Խորհուրդ պատգամավոր Վարդապետյանին. «Հեռու մնացեք Ջավախքից, զբաղվեք ձեր՝ «վիրահայերի» հարցերով»
Ստորև ներկայացվում է Ֆեյբուքում Արթուր Էրզրումցու հրապարակած նամակը
«Հարգելի Տաճատ Վարդապետյան,
Վերջերս կարդում ենք Ձեր կցկտուր հարցազրույցները և զարմանում, թե մարդ արարածն ինչքան մորթապաշտ ու անինքնասեր կարող է լինել: Ինչո՞ւ եք թաքցնում Ձեր կատարած «հայրենանվեր գործունեությունը»՝ ասելով, թե որպես պատգամավոր համեստ աշխատանք եք կատարել:
Զարմանալու ոչինչ չկա, եթե նայում ենք Ձեր անցած «հերոսական ուղուն»: Ջավախքահայության միասնության երկար տարիների գոյության փաստը միշտ էլ նյարդայնացրել է Ձեզ և Ձեր նմաններին: Դա էր պատճառը, որ փորձեցիք շրջանառության մեջ դնել Վիրահայերի միասնության արհեստական գաղափարը: Եվ կառավարության նիստերի դահլիճում Վրաստանի նախագահի շնորհավորական ուղերձով երանությամբ հիմնադրեցին ՀԿ-ն: Որոշ միամիտներ մտածեցին, տեսնես ինչե՜ր են անելու Ջավախքի այս փրկիչները:
Ամենուր գլուխ էինք գովում, թե տեսնես ինչե՜ր ենք անելու, մեր թագավոր ախպերը (խոսքը Նորիկ Թևանյանի մասին է) բոլոր հարցերը լուծել է, վարչապետ է դառնալու և աջ ու ձախ պաշտոններ, ջիպեր ու բնակարաններ էիք խոստանում:
Իհարկե հարյուր հազարների մեջ կլինեին վիրահայ դառնալու ձգտում ունեցող ջավախքցիներ: Գործընթացը շատ նման էր ղարաբաղյան շարժման տարիներին Ադրբեջանի հատուկ ծառայությունների գործընթացին՝ ղարաբաղյան հիմնախնդիրները տարրալուծել ադրբեջանահայության հարցերի հորձանուտում, նսեմացնել ղարաբաղյան խնդրի գոյությունը, Բաքվի և Ադրբեջանի մյուս հայերին հանել ղարաբաղցիների դեմ՝ ադրբեջանահայության միասնության կեղծ քողի տակ:
Գաղափարը հին էր և փորձված: Դուք էլ, առանց մտածելու, չդիմանալով գայթակղությանը, հարսանիքներին և քելեխներին արտասանելով, Նորիկի ու Վրաստանի գովքն էիք անում, Ջավախքի մեր զավակներին իրար դեմ հանում, հեղինակություն ունեցող գործիչներին վարկաբեկում:
Ինչևէ, քծնանքը, փողը, դավաճանությունը (մեր ժամանակների լավագույն արժեքները) իրենց գործն արին, և տարիներ շարունակ ջավախքյան խնդիրներից հեռու անձինք՝ դու, Հայկ Սանոսյան ու Վարդան Այվազյան, ջավախքյան քողի տակ հայտնվեցիք Խորհրդարանում:
Ձեզ էին սպասարկում Հ. Թամամյանը, Ս. Կարախանյանը, Ս. Աբովյանը և այլք: Տարբեր վայրերից փողով ու խաբելով, աշակերտներով ու ոչ ջավախքյան ծագում ունեցող մարդկանց մի կերպ հավաք արեցիք և հայտարարեցիք, թե ամբողջ Ջավախքը մեզ հետ է:
Այդ մայմունությունը ամեն տեղ ցուցադրելով՝ գլուխ էիք գովում, թե Սերժին մեր «թագավոր ախպերն է» նախագահ սարքել, ու կողքից նոր միամիտներ են հավաքագրում: Սակայն ժամանակն իր խոսքն ասում է: Երբ նույն Թամամյանը ամիսներ անց «թագավոր ախպորը» Մոնումենտում պառկեցրեց ցեխերի մեջ, անցաք նրան ծախելու սուրբ գործին:
Պատգամավոր դառնալուց հետո լսեցինք ձեր առաջին գործի համբավը: Համենայն դեպս, ջավախքցիներս չզարմացանք, երբ մամուլը հեղեղվեց խայտառակ լուրերով, թե վիրահայերը իրենց ծննդավայր Ջավախքը աքսորավայրի են վերածում: Տասնյակ տարիներ այդ ստոր ծրագրի դեմ պայքարող հասարակ ջավախքցիներս միայն սարսափեցինք նրանից, որ դա վիրահայ դարձած մեր ջավախքցիներն են իրականացնում:
Հայ-վրացական բարեկամության հիանալի դրսևորում. պաշտոնները՝ Հայաստանից, փողն ու ջիպը՝ Վրաստանից: Թվում էր, թե այդ խայտառակության բացահայտումից հետո ամոթից գետինը կմտնեիք, բայց դուք անամոթաբար հայտարարում եք, թե այդ աշխատանք ստեղծելու նպատակ է հետապնդում:
Դուք Երևանում էիք գովաբանում այդ ծրագիրը, վան բայբուրթները՝ Թբիլիսիում: Իրականում տարբերություն չկա. բոլորդ էլ տեսել եք լարիի համը և ղեկավարվում եք մեկ կենտրոնից: Հետաքրքիր է՝ այս ամենը գիտե՞ն քո հանրապետական կոլեգաները, թե՞ չտեսնելու են տալիս՝ շառից հեռու մնալու նպատակով:
Մեզ մոտ՝ Ջավախքում, լուրերը շատ արագ են տարածվում, քանի որ բոլորս էլ ինչ-որ կապերով կապված ենք: Հիմա էլ լսել ենք, որ Նորիկին էլ եք դավաճանել և նոր տեր եք փնտրում: Հետաքրքիր է՝ ով է լինելու հերթական միամիտ քցվողը: Գիտեք, եթե Ջավախքի անունը չշոշափեք, մեզ չի հետաքրքրում, թե ում կքծնեք, ում կքցեք: Գոնե մի օր այս օրերին հիշե՞լ եք Հ. Թամամյանին. Ս. Կարախանյանին, մեծ ախպեր Նորիկին (ասում են, որ Մոսկվայում էլ նրա գործերը լավ չեն), թե՞ դա արդեն վտանգավոր է:
Դավաճանությունը ձեզ համար կենսակերպ է դարձել. մեկ անգամ և մեկին դավաճանելը կբերի անընդհատ դավաճանության: Ձեր խղճին քանի-քանի էլոյաններ (դուք գիտեք՝ ինչի մասին է խոսքը), քանի-քանիսին եք սնանկացրել և դժբախտացրել: Մենք՝ ջավախքցիներս, համոզված ենք, որ ձեր մատնության արդյունքում է արգելվել Ջավախքի հարցերով մտահոգ մի խումբ գործիչների մուտքը Ջավախք:
Առանց ամոթի, որպես Հայաստանի պատգամավոր՝ վրացական պետհամարանիշներով եք երթևեկում: Ի դեպ, Ջավախքում հեգնանքով նկատում են, թե ջիպերը ծառայությունների դիմաց են ստացել: Ո՞ր մեկը հիշենք:
Վահան Տերյանի անունը անգամ պղծեցիք: Պանթեոնում պոետի ծննդյան օրը վերածեցիք խեղկատակության, Գանձայում պոեզիայի տերյանական օրերին Վրաստանի իշխանավորներին հաճոյանալու համար Ձեր վիրահայ ընկերոջ՝ Վարուժան Մելքոնյանի ձեռքերով բազմության առաջ քիչ մնաց խեղդամահ անեիք Անահիտ Ուզունյանին միայն նրա համար, որ խոսեց Տերյանի մայրենի լեզվով և չքծնեց վրաց իշխանավորներին: Ցանկը երկար է…
Հեռու մնացեք Ջավախքից, զբաղվեք ձեր՝ «վիրահայերի» հարցերով: Մենք ջավախքահայեր ենք, և մեր խնդիրներն ուրիշ են: Հիշեք՝ ոչ ոք չի մոռանում, ոչինչ չի մոռացվում: Հեռու մնացեք Ջավախքից»:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել