HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Օգտվե՞ց, արդյոք, ՀՀ զբոսաշրջությունը ՌԴ-Թուրքիա «տնտեսական պատերազմից»

Նախորդ տարվա նոյեմբերի վերջին Սիրիայում՝ Թուրքիայի հետ սահմանին, թուրքական ռազմաօդային ուժերը խոցեցին Սիրիայում ՌԴ ավիախմբի կազմի մեջ մտնող Սու-24 ռմբարկու, որից հետո Թուրքիայի և Ռուսաստանի հարաբերությունները սրվեցին։

Ռուսաստանն անմիջապես հայտարարեց Թուրքիայի հետ ռազմական ոլորտում շփումները դադարեցնելու, ինչպես նաև՝ մի շարք տնտեսական պատժամիջոցներ  կիրառելու մասին։ Ավելի ուշ որոշ պատասխան պատժամիջոցներով հանդես եկավ նաև Թուրքիան։ Երկու կողմերի պաշտոնական վիճակագրությունն ու ոչ պաշտոնական վերլուծությունները ցույց են տալիս, որ այդ պատժամիջոցներից երկու երկրների տնտեսություներն էլ նկատելի վնասներ կրեցին։

Եվ միայն օրեր առաջ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ներողություն էխնդրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինից օդանավը խոցելու համար:  Դա հիմք հանդիսացել, որ Մոսկվան սկսի չեղյալ համարել Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցները։  Եվ արդեն հունիսի 29-ին Վ. Պուտինը հայտարարեց զբոսաշրջության ոլորտում կիրառված պատժամիջոցները հանելու մասին։ Ռուսաստանը խոստացել է, որ Թուրքիայի նկատմամբ տնտեսական բոլոր պատժամիջոցները փուլ առ փուլ կհանվեն։

Երբ նոյեմբերին հայտարարվեց, որ Թուրքիայի նկատմամբ Ռուսաստանը տնտեսական պատժամիջոցներ է սահմանում ու առաջին հերթին շեշտվեց թուրքական ապրանքների արտահանման արգելքը դեպի Ռուսաստան, մի շարք հայ արտահանողների դա նոր հույսեր տվեց։ Այլ կերպ չէր էլ կարող լինել, քան որ այդ պատժամիջոցները, փաստացի,  նոր հնարավորություն էին ընձեռել հայ արտահանողներին ռուսական շուկայում իրենց տեղը մեծացնելու կամ տեղ գրավելու համար։ Թեև ռուբլու արժեզրկումն այդ հարցում խոչընդոտ էր։ Ինչպես և հատկապես որ ապրանքների մասով Հայաստանը կարողացավ օգտվել այս իրավիճակից կամ օտգվե՞ց արդյոք, առավել ստույգ կիմանանք, երբ ՀՀ մաքսային ծառայությունը հրապարակի այս տարվա առաջին կիսամյակի արտահանման տվյալներն՝ ըստ երկների և ապրանքների։ 

Բայց ռուս-թուրքական տնտեսական կապերը միայն առևտրաշրջանառությամբ չեն սահմանափակվում։ Այս երկու  երկրները սերտ համագործակցում են նաև զբոսաշրջության, էներգետիկայի, շինարարության, մետալուրգիայի, ինֆորմացիոն տեխնոլոգիաների, բանկային, և այլ ոլորտներում։ Այս ամենից Հայաստանին հնարավորություն էր տրված օգուտ քաղել այն ոլորտներից, որոնցում Թուրքիան ապրանք կամ ծառայություն առաջարկողի դերում էր։ Իսկ օգտվելու համար Հայաստանը պետք է փորձեր, գոնեփոքր ծավալներով, ստանձնել այդ դերը։ Եվ առավել հավանական տարբերակներից մեկը զբոսաշրջությունն էր։

Թուրքիայի զբոսաշրջությունն՝ առավել ծանր հարված կրած ոլորտ

Ըստ որոշ գնահատականների՝ ռուսական պատժամիջոցների հետևանքով Թուրքական տնտեսության մեջ առավել մեծ հարվածը կրել է զբոսաշրջության ոլորտը։  

Բանն այն է, որ ռուս զբոսաշրջիկների հոսքը դեպի Թուրքիա ոչ թե սեզոնային բնույթ ունի, այլ՝ այն  նկատվում է ամբողջ տարին։ Ըստ Ռուսաստանի զբոսաշրջության դաշնային գործակալության՝ «Ռոստուրիզմ»-ի, 2015թ. Ռուսաստանից Թուրքիա է այցելել մոտ 3,5 մլն զբոսաշրջիկ։ Ընդ որում՝ Ռուսաստանից դեպի արտասահման զբոսաշրջիկների ամենամեծ հոսքը բաժին է հասել  Աբխազիային, երկրորդում Թուրքիան է։ Իսկ 2015-ի առաջին 9   ամիսների տվյալներով, երբ դեռ պատժամիջոցներ չէին կիրառվել,  առաջին տեղում Թուրքիան է եղել, երկրորդում՝ Աբխազիան։

Իսկ ինչ վերաբերում է Թուրքիայի վիճակագրությանն, ապա՝ Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարության տվյալներով՝ միայն այս տարվա ապրիլին այս երկիր է այցելել 1,75 մլն զբոսաշրջիկ։ 2015թ. նույն ամսվա համեմատ ցուցանիշը 28%-ով նվազել է։ Նվազում է արձանագրվել նաև նախորդ երեք ամիսներին։ Այսինքն՝ ռուսական պատժամիջոցների ազդեցությունը չի ուշացել։ Թեև Թուրքիայում զբոսաշրջիկների հոսքի նվազում նկատվել է նաև մինչև Ռուսաստանի հետ հարաբերությունների սրումը, սակայն  տնտեսական պատժամիջոցներից հետո անկումը խորացել է։ Ավելի վաղ թուրքական «Anadolu» լրատվական գործակալությունը, հղում  կատարելով երկրի պաշտոնական աղբյուրներին, հաղորդել է, որ Թուրքիայի զբոսաշրջության ոլորտի եկամուտները 2016թ. առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 16,5%-ով նվազել են:

Թուրքիա այցելող զբոսաշրջիկների թվում առաջին տեղերում սովորաբար գերամանացիներն են ու ռուսաստանցիները։ Սակայն, այս տարվա  տվյալներով՝ ռուսաստանցիները դուրս են եկել առաջին եռյակից։

Որոշ գնահատականներով՝ 1999թ. մայիսից հետո Թուրքիայում զբոսաշրջիկների թվի նման անկում դեռևս չէր գրանցվել։ Իսկ զբոսաշրջիկների թվի անկումն ուղղակիորեն նշանակում է նրանց միջոցով դեպի տվյալ երկիր արտարժույթի հոսքի նվազում, հյուրանոցային տնտեսության պասիվացում և այլն։

Մինչև հայտարարությունները, որ կիրառված պատժամիջոցները հանվում են, ըստ ռուսաստանյան մամուլի՝ տուրիստական գործակալությունների ներկայացուցիչները  կասկածներ են հայտնել, որ նույնիսկ պատժամիջոցների վերացումից հետո ռուս զբոսաշրջիկների հոսքը դեպի Թուրքիա չի կարող մեծ թափով վերադառնալ նախկին ցուցանիշին։ Հատկապես Ստամբուլի օդանավակայանում հունիսի 28-ի երեկոյան տեղի ունեցած ահաբեկչությունից հետո, որն անվտանգության ռիսկեր է առաջացնում զբոսաշրջիկների շրջանում։  

Իսկ ինչ ստացավ Հայաստանի զբոսաշրջության ոլորտը Թուրքիայի դեմ կիրառվող պատժամիջոցներից։ Արդյոք կարողացավ ավելացնել ռուս զբոսաշրջիկների հոսքը դեպի Հայաստան։ 

Օգտվե՞ց, արդյոք, ՀՀ զբոսաշրջությունը

Ըստ ՀՀ էկոնոմիկայի նախարարության՝ վերջին տարիներին Հայաստան ավելի շատ այցելում են զբոսաշրջիկներ Ռուսաստանից, Վրաստանից, Իրանից, հետո՝ եվրոպական երկրներից։

Եվ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, և ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը չունեն կոնկրետ տվյալներ, թե  այս տարվա առաջին եռամսյակում և 2015թ. նույն ժամանակաշրջանում Ռուսաստանից քանի զբոսաշրջիկ է այցելել Հայաստան, ինչը հնարավորություն կտար հստակ հասկանալ՝ նվազել, թե պակասել է զբոսաշրջիկների թիվը։ Հաշվարկման մեթոդաբանությամբ՝ զբոսաշրջիկների թիվն ըստ երկրների ամեն տարի հաշվարկվում է մոտավոր տոկոսի հիման վրա, սակայն  դա մեզ թույլ չի տալիս հստակ պարզել դինամիկան։

Փոխարենը կան ցուցանիշներ, որոնք պատկերացում  տալիս են  այդ դինամիկայի մասին։ Դրանցից մեկը Հայաստան այցելած և հյուրանոցներում  հանգրվանած զբոսաշրջիկների թիվն է։ Շեշտենք՝ միայն հյուրանոցներում տեղավորվածներինը։ Նկատի ունենանք, որ զբոսաշրջիկների մեծ մասն հանգրվանում է Հայաստանում գտնվող հարազատների տանը կամ վարձով բնակարաններում։

Այսպիսով, ըստ ՀՀ ԱՎԾ-ի՝ այս տարվա առաջին եռամսյակում հյուրանոցային տնտեսության օբյեկտներում հանգրավանել է Ռուսաստանից եկած ավելի քան 8 հազ. զբոսաշրջիկ։ 2015-ի նույն ժամանակաշրջանի նկատմամբ նրանց թիվն աճել է 5,6%-ով։

Մյուս ցուցանիշը Հայաստան ժամանած ՌԴ քաղաքացիների թիվն է։ Ինչպես տեղեկացանք ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից, այս տարվա առաջին եռամսյակում ՀՀ է ժամանել ավելի քան 75   հազար ՌԴ քաղաքացի։ Սաշուրջ  13%-ով գերազանցում է 2015թ. նույն ժամանակաշրջանի ցուցանիշը։ Բայց սա էլ չի կարող կոնկրետ արտացոլել զբոսաշրջիկների թիվը, քանի որ ժամանած քաղաքացիներից ոչ բոլորն են որպես զբոսաշրջիկ գալիս Հայաստան։ Մյուս կողմից էլ Ռուսաստանից եկող զբոսաշրջիկներից ոչ բոլորն են ՌԴ քաղաքացիներ։ Այսինքն՝ այս ցուցանիշը ևս ներկայացնում ենք մոտավոր պատկերացում կազմելու համար։Համեմատության համար՝ 2015թ. առաջին եռամսյակում, 2014-ի նույն ժամանակաշրջանի համեմատ, ՀՀ ժամանած ՌԴ քաղաքացիները թիվը 6%-ով պակասել էր։

Եվ երրորդ ցուցանիշը զբոսաշրջիկների ընդհանուր թիվն է։ Թեև այս տարվա առաջին եռամսյակում 2015-ի նույն ժամանակաշրջանի համեմատ Հայաստան այցելած զբոսաշրջիկների ընդհանուր թվի 8,6% աճ է գրանցվել, սակայն բացարձակ թվաքանակը մեծ չէ։ Այսպես, այս տարվա առաջին եռամսյակում զբոսաշրջիկների թիվը կազմել է 252 506, որը աճել է 19923-ով։ Այսինքն՝ եթե ռուսաստանցի զբոսաշրջիկների թվի զգալի աճ լիներ, ապա՝ ընդհանուր ցուցանիշը ևս զգալի կաճեր։

ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ  իրենց գնահատականներով՝ ընդհանուր առմամբ վերջին տարիներին Հայաստան եկող ռուսաստանցի զբոսաշրջիկների հոսքն ավելանում է։ Նրա խոսքով՝ այս տարվա առաջին եռամսյակում ևս աճ է նկատվել, սակայն կոնկրետ ցուցանիշներ չկան։

Ըստ Մ. Ապրեսյանի՝  Թուրքիայի նկատմամբ Ռուսաստանի տնտեսական պատժամիջոցները կարող են ազդած լինել աճի վրա, սակայն դա միակ նպաստող գործոնը չէ, քանի որ մինչ դա էլ ռուս զբոսաշրջիկների հոսքի աճ նկատվել է։

Այսպիսով, եթե հիմք ընդունենք վերը նշված ցուցանիշներն ու Մ. Ապրեսյանի գնահատականն, ապա այս տարվա առաջին եռամսյակում ռուս զբոսաշրջիկների թվի որոշակի աճ նկատվել է։ Երկրորդ եռամսյակի պատկերը դեռևս չունենք։  Բայց, ինչպես երևում է, ՀՀ  զբոսաշրջության ոլորտը, գոնե առաջին եռամսյակում, որը նշված պատժամիջոցների «թեժ» ժամանակաշրջանն էր, նշանակալի օգուտներ չի քաղել Ռուսաստան-Թուրքիա «տնտեսական պատերազմից»։Հակառակ դեպքում՝ թե հյուրանոցներում տեղավորված ռուսաստանցի զբոսաշրջիկների,  թե ՀՀ ժամանակ ՌԴ քաղաքացիների թվի և թե զբոսաշրջիկների ընդհանուր թվի աճն ավելի մեծ  կլիներ։

Այլ հարց է, թե ինչու օգուտները զգալի չեն եղել։ Գուցե, Հայաստանի զբոսաշրջային միջավայրն այքան գրավիչ չէ ռուսաստանցիների համար, գուցե այս ընթացքում համապատասխան արդյունավետ քայլեր չեն մշակվել նրանց գրավելու համար, գուցե պատժամիջոցների կիրառման ժամանակաշրջանն  էր կարճ ու ոչ նպաստավորայս հարցում…

Ու ևս մեկ փաստ՝ Հայաստանը ռուսաստանցի զբոսաշրջիկների թվով բավականին ցածր դիրքերում է այն երկրների ցանկում, որոնք ընդունում են նրանց։ Ըստ «Ռոստուրիզմ»-ի՝ 2015թ.զբոսաշրջության նպատակով Ռուսաստանի քաղաքացիների արտերկիր կատարած այցելությունների մասին հրապարակման (տես ինֆոգրաֆիկան)՝ Հայաստանն առանձին ցուցանիշով ներկայացված չէ, այլ՝ ընդգրկված է «Այլ երկրներ» տողում, որով միասին ներկայացվում է այն երկրների ցուցանիշները, որտեղ այցելած ռուսաստանցի զբոսաշրջիկների թիվը փոքր է։ Իսկ այս տարվա առաջին եռամսյակի տվյալները դեռևս հրապարակված չեն։  Առաջիկայում դրանք թույլ կտան հասկանալ, թե հրաժարվելով Թուրքիայի ծառայություններից՝ ռուսաստանցի զբոսաշրջիկների մի մասը որ երկիրն է նախընտրել։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter