դեկտեմբերի 5-ին այն շարունակելու պայմանով, դա չխանգարեց, որ «Ժողովուրդը» իր նոյեմբերի 18-ի համարում հրապարակի հերթական կողմնակալ հոդվածը՝ «Կաշառքի մասը բացառելն անհնար է դառնում» վերնագրով:
Փաստորեն, դատավճռի հրապարակումից առաջ թերթն արդեն «ստանձնել է» որոշող ու ամեն ինչ վճռող ամենազոր դատավորի դեր՝ մոռանալով, որ դատավարության ավարտին դեռևս ժամանակ կա: Եկեք չշտապենք:
Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
Մեկնաբանել