«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վանաձորի խորհրդի լուծարումից հետո կազմավորվեց նոր խորհուրդ՝ նոր կազմով
Փաշինյան. «…Որևէ մեկը մեզ հետ չպետք է մաֆիա խաղա»
Հուլիսի 3-ին Վանաձորում անցկացվեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վանաձորի տարածքային կազմակերպության ժողովը: Ժողովի հիմնական նպատակը Վանաձորի տարածքային կազմակերպության նոր խորհրդի սետեղծումն էր: Նախորդ խորհուրդը, որն ստեղծվել էր 2016թ.-ի փետրվարի 28-ին, լուծարվել էր հունիսի սկզբին:
Նախ լուր տարածվեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության կողմից Վանաձորի տարածքային խորհուրդը լուծարելու մասին, ապա խորհրդի նախագահ Անդրանիկ Սերգոյանը, անդամներից 2-ը՝ Մարինե Պետրոսյանը, Քանաքարա Խանաղյանը, ինչպես նաև վերահսկող Մետաքսյա Դավթյանը հանդես եկան կուսակցությունից դուրս գալու մասին հայտարարությամբ: Հայտարարության մեջ մասնավորապես նշված էր.
«Այս որոշման համար հիմք են հանդիսացել վերջին օրերի իրադարձությունները, որի վերաբերյալ ՔՊԿ վարչությունը մասնավորապես հայտնել է հետևյալը`
- որ իբր Վանաձորի տարածքային կազմակերպության խորհրդի անդամները մյուս ընդդիմադիրների հետ բանակցություններ են վարել հնարավոր դաշինքի ձևավորման ուղղությամբ, և դա ներկայացվել է որպես «ծրագրային և կանոնադրական պահանջներն իրականացնելու, քաղաքական կամքի բացակայություն», այնինչ ՏԻՄ ընտրություններին մասնակցելու հետ կապված հարցերը, նույն կանոնադրության համաձայն և օրենքով նախատեսված կարգով տարածքային կազմակերպությունների խորհուրդների իրավասության հարցեր են:
- որ տարածքային կառույցի վերահսկող Մետաքսյա Դավթյանի ամուսինը` Մենուա Բրուտյանը, ով անկուսակցական է, համաձայնել է աշնանը Վանաձորում կայանալիք ՏԻՄ ընտրություններին հանդես գալ որպես «Ալյանս» կուսակցության առաջարկած ընդդիմադիր դաշինքի միասնական թեկնածու:
Նույնիսկ եթե ինչ-որ քննարկումներ եղել են, որը որևէ մեկը չի ժխտում, դրանք եղել են հանուն Վանաձորի բնակիչների և կուսակցության շահերի, որի վերաբերյալ ոչ մի որոշում չի կայացվել, և ոչ ոք այդ մասին հրապարակային հայտարարությամբ հանդես չի եկել:
Եվ ի վերջո, եթե նույնիսկ տարածքային կազմակերպության որևէ անդամ որևէ պահի դիցուք խախտել է կանոնադրությունը, այն չի կարող հիմք հանդիսանալ վարչության կողմից տարածքային կազմակերպության լուծարման համար:
Կարծում ենք` Վանաձորի տարածքային կազմակերպությունը լուծարելու որոշում կայացնողներն իրենք էլ չեն պատկերացրել, որ նման որոշումը կարող է մեծ հակազդեցության արժանանալ ոչ միայն Վանաձորի տարածքային կազմակերպության անդամների, այլև մյուս տարածքայինների անդամների կողմից:
Բնական և հասկանալի է կուսակցության այն անդամների անհանգստությունը, ովքեր իրենց անհամաձայնությունն ու մտահոգությունն են արտահայտում այս և համանման հարցերի վերաբերյալ, քանի որ նրանցից յուրաքանչյուրը դրանով փորձում էր շտկել իրավիճակն ու բարձրացնել ներքին ժողովրդավարության մակարդակը, որպեսզի գործընթացները ճիշտ ուղղությամբ զարգանային:
Ցավոք, այդ ամենն ապարդյուն էր, քանի որ այս օրերի ընթացքում վարչության անդամներն ունեին հնարավորություն վերանայել և չեղարկել այդ անհիմն և անօրինական որոշումը: Ստեղծված իրավիճակում չենք տեսնում կուսակցության ներսում առողջ աշխատանքային մթնոլորտ, իսկ վարչության առերևույթ հանրապետականից չտարբերվող աշխատելաոճի պայմաններում անիմաստ ենք համարում մեր անդամակցությունը:
Այսուհանդերձ, մենք հետ չենք կանգնում այն մտքից, որ Վանաձորի ՏԻՄ ընտրություններում իշխանափոխության միակ ճանապարհը ընդդիմադիր դաշտի միասնական ճակատով` դաշինքով մասնակցելն է` մի կողմ դնելով նեղ կուսակցական շահերը: Ուստի ողջունում ենք «Ալյանս» կուսակցության կողմից առաջարկվող դաշինքի գաղափարը և մեր աջակցությունն ենք հայտնում: Կոչ ենք անում ընդդիմադիր բոլոր կուսակցություններին համախմբվել մեկ դաշինքով ընտրություններում հանդես գալու գաղափարի շուրջ»:
Այս հայտարարությունը ստորագրել են Վանաձորի` լուծարված տարածքային կառույցի խորհրդի նախագահ Անդրանիկ Սերգոյանը, վերահսկող Մետաքսյա Դավթյանը, խորհրդի անդամներ Մարինե Պետրոսյանը և Քանաքարա Խանաղյանը:
Ինչ վերաբերում է հարցի հետ կապված ՔՊ կուսակցության վարչության տեսակետին, այսօր Վանաձոր կատարած այցի ժամանակ վարչության անդամ Նիկոլ Փաշինյանն ասաց հետևյալը.
«Կուսակցության վարչությունը դժգոհ է եղել կուսակցության Վանաձորի տարածքային կազմակերպության գործունեությունից և որոշում է կայացրել լուծարել Վանաձորի տարածքային կազմակերպությունը և այդ կոնտեքստում մի քանի մարդկանց կուսակցությունից հեռացնելու հարցը հայտնվել է կուսակցության վարչության օրակարգում: Այն մարդիկ կամ առնվազն նրանց մի մասը, ովքեր իմացել են, որ իրենց՝ կուսակցությունից հեռացնելու հարցը դրված է կուսակցության վարչությունում, հայտարարել են, որ իրենք հեռանում են կուսակցությունից: Էս ա ամբողջ պատմությունը»:
Վերջինիս դիտարկմամբ՝ նախկին տարածքային կազմակերպությունում կային մարդիկ, ովքեր ոչ թե նպաստում էին, որ կուսակցության անդամների թիվը մեծանա, այլ խոչընդոտում էին և խորհդի առջև դրված խնդիրները ոչ միայն չեն լուծվել, այլև ավելի են խորացել:
Խորհրդի լուծարումից մոտ մեկ ամիս անց Ն. Փաշինյանը վստահորեն փաստում է՝ դա առողջ ու ճիշտ որոշում էր: Խորհրդի լուծարման հետ կապված մեր ճշգրտող հարցին Ն. Փաշինյանը պատասխանում է․ «Կուսակցությունն ունի կանոնադրություն և բոլոր անդամները պետք է մնան կուսակցության կանոնադրությանը հավատարիմ: ՔՊ-ն իր բնույթով, իր ստեղծման պատմությամբ էականորեն տարբերվում է ՀՀ-ում ստեղծված մյուս կուսակցությունենրից: ՔՊ-ն բաց հրավեր է ՀՀ քաղաքացիներին: Մենք ՀՀ բոլոր քաղաքացիներին վերաբերում ենք վստահությամբ, քանի դեռ մեզ անվստահության կոնկրետ պատճառներ չեն տվել:Այսինքն՝ մենք մեր կուսակցականներին ասում ենք՝ սա բաց ժողովրդավարական կառույց է, բայց որևէ մեկը, կներեք արտահայտության համար, մեզ հետ չպետք է մաֆիա խաղա: Ով կփորձի մեզ հետ մաֆիա խաղալ, իր հետ տեղի կունենա… համենայն դեպս ինքն այս կուսակցությունում չի մնա»:
Խորհրդի լուծարման պատճառների թվում շրջանառվում էր նաև այլ կուսակցությունների, մասնավորապես «Ալյանսի» հետ համագործակցության և մեկ ընդհանուր դաշինքով ընտրություններին մասնակցելու հարցի քննարկումը, որի Լոռու տարածքային խորհրդի ղեկավարը Մենուա Բրուտյանն է, ՔՊ կուսակցության Վանաձորի տարածքային խորհրդի վերհսկողի՝ Մետաքսյա Դավթյանի ամուսինը:
«Այո, եղել են դեպքեր, երբ մեր տարածքային կազմակերպության խորհրդի որոշ անդամներ գործել են ոչ թե որպես ՔՊ կուսակցության ղեկավար մարմնի ներկայացուցիչ, այլ որևէ այլ կուսակցության ոչ ղեկավար մարմնի ներկայացուցիչ և նաև դա է եղել լուծարման պատճառներից մեկը»,- անկեղծանում է Ն. Փաշինյանը:
Հուլիսի 3-ին նոր խորհրդի կազմավորման համար իրենց թեկնածությունն առաջադրեցին կուսակցության թվով 11 անդամներ: Քվեարկության արդյունքում 9 անդամից կազմված նորաստեղծ խորհրդի կազմում ընդգրկվեցին Արամ Խաչատրյանը, Բաբկեն Կարապետյանը, Տիգրան Գյոկչակյանը, Ասքանազ Հովհաննիսյանը, Անդրեյ Ղուկասյանը, Անի Ասատրյանը, Անուշավան Խառատյանը, Թագուհի Մկրտչյանը, Սարգիս Բալոյանը: Որպես վերահսկող ընտրվեց 69-ամյա Նվարդ Ավետիսյանը:
Ի դեպ, Բաբկեն Կարապետյանը և Անի Ասատրյանը նախկին խորհրդի անդամներից են: Խորհրդի լուծարումից հետո նրանք, ի տարբերություն մյուս անդամների, չեն հեռացել կուսակցությունից: Վերջինս չի հերքում, որ «Ալյանսի» հետ մեկ ընդհանուր դաշինքով ընտրություններին մասնակցելու մասին քննարկումներ եղել են:
«Տարածքային կառույցը ոչ թե որոշել էր, այլ խոսակցություններ էին գնում Վանաձորում ընդդիմադիր համարվող որոշ ուժերի հետ դաշինքով գնալ ընտրությունների, «Ալյանսի» հետ էլ: Սակայն վարչությունն այդ տեսակետը չի ընդունել բնականաբար, որովհետև այն հակասում է որդեգրած քաղաքականությանը:Տարբեր աշխատանքային քննարկումների արդյունքում քանի որ խորուրդը չեկավ այն համոզման, որն ունի կուսակցության վարչությունը, վարչությունը որոշեց լուծարել խորհուրդը: Որոշ մարդիկ դա ընդունեցին ոչ թե որպես աշխատանքային գործընթաց, այլ ընդունեցին որպես անձնական ինչ-որ բան…Ինքս մտածում էի, որ տեղական մակարդակում հնարավոր է արժե համագործակցել, սակայն դա իմ համար սկզբունքային չի եղել ու վարչության հետ բանակցությունների արդյունքում ես հակվեցի վարչության տեսակետին ու որոշեցի մնալ»,- ասում է Անին:
Խորհրդի կազմում ընդգրկված Արամ Խաչատրյանը Վանաձորի ավագանու անդամ է: ՔՊ կուսակցությաննանդամակցում է այս տարվա փետրվարից:
«Նախ, ես հավատում եմ, որ ՔՊ-ը իրական ընդդիմություն է և երկրորդ բոլոր կուսակցություններն է լ ունեն հրաշալի ծրագրեր, հրաշալի գաղափարախոսթյուն, այստեղ շատ կարևոր է, թե ովքեր են իրականացնելու այդ ծրագրերը և ինչ ճանապարհ են անցել այդ մարդիկ: Նիկոլ Փաշինյան, Սասուն Միքայելյան… Այս ցանկը կարելի է շատ երկար շարունակել: Ես լավ եմ ճանաչում իրենց և վստահ եմ, որ այն ծրագրերը, որ մենք ունենք, մոտ ապագայում կարող ենք կյանքի կոչել»,- կուսակցության կազմում ընդգրկվելն է հիմնավորում ավագանու անդամը:
Մինչ հուլիսի 6-ը ՔՊ կուսակցության Վանաձորի խորհուրդը պետք է ներկայացնի խորհրդի նախագահի իրենց թեկնածուին:
Գայանե Սարգսյան
Մեկնաբանել