
«Հինգ սերունդ այստեղ ենք ապրել, բայց տունը վերցրին, տեղը շենք կառուցեցին ու փոխարենը ոչինչ չտվեցին»
Հունիսի 23-ին Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության աշխատակիցները քանդել են Երեւանի Աբովյան 5 փակուղի հասցեում գտնվող Զաքարյանների ընտանիքին պատկանող ապրուստի միակ միջոցը՝ ավտոլվացման եւ տեխսպասարկման կենտրոնը, թեեւ ըստ սեփականության վկայականի այդ ամենը պատկանում էր ընտանիքի անդամներին: Նույն օրը Զաքարյանները ոստիկանությունում հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել: Դեռեւս տարիներ առաջ էլ Զաքարյանները զրկվել էին նույն հասցեում գտնվող իրենց տնից եւ հողատարածքից: 70-ամյա Յուլյա Զաքարյանն այսօր ապրում է վարձով, կրտսեր որդին՝ նույնպես, իսկ ավագ որդին արտագաղթել է` չդիմանալով անարդարությանը:
Յուլյա Զաքարյան. «Միշտ հեռու ենք մնացել կեղտից, բայց կեղտը եկավ ու կպավ մեզ, քանի որ մենք կենտրոնում ենք ապրում»:
«Երբ շինարարությունը նոր էր սկսվում, մեզ խոստացան նորակառույց շենքում 4 բնակարան, 4 ավտոտնակ տալ: Հիմա անգամ մեկ բնակարան ստանալու հույս չկա»:
«Հինգ սերունդ այստեղ ենք ապրել, բայց տունը վերցրին, տեղը շենք կառուցեցին, ու փոխարենը ոչինչ չտվեցին: Հիմա էլ ավտոտնակները քանդեցին, որ այդ հատվածն էլ իրենցով անեն»:
«Եկան ու մի քանի րոպեում ամբողջը քանդեցին»:
«Որդիներս արվեստագետներ են, բայց այդ ավտոտնակներում ավտոտեխսպասարկման կետ էին բացել, մեքենաներ էին վերանորոգում, որ գումար աշխատեն»:
«Այստեղ նաեւ այլ մարդիկ էին աշխատում, ովքեր հիմա նույնպես մնացել են առանց ապրուստի միջոցի»:
«Մենք դարձանք մեր սեփականության գերին, որի վրա շատերի աչքն է, քանի որ այսօր գումար ունեցողները չեն հանդուրժի, որ կենտրոնում իրենցից բացի որեւէ մեկը տարածք ունենա»:
«Քանդեցին ավտոտնակները, ասելով, թե հատակագծի մեջ չկա, բայց չեն հասկանում, թե իրենց ասածն ինչ ծիծաղելի է, բոլոր փաստաթղթերը կան»:
«Եթե այդ ավտոտնակները չկային, այդ ինչի համար եմ 16 տարի անշարժ գույքի հարկ վճարել, այդ որտեղ են որդիներս իրենց ՍՊԸ-ն բացել»:
«Դատարանը ավտոտնակները քանդելու որոշումը կայացրել էր անցած տարվա ամռանը: Որոշման մեջ նշվում է, որ ավտոտնակը պետք է քանդել «անկախ որեւէ հանգամանքից»: Էլ ի՞նչ արդարության մասին խոսենք»:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել