«Անգրագետ նկարչի գործը անգրագետ մասսային բավարարում է»
Ազատուհի Խաչատրյան
-Գրիգորյան Մարիա՞մ:
Նայում եմ նկարի անկյունի ստորագրությունն ու փորձում գուշակել անունը:
-Ոչ, անունս Մարիամ չէ, Մարիամը էն վերջում է լինում,-չոր պատասխանում է կինը:
-Իսկ ի՞նչ է ձեր անունը:
-Կարևոր չէ:
Սարյանի այգով անցնելիս շատ քիչ կնկատես կին նկար վաճառողների: Հիմնականում տղամարդիկ են, խմբված նարդի, շախմատ են խաղում:
Սկսում եմ հարցեր տալ այգում այդ պահին հանդիպած միակ կին նկարչուհուն: Անտրամադիր է, խոսել չի ուզում, համառում եմ, շարունակում եմ հարցեր տալ:
-Ինչու՞ ձեր նկարներում կանայք ձեռքեր չունեն:
-Իսկ ով ձեռք ունի որ…բոլորս էլ անձեռ ենք:
-Ներեցեք, բայց չեմ հասկանում՝ ինչ նկատի ունեք:
-Չգիտեմ, ես տենց եմ պատկերացնում:
Թվում էր՝ պետք է հրաժեշտ տա ինձ, ասի, որ ժամանակ չունի խոսելու, բայց անսպասելի առաջարկում է նստել ու զրուցել:
-Իմ նկարները դեկորատիվ ոճի մեջ են: Ամուսինս նույնպես նկարիչ էր՝ իմպրեսիոնիստ: Տասնվեց տարի է՝ մահացած է: Նկարիչը պետք է իր ձեռագիրը ունենա, ասենք, ոնց Մանեն, Վան Գոգը, Մոդիլիանին: Այդպես են հռչակավոր դառնում, երբ ստեղծում են իրենց ձեռագիրը:
Այստեղ քչերն ունեն իրենց ձեռագիրը: Այ, այն (ձեռքով դիմացը շարված նկարներն է ցույց տալիս. Հեղ.) հեղինակը տաղանդավոր երիտասարդ է, բայց ձեռագիր դեռ չունի, դրա համար շատ է պետք աշխատել:
-Իսկ դուք ինչպե՞ս եք ստեղծագործում: Նախապես մտածում եք՝ ինչ նկարել, թե՞ հենց մոտենում եք կտավին, ինքնըստինքյան ստացվում է:
-Էդ անբացատրելի է, ուղղակի ուզում ես նկարել ու նստում- նկարում ես: Բայց վերջերս չեմ կարողանում աշխատել. հղի հարս ունեմ, վատ է զգում ներկի հոտերից:
-Իսկ ձեր երեխաները նկարու՞մ են:
-Երկու տղաս էլ լավ ձեռք ունեն, բայց չուզեցին նկարիչ դառնալ: Ասում են՝ դու ու պապան ինչ արեցիք, որ մենք ինչ անենք:
-Նկարները վաճառվու՞մ են:
-Այսօր շատ անհաջող օր է: Ամբողջ վերնիսաժից երկու նկար է դուրս եկել: Ասում են՝ անցյալ շաբաթ լավ առևտուր է եղել: Ընդհանրապես շատ դժվար է լավ նկարչի համար. նրա գործերը քչերն են գնահատում, իսկ անգրագետ նկարչի արած գործը անգրագետ մասսային բավարարում է:
-Ովքե՞ր են գնում ձեր նկարները:
-Հետաքրքիր է՝ հասարակ գնորդ չունեմ: Հաճախ հենց նկարիչներն իրենք են գնում: Բժիշկներ, արվեստագետներ: Արտասահմանից են շատ առնում: Եղել է, որ քսան հատով վաճառել եմ:
-Ի՞նչն է պակասում տեղի արվեստագետին հաջողության հասնելու համար:
-Մարդկանց ընդհանուր սոցիալական վիճակը: Եթե մարդիկ լավ ապրեն, արվեստն էլ կնկատեն, իսկ արվեստին հերթ չի հասնում: Մարդիկ օրվա հացի խնդիր ունեն: Հիմա էլ լույսն են թանկացրել: Վրաստանին ավելի էժան են վաճառում, քան իրենց երկրին: Գնում ես Վրաստան, փողոցները լուսավոր են, էստեղ գիշերվա ժամը մեկից չի լուսավորվում: Պետությունն էլ ասում է, թե մենք վճարում ենք ձեր փոխարեն, ուր է թե վճարում են…Հիմա բոլորը բարոյազրկված են՝ պետությունը կառավարողներից մինչև հասարակ քաղաքացի:
-Կա՞ն նկարիչներ, որ ունևոր են, բայց էստեղ նկար են վաճառում:
-Չէ, էստեղ բոլորը օրվա հացի խնդիր ունեն: Դեռ ես ուրիշ տեղ աշխատանք ունեմ, կողքից էլ սա եմ անում: Մյուսները ընկնում են հաճախորդների ոտքի առաջ, ստորանում են, որ նկար վաճառեն: Մի բան էլ ասեմ, իսկական նկարիչները շաբաթ-կիրակի են այստեղ լինում, քանի որ մնացած օրերին նկարում են, մյուսները վերավաճառողներ են:
Անցյալ շաբաթ մեկը, որ նոր էր Անգլիայից եկել, էստեղ ելույթ էր ունենում: Ասում էր, որ տղաներս Անգլիայում են, տներ ունեն, իսկական կորիզը գնացել ա Հայաստանից, էստեղ մնացել են թափթփուկները, էստեղ նկարիչ չի մնացել: Պատահական մեկն էր, ուզում էր ասել, թե ինչ լավ են ապրում: Ոչինչ չկարողացա ասել, ի՞նչ ասես, իրոք մենք թափթփուկի կարգավիճակում ենք, որ հանդուրժում ենք էս ամենը: Ես էնքա՜ն վիրավորվեցի:
-Կասե՞ք ձեր անունը:
-Մարի:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել