Ժամկետային զինծառայողը զոհվել է հակառակորդի կրակոցից
Նոյեմբերի 19-ին՝ ժամը 08:40-ի սահմաններում՝ Պաշտպանության բանակի հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում հերթապահություն իրականացնելու ժամանակ, թշնամու դիպուկահարի արձակած կրակոցից զոհվել է ժամկետային զինծառայող, 1992թ. ծնված Արեն Արմենի Սիմոնյանը:
ՊԲ լրատվության և քարոզչության բաժինը հայտնում է, որ դեպքի հետ կապված մանրամասները ճշտվում են, կատարվում է քննություն:
Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների՝ անցած շաբաթվա ընթացքում ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում թշնամին հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 150 անգամ:
Ադրբեջանական բանակի առաջապահ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից ղարաբաղյան դիրքերի ուղղությամբ արձակել են ավելի քան 1000 կրակոց:
Առավել ինտենսիվ խախտումներ են արձանագրվել հատկապես նոյեմբերի 13-ին և 19-ին: Միայն այդ երկու օրվա ընթացքում թշնամին հայկական դիրքապահների ուղղությամբ արձակել է մոտ 500 կրակոց, որից շուրջ 70-ը՝ «СВД» և «Սև նետ» դիպուկահարային հրացաններից:
Բացի հրադադարի ռեժիմի խախտման դեպքերից՝ ՊԲ հակաօդային պաշտպանության հերթապահ ուժերը թշնամու օդային տարածքում հավաստանշել են նաև ադրբեջանական օդուժին պատկանող անօդաչու թռչող սարքերի թռիչքներ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել