
Համաճարակ Ֆանտան գյուղում
Էդիկ Բաղդասարյան
Հակոբ Պողոսյան
Չորս ֆանտանցիներ ծանր վիճակում գտնվում են Չարենցավանի հիվանդանոցում, եւս 130 գյուղացի վարակվել է դեռեւս չախտորոշված համաճարակով:
Կոտայքի մարզի Ֆանտան գյուղում համաճարակը բռնկվել է մարտին, սակայն Առողջապահության նախարարությունը դրա մասին իմացել է ընդամենը մեկ շաբաթ առաջ, երբ հիվանդների թիվն անցել է 130-ից, եւ մարզի բժիշկներն այլեւս չեն կարողացել թաքցնել համաճարակի փաստը:
«Մեր տնից երեքը ծանր են, Չարենցավանի հիվանդանոցում են պառկած: Քույրս է, նրա երեխան եւ եղբորս կինը: Քրոջս աղջիկը մի ամիս տանը պառկած էր: Բժիշկները նոր են եկել ու իմացել: Մեռանք դեղ առնելով, անասունը սաղ ծախեցինք, դեղի տվեցինք: Բժշկի էինք տարել մեր հարսին` Լուսինեին, ասում էին կոկորդի քաղցկեղ ունես, հիմա էլ անալիզներից հետո ասում են էս հիվանդությունն է»,- պատմում է Անդրանիկ Հովհաննիսյանը:
«Կոկորդս ցավում էր, խեղդվում էի, հիմա էլ ոտքերս, կողերս են ցավում: Բժիշկը ման է գալիս գյուղով, մարդկաց դեղ է բաժանում` տետրացիկլին եւ լեվոմիցետին: Ասում ենª ջրից ենք հիվանդացել, չգիտեմ: Արդեն մեկ շաբաթ է` ջուրը անջատել են, եւ մեքենաներով են բերում», - պատմում է Հակոբը:
Իներորդ դասարանցի Զինան պատմում է. «4 օր առաջ թույլ էի, մի քիչ քրտնել էի: Երկու օր անց տաքությունս բարձրացավ, հազում եմ: Դեղեր են նշանակել: Լեվոմիցետին եմ խմում, հիմա մի քիչ լավ եմ, առաջվա պես չեմ, կողերս են ցավում»:
Հիվանդների հետ զրույցներից պարզվեց, որ բոլորը սկզբում կոկորդի ցավ են ունեցել, այնուհետեւ աղիքների խանգարում, ոսկորների, հոդերի ցավ, ջերմություն: Ֆանտացիները պատմեցին նաեւ, որ բժիշկները համաճարակի աղբյուրը համարում են ջուրը եւ արգելել են գյուղի ջրի օգտագործումը:
Ապրիլի 27-ին Ֆանտան գյուղի գյուղապետարանից փորձեցինք պարզել, թե ինչպիսին է իրավիճակը: Մեր ներկայանալուն պես գյուղապետի տեղակալը միանգամից բռնկվեց. «Լավ է, որ առաջինը ինձ մոտ եք եկել: Մենք ոչինչ չունենք ասելու լրագրողներին»:
Նրա թշնամական վերաբերմունքը մեզ ստիպեց այլեւս ոչ մի հարց չտալ: Շնորհակալություն հայտնելով` դուրս եկանք զրուցելու գյուղացիների հետ: Մեր ետեւից անմիջապես դուրս նետվեց մի երիտասարդ եւ սկսեց բարոյական քարոզ կարդալ. «Դուք չեք հասկանում, որ պետության մեջ գաղտնիքներ կան, որոնց մասին չպետք է խոսել: Այս մասին ավելի լավ է ուրիշները չիմանան»,- հորդորում էր երիտասարդը:
Հետո գյուղացիներից իմացանք, որ նա չարենցավանցի է, ինչ-որ կուսակցության նախընտրական շտաբից է, արդեն մի քանի ամիս է կցված է այս գյուղին, սկզբում նախագահական, այժմ էլ` խորհրդարանական ընտրությունների համակարգողն է Ֆանտանում: Գյուղացիներից մեկն էլ ավելացրեց, որ ընտրությունների ժամանակ նա փող էր բաժանում:
Գյուղապետարանից դեռ չհեռացած` դուրս եկավ գյուղապետի տեղակալը` ասելով, որ բժիշկը ուզում է մեզ հետ խոսել: Իսկ բժիշկը Առողջապահության նախարարության պետական հիգիենիկ հակահամաճարակային տեսչության պետի տեղակալ Ղազարոս Հակոբյանն էր:
Նա հրաժարվեց պաշտոնապես տեղեկություններ տալ, փոխարենը խոստացավ դա անել 5 օր անց` հինգշաբթի օրը: Նրանից կարողացանք իմանալ միայն, որ կասկածելի հիվանդությունը տոլարենիա է կոչվում: Սակայն, առայժմ ուսումնասիրություններ են կատարվում, եւ վերջնական որեւէ բան չեն կարող ասել` ինչ հիվանդություն է, որտեղից է սկսվել վարակը:
«Առաջներում տարին երկու անգամ ջրի հորերը մաքրում էին, բայց հիմա ո՞վ է մաքրում: Օձ է մտնում, սատկած շուն, առնետ: Առաջ կեղտը մաքրում էին հորից, հիմա ո՞վ է անում: Երկրորդ հորն էլ ունենք, սակայն էներգիայի պարտք ունենք, դրա համար էլ անջատված է պոմպը»- բարկացած ասաց ֆանտանցի Անիկ Հովհաննիսյանը:
Ֆանտանը մալականների գյուղ էր: Սակավաջուր էր միշտ, ինչի պատճառով էլ գյուղի անունը սկզբում եղել է Սուխոյ Ֆանտան: Հետո մնացել է միայն Ֆանտանը: Այսօր գյուղում մալականներ չկան:
«Իմ կարճ խելքով` մեր դեպուտատը իմ լեզուն պետք է լինի, որ ժողովրդի պահանջը ներկայացնի կառավարաությանը: Մենք ընտրություններին նրան ձայն տվեցինք ու հիմա էլ դեպուտատի երես չենք տեսնում»,- ասում է 74-ամյա Պատվական պապը:
Հիմա էլ է ուզում մի երկու բան ասել իրենց պատգամավորին, չի գտնում նրան: Հետո հուսալքված ասաց. «Էս ջրի հարցը բոլոր մեծերը պիտի հավաքվեն, բոլոր կուսակցությունները, որ լուծեն, էն էլ չգիտեմ` գլուխ կբերե՞ն, թե չէ»:
«Դեկտեմբերի 5-ին Ամերիկայի դեսպանը եկավ, ջուրը բացեցին, մեկ շաբաթ հետո ջուրը կտրեցին: Ասում են` ահագին փող է փոխանցել դրա համար: Հեռուստատեսությամբ մի քանի անգամ ցույց տվեցին, որ Ֆանտանը ջուր ստացավ: Երկու տրուբա ներկեցին, դեսպանը եկավ, ցույց տվեցին, գնաց: Մի շաբաթ հետո ջուրն անջատեցին»,- ասում է ֆանտանցի Հակոբը:
Ֆանտանցիները անհանգստացած են նաեւ, որ իրենց արտադրած կաթն ու մածունը չեն կարողանում վաճառել Չարենցավանում: Քաղաքում լուրեր են տարածվել, թե դրանք վարակիչ են: Չարենցավանի ՙԼուսալիք՚ հեռուստաընկերությամբ քաղաքի սանիտարական բժիշկը հաղորդել է, որ վտանգ չկա, որ կարող են օգտագործել կաթն ու մածունը, սակայն միեւնույն է, մարդիկ վախենում են գնել ֆանտանցիների արտադրանքը:
Մեկնաբանել