HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Մի աման տաք կերակուր՝ ի նշան երախտագիտության

Բազմազավակների հոգսերը՝ բազմազավակներինն է

Մարիամ եւ Վարդան Արմենյաններին իրենց 10 անչափահաս երեխաների կիսաքաղց ու կիսամերկ վիճակից առավել այսօր անհանգստացնում են այն սարսափազդու պայմանները, որում ապրում են նրանք: Երեւանի Լամպերի գործարանին պատկանող երբեմնի «Աստղիկ» հանրակացարանը, որ 1988թ.-ից հետո բնակեցրել էին նրանց՝ աղետալի երկրաշարժից տուժած եւ Ադրբեջանից բռնագաղթած փախստական ընտանիքների հետ, արդեն լքյալ շինության է վերածվել: Ժամանակավոր կացարանի բնակիչները տուն են ստացել ու հեռացել՝ հսկայական շինությունը թողնելով Արմենյանների «տնօրինությանը»: «Բնակիչների հեռանալուց հետո առնետները վրա են տվել, կրծոտել են հագուստները, դռները, սարսափի մեջ ենք ապրում, բայց սանէպիդկայանին անգամ դիմել չենք կարող, հեռախոս չկա, որ զանգենք»,- խեղճացած ձայնով պատմում է տիկին Մարիամը:

Թալանված ու կիսավեր շինության մեջ միայնության դատապարտված ընտանիքը շրջապատի ահաբեկող լռությանն ու առնետների գրոհին մի կերպ դիմակայում է այն հուսադրող խոստումներով, որ հեռու չէ այն օրը, երբ վերջապես իրենք էլ տուն կունենան: Հավատացրել են, որ Երեւանի քաղաքապետարանը նրանց ընդգրկել է «Հուսո ավան» նորակառույց թաղամասի առաջին բնակիչների ցանկում, որի բացումը կատարվելու է մայիսի 28-ին:

Տիկին Մարիամին մարտի ամսին հանդիպեցինք հանրակացարանի շեմքին: Ասաց, որ ուզում էր գնալ մոտակա խանութից ձու խնդրել նախաճաշի համար, բայց այնքան է պարտքը կուտակվել՝ չգիտի՝ վաճառողն այս անգամ էլ կընդառաջի՞, թե՝ ոչ: Եթե չտվեց, պետք է սպասեն մինչեւ ժամը 14:00-ը, երբ Հայորդաց տան ճաշարանից կստանան օրվա ճաշը: Տիկին Մարիամը 7 աղջիկ եւ 3 տղա է մեծացնում, բայց ճաշը տրվում է 6 երեխայի համար: Ժամը 11-ն անց էր, նրանք դեռեւս չէին նախաճաշել, տիկին Մարիամի ասելով, վերջին ամիսներին այդպես հաճախ է պատահում: «Մենք 12 շունչ ենք եւ ամսեկան 2 պարկ ալյուր է պետք, որպեսզի հացը բավականացնի: Արաբկիր համայնքի նախկին թաղապետի ժամանակ օրական 6 հատ հաց էին տալիս, նաեւ բաղնիքի կտրոն, բայց 4 ամիս է արդեն այդ էլ չեն տալիս: Նոր թաղապետն ասում է՝ «զզվեցրիր, հո միայն դու չես»:

Ընտանիքի հայրը՝ Վարդան Արմենյանը, աշխատել է «Գրանդ Սան» գործարանում, բայց 2002թ. նոյեմբերի կեսերից նրանց արտադրամասի գործունեությունը դադարեցվել է: Ընտանիքի ունեցած միակ եկամուտը Աղքատության ընտանեկան նպաստն է: «19 հազար դրամ ենք ստանում, բայց դա օճառի ու լվացող հեղուկներին անգամ չի բավականացնում: Ամեն օր լվացք ենք անում»: Տարեմուտին «Արայ» խանութը հեռուստացույց է նվիրել նրանց: Երեխաները շատ են ուրախացել հեռուստախաղի ժամանակ իրենց անունը շահածների ցանկում լսելով: Սակայն, ուրախությունը կարճ է տեւել, երկու ամիս հետո մայրը տեղեկացրել է, որ պատրաստվում է վաճառել հեռուստացույցը՝ սնունդ գնելու համար: «Այլեւս ելք չունենք»,-կտրուկ ասաց տիկին Մարիամը:

Երեխաներից 5 էին այդ օրը տանը, աղջիկներից երեքը կոշիկ չունենալու պատճառով դպրոց չէին գնացել, երկուսը դեռեւս դպրոցահասակ չեն: Սկզբում երեխաները Երեւանի թիվ 77 դպրոցն են հաճախել, բայց արդեն 5 տարի է Արաբկիր համայնքի թույլ տեսնող երեխաների գիշերօթիկ դպրոցում են սովորում: «Երեխաներս լիովին առողջ են, բայց ես փող չունեմ, որ նրանց հանրակրթական դպրոց ուղարկեմ: Գիշերօթիկում լավ է, մինչեւ ժամը 6-ն այնտեղ են՝ կերակրվում են, լողանում, գրքի ու տետրի փող չենք տալիս»,-ասում է մայրը՝ միաժամանակ, ափսոսելով, որ երեխաներն իրենց ունակություններին համապատասխան կրթություն չեն ստանում:

Արմենյաններին Գյումրիից Երեւան են տեղափոխել իրենց երեք երեխաների հետ, երկրաշարժից նրանց տունը լրիվ ավերվել է: Մյուս 7 երեխաները ծնվել են հանրակացարանում: Հանրակացարանի այն սենյակում, որ զբաղեցնում է նրանց 12 հոգանոց ընտանիքը՝ 3 հնամաշ մահճակալ էր դրված, մի կոտրտված սպասքապահարան եւ մի քանի զգեստապահարան: «Երեխաներն առաջ հատակին էին քնում, հանրակացարանից հեռանալուց առաջ փախստականները չնչին գներով ինձ վաճառեցին իրենց պահարանները, մահճակալներն ու ներքնակները, որոնք նրանց տրվել էր գործածելու համար, դեռ գումարն էլ չեմ տվել»,- պատմեց տիկին Մարիամն՝ այդ ամենն առաջընթաց համարելով իր ընտանիքի համար:

«Հայաստանի մայրության ֆոնդի» նախագահ Սուսաննա Ասլանյանի ասելով, Արմենյանների ընտանիքի պատկերն ընդհանրական է հանրապետության գրեթե բոլոր բազմազավակ ընտանիքների համար: Փոքրաթիվ բազմազավակ ընտանիքներ կան, որոնք ապահովված են եւ նրանց համար իրենց կազմակերպությունը մշակութային ծրագրեր է իրականացնում: «10 եւ ավելի երեխա ունեցող այն բազմազավակ ընտանիքները, որոնց երեխաները վերջին տարիներին են ծնվել՝ դպրոցահասակ եւ մանկապարտեզային տարիքի են, անասելի դժվարին պայմաններում են ապրում»,-ասում է նա: Ս. Ասլանյանը շեշտեց, որ մարդասիրական օգնությունները չեն թեթեւացնում նրանց հոգսը: Ընտանիքներ կան, որոնց հայրերը հանրապետությունում չեն: Ընտանիքը մասնատված է՝ երեխաները տատիկ-պապիկների հույսին են, լավագույն դեպքում՝ տուն ինտերնատներում են տեղավորել: Մայրերը մխիթարության համար ասում են՝ գոնե այնտեղ 3-4 անգամ կերակրում են,- ասում է նախագահը: Վերջինս փոխանցեց բազմազավակ մայրերի դժգոհությունը՝ «պետությունը մեզ հիշում է միայն որդիներին զինվորագրելուց»:

Տիկին Ասլանյանի նկարագրած իրավիճակներից մեկին ականատես եղանք երեւանաբնակ Գագիկ Հովհաննիսյանի ընտանիքում: Նա արցախյան ազատամարտի մասնակից է, 1991-94թթ.-ին կռվել է «Արաբո» ջոկատի կազմում: Կինը՝ Արմենուհի Մանուկյանն ընդամենը 31 տարեկան է եւ արդեն 9 երեխա ունի, վերջինը 2003թ.-ի փետրվար ամսին է ծնվել: Նրանք իրենց երեք մանկահասակ երեխաների հետ ներկայումս բնակվում են քաղաքից դուրս մի հողաշեն ծածկի տակ:

«1996թ.-ից հեռացել ենք հայրական տնից, այս տարիներին տարբեր տեղերում ենք ապրել՝ հարազատների, ծանոթների մոտ եւ այլն: Հիմա երեխաներն են այդ վիճակում»,- պատմեց Գ. Հովհաննիսյանը: Երեխաները ժամանակ առ ժամանակ տեղավորվել են՝ մեկը մանկատանը, մյուսը՝ տատիկի մոտ, մի քանիսը՝ Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ) գիշերօթիկ դպրոցում եւ այլն: Երեխաներից 5-ը ներկայումս Քաշաթաղի գիշերօթիկում են գտնվում՝ ՀՕՖ-ի միջամտությամբ: «Երեխաներին տեղավորեցին գիշերօթիկում, բայց մեզ կացարանով չապահովեցին: Կինս մանկահասակ երեխաների հետ տեղավորվեց իր հարազատների մոտ, իսկ ես՝ իմ եղբոր: Մեզ լուր տվեցին, որ բնակարան են հատկացնում՝ Լաչինից վերադարձանք ու հայտնվեցինք փողոցում: Քաղաքապետարանում ասացին նման բան չկա՝ պետք է սպասեք: Հայտնաբերեցինք այս կացարանը ու տեղավորվեցինք այստեղ, այդ ընթացքում ծնվեց մեր 9-րդ երեխան»,-պատմեց նախկին ազատամարտիկը:

Նրանք մի կերպ էին տեղավորվել նեղլիկ, հողաշեն կացարանում եւ ափսոսում էին, որ չեն կարող իրենց 6 երեխաներին Երեւան տեղափոխել: «Ուզում եմ երեխաներս կողքիս լինեն, նորմալ կրթություն ստանան: Առողջ երեխաներ են եւ, իբրեւ ծնող, ես պարտավոր եմ հոգ տանել նրանց կրթության մասին»,- ասում է Գագիկ Հովհաննիսյանը: Նրա 6 երեխաները դպրոցահասակ են, սակայն ինչպես հայրն է ասում՝ երբեք կանոնավոր դպրոց չեն հաճախել, որովհետեւ մշտական հասցե չեն ունեցել: «Բայց, քանի որ կռված տղա եմ՝ երեխաներիս ընդառաջել են եւ տեղավորել այս կամ այն դպրոցում՝ առանց փաստաթղթերի: Գրենական պիտույքների հարցը լուծել են բարեգործական կազմակերպությունները, հագուստինը՝ նույնպես, բայց տարիներ արդեն ընտանիքս մի հարկի տակ չեմ կարողանում հավաքել»,- ցավով նշեց նա:

«Հայաստանի մայրության ֆոնդը» 98թ.-ին հարցում է անցկացրել բազմազավակների շրջանում՝ նրանց խնդիրներն ու ցանկությունները պարզելու համար: Պարզվել է, որ բազմազավակ ընտանիքների ամենամեծ մտահոգությունը բնակարան չունենալն է: Կոմունալ, սննդային եւ այլ հարցերից բացի, նրանք պահանջել են հատուկ կարգավիճակ տալ բազմազավակներին, վերականգնել արտոնությունները, հատկապես կրթության ու առողջապահության ոլորտում: Հարցումը պարզել է, որ բազմազավակների 82%-ին մատչելի չեն առողջապահական ծառայությունները: «Բազմազավակ կանայք տարբեր պաթոլոգիաներ են ձեռք բերում եւ հատուկ հսկողության տակ պետք է լինեն: Անցյալ տարի 7 մայր մահացավ՝ հիվանդութուններից»,-ասում է «Մայրության ֆոնդի» ՀԿ-ի նախագահը: Նա տեղեկացրեց, որ անցնող տարիների ընթացքում բազմազավակ ընտանիքների համար տարբեր ծրագրեր են իրականացրել: Փորձնական երեք հիվանդանոց են առանձնացրել նրանց համար՝ երկուսը՝ Երեւանում, մեկը՝ Գյումրիում, կազմակերպության միջամտությամբ անվճար վիրահատվել է մի քանի կին, սակայն դա հարցի լուծում չի:

Քանի՞ երեխա ունեցողն է համարվում բազմազավակ

Կազմակերպությունը ձեռնարկել է «Բազմազավակ ընտանիքների սոցիալական ապահովության մասին» օրենքի մշակումը, ցանկանալով փոխել բազմազավակ ընտանիքների նկատմամբ պետության քաղաքականությունը եւ վերականգնել սոցիալիստական Հայաստանում բազմազավակների համար սահմանված արտոնություններն ու կոչումները: Ի վերջո օրենքով ամրագրել, թե քանի՞ երեխա ունեցողը կարող է համարվել բազմազավակ:

«Բազմազավակ ընտանիքն այն թիրախ խմբերից մեկն է, որ չունի կարգավիճակ»,- ասում է «Մայրության ֆոնդի» նախագահը: Այսպես. աղետի գոտում բազմազավակ է համարվում երեք եւ ավելի երեխա ունեցող ընտանիքը, ընտանեկան նպաստների համակարգում՝ 4 եւ ավելին, տրանսպորտի նախարարության համար արտոնություն ունեցողը 5 եւ ավելի երեխան է եւ այլն: Սակայն, Հայաստանի ժողովրդագրական պատկերից ելնելով, ճիշտ է համարում, որ օրենքով բազմազավակ համարվի 3 եւ ավելի երեխա ունեցողը: Պետությունը նաեւ արտոնությունների աղքատիկ ցանկ է սահամնել, որի ոչ բոլոր կետերն են նույնիսկ կիրառելի:

Օրինակ, 5 եւ ավելի երեխա ունեցող ընտանիքներին եւ «Հերոսուհի մայր» կոչում ունեցող մայրերին տրվում է առաջնահերթ բնակտարածության իրավունք: Այս կետը սակայն չի գործում, քանի որ հանրային ֆոնդերից բնակարանային հատկացումներ համարյա չեն կատարվում: Բայց ահա վերջին 13 տարիների ընթացքում առաջին անգամ բնակարանային հատկացումների հնարավորություն է ստեղծվել Երեւան քաղաքում եւ միայն երեւանցիների համար:

 «Հույսի ավան»

Մայիսի 28-ին Երեւանից-Աշտարակ տանող ճանապարհին կյանք կստանա անապահով ընտանիքների համար կառուցվող «Հույսի ավան» թաղամասն իր առաջին 13 առանձնատներով: 200 անապահով ընտանիքների համար նախատեսված նորակառույց թաղամասում առաջին բնակարանամուտը կտոնեն 20 ընտանիքներ: Թաղամասի հիմնադիրները գերմանահայ Ջանբազյանների ղեկավարած «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամն է՝ Երեւանի քաղաքապետարանի հետ համատեղ: Թե ովքեր են լինելու առաջին երջանիկները, որոնք վերջապես տուն կունենան՝ քաղաքապետարանի սոցիալական վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը վստահեցնում է, որ հանձնաժողովը դեռեւս չի որոշել: «Դիմումները շատ են, դրանցից ամենակարիքավորներին պետք է ընդգրկենք առաջին 20-ի մեջ»:

Հանձնաժողովն արդեն սահմանել է ընտրության չափանիշները՝ առաջնահերթությունը տալով երկկողմանի ծնողազուրկ չափահաս դարձած այն անձանց, որոնք պետության խնամքի տակ ունեն քույրեր եւ եղբայրներ, ծնողազուրկ երկու եւ ավելի անչափահաս երեխաներին, որոնցից մեկը 16 տարեկանից փոքր չէ, երեք եւ ավելի անչափահաս միակողմանի ծնողազուրկ երեխաներին եւ վերջում՝ 6 եւ ավելի անչափահաս երեխաներ ունեցող անօթեւան եւ անապահով ընտանիքներին, որոնք բնակարանային հերթ ունեն թաղապետարանում, (առաջնահերթությունն ըստ երեխաների թվի): Ռուզաննա Զաքարյանը նշեց, որ արդեն այցելել են որոշ ընտանիքներ ու ծանոթացել նրանց պայմաններին:

Մեր այցելած անօթեւան ընտանիքները, որոնք 9 եւ 10 անչափահաս երեխաներ ունեն՝ կընդգրկվե՞ն առաջին 20 ընտանիքների ցանկում՝ դժվար է ասել: Եվ Մ. Արմենյանը, եւ Գ. Հովհաննիսյանը հայտնեցին, որ հանձնաժողովից ոչ ոք չի այցելել իրենց, հետեւաբար, չբացառեցին, որ տուն տալու մասին խոստումները կարող են սոսկ իրենց հանգստացնելու նպատակ ունենալ: