HY RU EN

Գագիկ Աղբալյան

Գառնիի երկրաֆիզիկայի դիտարանը կարդիականացվի՝ երկրաշարժերը կանխատեսելու նպատակով

Գառնիի երկրաֆիզիկայի դիտարանը կվերազինվի և կարդիականացվի, ինչը հնարավորություն կտա մեծ ճշտությամբ և ժամանակին գնահատել Հայաստանի տարածքի սեյսմիկ վտանգը և կանխատեսել ուժեղ երկրաշարժերը: Գործադիրին համապատասխան նախագիծ է ներկայացրել Արտակարգ իրավիճակների նախարարութունը: Հարցը քննարկման է դրված կառավարության վաղը կայանալիք նիստում:

Փաստաթղթում նշված է, որ Գառնիի երկրաֆիզիկայի դիտարանի թունելախորշի բացառիկ առանձնահատկությունները հնարավորություն են ընձեռում գնահատելու հանրապետության տարածքի երկրակեղեւի լարվածադեֆորմացիոն վիճակը, ուսումնասիրել երկրաշարժերի առաջացման մեխանիզմները եւ գնահատել տարածքի սեյսմիկ վտանգը:

Գառնիի երկրաֆիզիկայի դիտարանի տարածքում, որպես ակտիվ երկրաբանական կառույց, հայտնի է Գառնիի ակտիվ խզվածքը, որը համարվում է ամենավտանգավորը Երեւանի համար: Խզվածքն ուսումնասիրվել է տարբեր մասնագետների կողմից եւ մեր օրերում էլ ուսումնասիրվում է:

Գառնիի երկրաֆիզիկական դիտարանը 2012թ. մարտի 15-ին կառավարության որոշմամբ հանձնվել էր ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության արևմտյան ծառայություն» ՊՈԱԿ-ին:

Դիտարանում ներկայումս գործում են ընդգետնյա ռադոնի եւ մագնիսաչափական դիտակայաններ: 1991 թ. դիտարանի թունելախորշերից մեկում տեղադրվել եւ այսօր էլ գործում է ԱՄՆ Համաշխարհային սեյսմիկ գլոբալ ցանցի IRIS համակարգի կայանը: Այն գրանցում է աշխարհում տեղի ունեցող բոլոր միջին ուժի եւ ուժեղ երկրաշարժերը:

Տվյալները դիտարանից արբանյակային կապով փոխանցվում են նաեւ ԱՄՆ եւ Ավստրիա: 

1679 թվականին այս գոտում տեղի է ունեցել 6.9 մագնիտուդով ավերիչ երկրաշարժ, որի հետեւանքով Երեւանում, Քանաքեռում և այ լբնակավայրերում եղել են բազմաթիվ զոհեր, քանդվել են հազարավոր շենքեր ու շինություններ: Բացի այդ, նույն սեյսմիկ բարձր վտանգի գոտում կառուցված են վտանգավոր օբյեկտներ՝ քիմիական գործարաններ, ջրամբարներ, կենսաապահովման գծեր և այլն, առկա են վտանգավոր սողանքներ:

Լուսանկարը` www.mes.am