HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շահումյանի համայնքապետարանի ցուցատախտակին դեռ ավագանու 2014թ. որոշումներն են

Գայանե Սարգսյան 

Իսկ պաշտոնական կայքը 18:00-ից հետո չի գործում

Շահումյանի գյուղապետարանի երկրորդ հարկի նախասրահում փակցված ցուցատախտակի ձախ կողմում տեղ է հատկացված համայնքապետի, աջում՝ համայնքի ավագանու որոշումների տեղադրման համար: Համայնքապետի որոշումների անկյունը դատարկ է, ավագանու որոշումներինը՝ ոչ:

Մինչ կմոտենայինք ցուցատախտակին, համայնքապետի տեղակալ Հրայր Սոսյանը վստահեցնում էր՝ բոլոր որոշումները տեղադրված են:  Պարզվեց, սակայն, որ տեղադրված ավագանու որոշումները թվագրված են 2014թ.-ով:

-Ռայա, ավագանու որոշումները չես տեղադրե՞լ,- զարմացավ Հ. Սոսյանը:

-Չէ, էստեղ եմ հավաքել, որովհետև մեկ-մեկ լինում ա, երեխեքը վերցնում են, քաշքշում… Պահում եմ իմ մոտ, ով գալիս ա, ուզում ա, տալիս ենք,- կից սենյակից պատասխանեց Ռաիսա Մինասյանը՝ աշխատակազմի քարտուղարը:

Թե ինչու պետք է երեխաները բարձրանան գյուղապետարանի երկրորդ հարկ ու քաշքշեն ավագանու որոշումները, պարզ չէ: Ամեն դեպքում աշխատակազմի քարտուղարը արագ գտավ ավագանու ու համայնքապետի որոշումներն ու տեղադրեց համապատասխան տեղում՝ զուգահեռ շարունակելով մեկնաբանել. «Էսա, հավաքել եմ իմ մոտ, էսա կդնեմ…Էլեկտրոնային էլ ունենք, վեբ կայք ունենք»:

Նկատեցի, որ նախորդ երեկոյան եմ փորձել մտնել համայնքի կայք, այն չէր գործում: Պարզվեց՝ համայնքի պաշտոնական կայք կարող ենք մտնել մինչ աշխատանքային օրվա ավարտը: Ժամը 18:00-ից հետո կայքը «չի աշխատում»:

«Մեր կայքը բացում ա, միշտ բացել ա, էնքան ասեցին՝ թողեք, չանջատեք, կայծակը խփեց, էս լրիվ ապարատուրաները փչացան: Ուղիղ 100.000 դրամ վերանորոգման համար ծախսել ենք, հիմա արդեն կաշխատի»,- վստահեցրեց Ռ. Մինասյանը` հավելելով,- ուղղակի վախիցս աշխատանքից հետո անջատում եմ, նոր տուն գնում»:

Համայնքը 3.000 բնակիչ ունի: Սա նշանակում է, որ համայնքի ավագանու որոշումները պետք է գյուղում ևս մի տեղ փակցված լինեին: Պարզվեց՝ ոչ:

«Եղել ա ցուցատախտակ, պոկում էին, դրա համար էլ չեմ տանում կպցնում: Մշակույթի տան պատին էինք կպցնում:  Շուտ, հիմա չէ, 2013-ին էր… Ճղում էին, թափում էին, տանում էին ուրիշ նպատակների…»,- պատմեց Ռաիսան:

Հիմնավորելու համար, որ ոչ մի կերպ հնարավոր չի Շահումյանում պահպանել ոչ միայն ավագանու որոշումների ցուցատախտակը, այլև համայնքի գույքը, համայնքապետի տեղակալը ցույց տվեց գյուղապետարանի բակում գտնվող աղավնիների քանդակները. «Տեսեք, էն մեկը 4 օր առաջ են ջարդել, հիմքն ա մենացել մենակ»:

Ի դեպ, Շահումյանը Լոռու մարզի այն քիչ համայնքներից է, որի պաշտոնական կայքը գործում է, թեկուզ և մինչև 18:00-ն: Կայքի լրահոսը, սակայն, այնքան աղքատիկ է, որ անհնար է պատկերացում կազմել համայնքում տեղի ունեցող իրադարձությւնների մասին: Օրինակ, վերջին մեկ շաբաթվա ընթացքում գյուղին պատուհասած սողանքների ու սելավների մասին կայքում ոչ մի տող չկա: 

Շահումյանի տարեկան բյուջեն 67 մլն դրամ է, որի շուրջ 48 տոկոսը՝ 28 մլն-ը, կազմում է աշխատակազմի աշխատավարձը:

Գյուղապետարանի աշխատակազմը համալրված է հարազատ-բարեկամներով: Այսպես՝ աշխատակազմի առաջատար մասնագետի պաշտոնը զբաղեցնում է համայնքապետի որդին՝ Արթուր Մանուկյանը, աշխատակազմի առաջատար մասնագետ-հաշվապահի պաշտոնը  համայնքապետի տեղակալի դուստրն է զբաղեցրել՝ Սերինե Սոսյանը:

«Մեր բյուջեն որպես օրինակելի բյուջե ուսումնասիրվել է և՛ ՄԱԿ-ի, և՛ Եվրամիության, և՛ մեր կառավարության ու տարածքային նախարարության հանձնաժողովի կողմից որպես օրինակելի, ժողովրդավարական բյուջե»,- ասում է համայնքապետ Էդիկ Մանուկյանը:

Համայնքի ղեկավարի որոշմամբ սոցիալապես անապահով ընտանիքներին համայնքի բյուջեից պարբերաբար տրամադրվել է ֆինանսական աջակցություն: Աջակցության չափը մեծ մասամբ չի գերազանցել 25.000 դրամը:

Համայնքի ղեկավարի ապրիլի 5-ի 33-Ա որոշմամբ երկու անապահով ընտանիքի հատկացվել է 60.000 և 20.000 դրամ: Ըստ ամենայնի, հաշվի առնելով սոցիալապես խիստ անապահով լինելը, 60.000 դրամը հատկացվել է աշխատակազմի քարտուղար Ռաիսա Մինասյանին, ում ամսական աշխատավարձը 200.000 դրամ է: 

2015թ. հոկտեմբերի 5-ի 64-Ա որոշմամբ համայնքի ղեկավարը որպես սոցիալապես անապահով ընտանիք 50.000 դրամ է հատկացրել իր տեղակալին՝ Հրայր Սոսյանին, ում ամսական ախատավարձը 140.000 դրամ է:

Այս տարվա հունվարի 29-ի 04-Ա որոշմամբ համայնքի ղեկավարը որպես անապահով ընտանիքների 25.000-ական դրամ է հատկացրել Գևորգ Չիպուսովին և Վռամ Շահբազյանին: Նույն որոշման մեջ այս անգամ արդեն որպես հարազատը կորցրածի այս անձանց հատկացվել է ևս 15.000-ական դրամ:

Համայնքի բյուջեից ֆինանսական աջակցություն են ստացել նաև ավագանու անդամների հարազատները:

Հունվարի 22-ի 02-Ա որոշմամբ ավագանու անդամներից Արեն Բեժանյանի հորը՝ Արտակ Բեժանյանին որպես անապահով ընտանիք համայնքի ղեկավարը հատկացրել է 30.000 դրամ: Նույն որոշմամբ որպես անապահով ընտանիքներ ֆինանսական աջակցություն է ստացել ևս 28 ընտանիք՝ 15.000-ական դրամ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter