
Գավառի դատարանում լրագրողին առանց հիմնավորման արգելել են լուսաբանել բաց դատական նիստը
Իսկ նիստերն անցկացվում են դատավորի սենյակում
Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում երեկ կայացավ «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկն ընդդեմ Գավառ քաղաքի բնակիչներ Նորիկ Հայթյանի, Սուսաննա Կատվալյանի և Աննա Կատվալյանի» գործով դատական նիստը: Հայցվոր կողմը՝ «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկ»-ը, չէր ներկայացել դատական նիստին ՝ խնդրելով հայցը քննել իրենց բացակայությամբ, չէին ներկայացել նաև Նորիկ Հայթյանը և Աննա Կատվալյանը, այդ իսկ պատճառով դատավորը որոշեց նիստը հետաձգել մինչև օգոստոսի 2-ը:
Հիշեցնենք, որ Գեղարքունիքի մարզի տասնյակ բնակիչներ հայտնվել են դատարանում՝ միլիոնավոր դրամների հասնող վարկերի գումարը չմարելու մեղադրանքով: «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկ»-ը յուրաքանչյուրից պահանջում է մոտ 3 մլն ՀՀ դրամ՝ 2014թ. վերցրած և չմարած վարկերի դիմաց: Մինչդեռ բնակիչները պնդում են, որ իրենք խաբեության զոհ են դարձել և գումարներն իրենց փոխարեն վերցրել են Գավառ քաղաքի բնակիչներ Արտուշ Մաթևոսյանը և Սոս Սաֆարյանը:
Նույն դատարանում դատավոր Արթուր Թամրազյանի նախագահությամբ ընդամենը մեկ ժամ անց կայացավ մեկ ուրիշ դատական նիստ, որի ժամանակ նորից հայցվոր կողմը« Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկ»-ն էը, որը սույն դատական նիստին նույնպես չէր ներկայացել՝ խնդրելով նիստն անցկացնել առանց իրենց ներկայության: Պատասխանողներն էին քաղաքացի Ռազմիկ Կատվալյանը, ով եղել էր վարկառու և Սուսաննա Կատվալյանն ու Նորիկ Հայթյանը, ովքեր եղել են երաշխավորներ: Ռազմիկին, ըստ փաստաթղթերի, տրվել է 9.8 մլն դրամի վարկ, նրան երաշխավորել են կինը ՝ Սուսաննան և Նորիկ անունով մի մարդ, որին իրենք չեն ճանաչել: Ռազմիկ Կատվալյանը պնդում է, որ իր անունով «Ակբա» բանկում ոսկի են գրավադրել Գավառի բնակիչներ Արտուշ Մաթևոսյանը և Սոս Սաֆարյանը, Ռազմիկ Կատվալյանը պնդում է նաև, որ իրենք չեն տեսել նույնիսկ գրավադրված ոսկիները, միայն ստորագրել են պայմանագիրը:
Դատական նիստը տեղի էր ունենում նախագահող դատավոր Արթուր Թամրազյանի աշխատասենյակում: Նիստի ընթացքում դատավորը կողմերին ներկայացնելուց հետո քննեց այն հարցը, թե արդյոք թույլատրել լուսանկարահանել դատական նիստի ընթացքը: Թեեւ պատասխանողներ Կատվալյանները դրական արձագանքեցին, այնուամենայնիվ, դատավորը որոշեց արգելել լուսանկարահանելը՝ պատճառաբանելով, թե առկա է բանկային վեճ, բայց սրանով չսահմանափակվելով՝ արգելեց նաև ձայնագրություն իրականացնել՝ խախտելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 114-րդ հոդվածի 3-րդ կետը, որտեղ ասվում է. «Գործին մասնակցող անձինք և դռնբաց դատական նիստին ներկա գտնվողներն իրավունք ունեն կատարել գրառումներ, սղագրություն և ձայնագրություն»:
Երբ փորձեցինք պարզաբանում ստանալ, թե ինչու է նախագահող դատավոր Արթուր Թամրազյանը արգելում ձայնագրություն կատարել, նա որոշեց սանկցիա իրականացնել և կարգադրիչին ասաց, որ ինձ դուրս հրավիրի դատական նիստի «սենյակից»:
Եվ մինչ շարունակվում էր «Ակբա Կրեդիտ Ագրիկոլ բանկն ընդդեմ Ռազմիկ Կատվալյանի, Սուսաննա Կատվալյանի և Նորիկ Հայթյանի» գործով դռնբաց դատական նիստը, շրջեցի դատարանով: Թեև երևում էր, որ շենքում վաղուց վերանորոգում չի իրականացվել, այնուամենայնիվ, այնտեղ գտա նիստերի դահլիճը՝ դռան վերևում փակցրած հայտարարությամբ. «Նիստերի դահլիճ մտնելիս խնդրվում է անջատել բջջային հեռախոսները»:
Իսկ մինչև դատավորի՝ իմ նկատմամբ սանկցիայի կիրառումը, դատավորի՝ դատարան մտնելուց առաջ չհնչեց «Ոտքի՛, դատարանն է գալիս» նախադասությունը, նիստի քարտուղարին նկատեցի միայն արձանագրություն կամ նշումներ կատարելու ժամանակ: Նա նստել էր դատավորի առաջ դրված սեղանի մի անկյունում և սպիտակ թերթի վրա գրիչով ինչ-որ բան էր գրում:
Այնուամենայնիվ, ««Ակբա Կրեդիտ Ագրիկոլ բանկն ընդդեմ Գավառի բնակիչներ Ռազմիկ Կատվալյանի, Սուսաննա Կատվալյանի, Նորիկ Հայթյանի» գործով հերթական նիստը հետաձգվեց: Պատասխանող Ռազմիկ Կատվալյանը դատարան միջնորդություն էր ներկայացրել, որտեղ նշված էր, որ իրենք նույնպես տուժող են. «Բողոքի հիման վրա հարուցվել է քրեական գործ, և խնդրում ենք դատարանից քաղաքացիական այս գործը կասեցնել մինչև քրեական գործի ավարտը»:
«Միջնորդություն էինք ներկայացնում, բայց դատավորն ասաց, որ հաջորդ դատին կվերցնի», -ասաց Ռազմիկ Կատվալյանը:
Ամալյա Մարգարյան
Մեկնաբանել