
ՀՀ-ում գրանցված հարկատու կազմակերպությունների մի մասն իրականում չի գործում. զեկույց
ՀՀ պետական ռեգիստրի համակարգում հաշվառված հարկ վճարողների քանակը տարբերվում է ակտիվ հարկ վճարողների քանակից, քանի որ բոլոր այն դեպքերում, երբ տնտեսվարողը դադարեցնում է իր գործունեությունը, համապատասխան դիմում ներկայացնելով հարկային մարմիններ, շարունակում է հաշվառված մնալ ռեգիստրում որպես գոյություն ունեցող կազմակերպություն։ Այս մասին նշված է ՓՄՁ հարկային դաշտի մասին 2013-2015թթ. համեմատական զեկույց-վերլուծության մեջ, որը պատրաստվել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) գործարարության աջակցման գրասենյակի փորձագետների կողմից։
Ըստ փորձագետների՝ ակտիվ հարկ վճարող են համարվում այն հարկ վճարողները (անհատ ձեռնարկատերեր, ՍՊԸ, ՓԲԸ և այլ առևտրային կազմակերպություններ), որոնք նախորդող երկու եռամսյակների համար հաշվետվություն են ներկայացրել հարկային մարմին։
Ըստ զեկույցի՝ 2015 թվականի տարեվերջին ՀՀ պետական ռեգիստրում որպես գրանցված հարկ վճարող տնտեսվարողների թիվը կազմել է 160 հազ., մինչդեռ ըստ ՊԵԿ-ի տրամադրած տեղեկատվության՝ 2015-ի հուլիսի 1-ի դրությամբ` հաշվառված է եղել 91 հազ. 264 ակտիվ հարկ վճարող։ Ստացվում է, որ որպես հարկ վճարող գրանցված կազմակերպությունների շուրջ 40%-ն իրականում չի գործում։ Մասնագետները գտնում են, որ նշված աղավաղված պատկերի պատճառն այն է, որ կազմակերպությունների լուծարման գործընթացը բավականին բարդ է և ժամանակատար։ Դրա հետևանքով գործարարները բիզնեսի փակման դեպքում նախընտրում են դադարեցման դիմումով սառեցնել կազմակերպությունը։ Արդյունքում ոչ ակտիվ հարկ վճարողների ընդհանուր թիվն ավելանում է, իսկ ընդհանուր վիճակագրական պատկերն աղավաղվում։
Մեկնաբանել