
Ինչպես չխոսել Իսրայելի ու Հայաստանի մասին
Մելանի Նաղաշյան
«Արդյո՞ք Հայաստանը պետք է նմանվի Իսրայելին․ եթե այո՝ ինչպե՞ս և ի՞նչ է նշանակում նմանվել Իսրայելին»:
Սրանք էին այն հարցերը, որոնք քննարկման էին դրված հունիսի 27-ին Հայաստանի Ամերիկյան Համալսարանում (ՀԱՀ) կազմակերպված մասնագիտական քննարկմանը՝ «Զուգահեռներ Հայաստանի ու Իսրայելի միջև․ մտորումներ հայաստանյան ընթացիկ դիսկուրսի շուրջ»։
Որպես ամերիկահայ, ով նախկինում աշխատել է Իսրայելում և ներկայում բնակվում է Հայաստանում և պատրաստվում է վերադառնալ Իսրայել ուսանելու նպատակով, ես հիշյալ հարցերին ունեմ իմ անվարան պատասխանը՝ միանշանակ ո՛չ։
Հայաստանի համար Իսրայելին նմանվելը ոչ միայն խելացի չի լինի, այլ պարզապես՝ անհնարին։ Հարցին այլ կերպ են անդրադառնում հայաստանյան զանգվածային լրատվամիջոցները, որոնք գրում են, որ նման մոտեցումը հիանալի կլիներ։ Այս մտքին համամիտ էին նաև քննարկմանը մասնակցող հայաստանյան ակադեմիական ոլորտի ներկայացուցիչները։
Ինձ թվում է, սակայն, որ եթե ակադեմիական պատերից են հնչում այնպիսի անհիմն և թյուր ուղերձներ, ինչպես ԶԼՄներից, ապա ակադեմիական ոլորտն իր աշխատանքը լավ չի կատարում։ Մասնագիտական քննարկման չորս մասնակիցներից երկուսը Հայաստանի գիտական և համալսարանական ոլորտից էին՝ Ալվինա Հովհաննիսյան՝ Երևանի պետական համալսարանի դասախոս և Հարություն Մարության՝ Գիտությունների ազգային ակադեմիայի գիտաշխատող և ԵՊՀ դասախոս։
Քննարկման մյուս երկու մասնակիցները ամերիկահայեր էին՝ Մարգար Մելքոնյանը՝ Կալիֆորնիայում ապրող գրող և դասախոս, և Նենսի Գրիգորյանը՝ Նյու Յորքում ապրող գրող և ակտիվիստ։ Նրանք քննարկմանը մասնակցում էին վիդեո֊կամուրջի միջոցով։ Քննարկման ընթացքում Մարգար Մելքոնյանն ու Նենսի Գրիգորյանը ցուցադրում էին իրենց բազմակողմանիորեն տեղեկացված մոտեցումը, որ Իսրայելը Հայաստանի համար իրատեսական մոդել չի կարող լինել, մինչդեռ մյուս երկու խոսնակներից ելույթներից պարզ էր, որ նրանք այնքան էլ տեղյակ չեն իրավիճակին և անտեսում են երկու ազգերի միջև գոյություն ունեցող հիմնարար տարբերությունները։
ՀԱՀ-ից ես և շատերը դուրս եկանք հիասթափված․ մեզ համար անսպասելի էր, որ մասնագիտական քննարկման մասնակցող դասախոսներ Մարությանն ու Հովհաննիսյանը կարող են այդքան թերտեղեկացված լինել և ում փաստարկները կարող են այդքան թույլ լինել։ Հիասթափեցնող էր նաև, թե ինչպես էր քննարկումը վարում ՀԱՀ դասախոս Գրիգոր Արեշյանը, ով կարծում էր, թե ինքն էլ խոսնակներից մեկն է («Այս քննարկմանը մասնակցողներից միայն ես եմ պատմաբան»)։
Ուրիշները զայրացած էին, որ ստիպված են լսել Պաղեստինի մասին․ կարծես՝ հնարավոր է Իսրայելն ընկալել առանց Պաղեստինին անդրադառնալու։ Նրանք հավանաբար կցանկանային, որ ամերիկահայ խոսնակներն իրենց բերանները չբացեին և չմերկացնեին ոմանց առասպելային պատրանքները, թե Հայաստանը երբեէ կարող է «դառնալ Իսրայելի պես պետություն»։ Քննարկմանն առաջինը ելույթ ունեցավ Մարգար Մելքոնյանը, ով մատնանշեց երկու փոխկապակցված նկատառում, որոնք ցույց են տալիս, թե որքան աբսուրդային է առաջարկել Հայաստանին նմանվել Իսրայելին։
Նախ, ի տարբերություն Հայաստանի, Իսրայելը գաղութարար նորաբնակների պետություն է։ Հայաստանում գտնվողները, որոնք հիանում են Իսրայելի համախմբվածությամբ և համեմատական կայունությամբ «անտեսում են այն փաստը, որ դա մասամբ պայմանավորված է Իսրայելում գործող համակարգային ապարտեիդով»։
Երկրորդ, Իսրայելը «մեծապես ռազմականացված կայազորային պետություն» է, մինչդեռ նրանով հիացող հայերը այն ընկալում են որպես ինքնապավինման մոդել։ «Դժվար կլինի աշխարհում գտնել ավելի կախյալ պետություն, քան Իսրայելն է», պնդեց Մելքոնյանը՝ բացատրելով, որ Իսրայելը կախված է ԱՄՆ հարկատուների հաշվին ամեն տարի Իսրայել փոխանցվող միլիարդավոր դոլարներից, տեխնոլոգիաների տրանսֆերներից, մաքսային արտոնություններից, դիվանագիտական պաշտպանությունից։
Մելքոնյանը դրական էր գնահատում, որ Հայաստանը երբեք չի կարող գործել որպես կայազորային պետություն՝ հիմնականում իր տեղադիրքի և տնտեսական վիճակի պատճառով։ «Ամբողջովին անիրագործելի նպատակների ջատագորվումը կարող է խիստ վտանգավոր լինել փոքր, աղքատացած պետության համար, ինչպիսին Հայաստանն է», եզրակացրեց Մելքոնյանը։ «Ակնածանքը մի վարչակարգի նկատմամբ, որը մեծապես ասոցացվում է համընդհանուր անարդարության հետ, վնաս է մեր դիվանագիտությանը, վնաս է մեզ ամենաշատը սատարող հարևանների հետ հարաբերություններին և ընդհանրապես՝ հայկական դիվանագիտության հռչակված նպատակներին»։ Քննարկմանը մասնակցող պարոն Մարությանի հարցը խոսնակին (եթե այն հռետորական չէր, իհարկե) մատնեց Իսրայելի մասին նրա սահմանափակ տեղեկացվածությունը։
Հարցն այսպիսին էր․ «Իսրայել պետությունում մեր օրերում կա՞ն ռասիստական օրենքներ»։ Պատասխանեց Նենսի Գրիգորյանը՝ հղում կատարելով մի կազմակերպության կայքի («Ադալահ», Իսրայելի արաբ փոքրամասնության իրավունքների իրավական կենտրոն), որտեղ կարելի է ծանոթանալ ավելի քան 50 իսրայելական խտրական օրենքների մասին տվյալների բազայի, որոնք ի միջի այլոց՝ տարածվում են նաև Իսրայելում բնակվող հայերի վրա։
Պարոն Մարությանի անտեղյակությունն ավելի ցցուն դարձավ հենց իր ելույթի ժամանակ, որը վերաբերում էր հայ և հրեա ինքնությունների կառուցվածքներում ցեղասպանության հիշատակի վրա։ Համեմատելով Իսրայելի պետական՝ «Հոլոքսթի և հերոսականության հիշատակի օրը» Հայաստանի «Հայոց ցեղասպանության հիշատակի օրվա» հետ՝ նա փորձեց պնդել, որ հրեաների հավաքական հիշատակում զոհ լինելն ավելի քիչ է շեշտադրված, ուստի դրանից ելնելով՝ Հայաստանում լավ կլինի հիշատակի օրը վերանվանել և կիզակետում պահել ցեղասպանության ժամանակ տեղի ունեցած դիմադրությունը։ Իրականում, Իսրայելում այդ օրը խոսակցական լեզվում կոչվում է Յոմ ՀաՇոահ՝ Հոլոքոսթի հիշատակի օր։
Իսրայելում ապրած երկու տարիների ընթացքում այս օրը չեմ հիշում, որ նշվի հերոսների մասին հատուկ հիշատակումներով (ի տարբերություն Հայաստանում Մուսա լեռան դիմադրությունն ամեն տարի շուքով նշող տոնակատարության)։
Մարությանն անտանելիության աստիճանի անտեղյակ էր, թե ինչ շահութաբեր ոլորտի է վերածվել Հոլոքոսթը, ինչպես է դրա իսկական հիշատակը շահագործվում՝ հանուն Իսրայելի քաղաքական շահերի։ Որպես ապացույց՝ կարելի է պարզապես ուսումնասիրել վարչապետ Նեթանյահուի ելույթները հիշատակի այդ օրը։ Օրինակ՝ 2013թ․ նա ասում էր․ «Հրեաների նկատմամբ մահաբեր ատելությունն աշխարհում չի վերացել, այն պարզապես փոխակերպվել է հրեական պետության նկատմամբ մահաբեր ատելության»։ Այս ուղերձը նա շարունակաբար կրկնել է նաև 2014թ․, ինչպես նաև հաջորդ տարի։
Ամեն դեպքում՝ քննարկման ամենահիասթափեցնող մասնակիցը երբայագետ Ալվինա Հովհաննիսյանն էր (նկարում)։ Երբ լսեցի, որ նա որոշ ժամանակ է անցկացրել Իսրայելում և պատրաստվում է խոսել իբրև «ականատես», հույս ունի արժեքավոր մտքեր լսել։ Ցավոք․․․
Նրա ասածներից ամենախնդրահարույցը, սակայն, այն պնդումն էր, թե «Իսրայելն իրականում ռազմականացված չէ» , փոխարենը՝ նրանց բանակը «սոցիալականացված է» , ինտեգրված հասարակությանը և կրթական ծրագրերին։ «Բանակը հասարակությունից մեկուսացված չէ․․․ Մենք նրանց [զինվորներին] ամենուր տեսնում ենք», հիշեց Հովհաննիսյանը։
Ես հարց ունեմ․ գաղափար ունի՞ արդյոք եբրայագետը, թե «ռազմականացումն» ընդհանրապես ինչ է նշանակում։ Թույլ տվեք՝ ինքս գուգլով որոնման արդյունքներից մեկը ներկայացնեմ՝ «ռազմականացումը գործընթաց է, որի միջոցով հասարակությունն ինքն իրեն կազմակերպում է ռազմական բախման և բռնության»։
Ելույթից հետո Գրիգորյանը Հովհաննիսյանին հարցրեց, թե արդյո՞ք տեղյակ է, թե ինչպիսի խտրականության է բախվում Երուսաղեմի հայկական թաղամասի (մաղվող) հայ բնակչությունը։ Հովհաննիսյանը պատասխանեց՝ հավասարեցնելով սիոնիզմով պայմանավորված խտրականությունը, այսինքն՝ ռասիզմը, Հայաստանում դասակարգային շահագործմամբ պայմանավորված խնդիրներին։
Այս հարցի կապակցությամբ լսարանում մի կին խոսեց, որ ինքն էլ խտրական վերաբերմունքի է ենթարկվում կարճ շրջազգեստ հագնելով (կարծես՝ ապարտեիդ ամենուր կարող է տեղի ունենալ), այնուհետև հարցրեց, թե արդյո՞ք Հայաստանը կարող է Իսրայելից դասեր քաղել, օրինակ՝ կոռուպցիայի դեմ պայքարի հարցում։Հովհաննիսյանն այս անգամ նույնպես դրսևորեց ակնհայտ տգիտություն՝ նշելով, թե իր «ընդհանուր տպավորությունն է», որ «Իսրայելում կոռուպցիա չկա» կամ «ավելի քիչ քանակության է կոռուպցիան»։
Սրան անմիջապես արձագանքեց Գրիգորյանը՝ հիշեցնելով, որ վերջերս սկանալային աղմուկ բարձրացրած հարցերից է վարչապետ Բենյամին Նեթանյահուի կնոջ՝ Սարա Նեթանյահուի կողմից պետական միջոցները յուրացնելու կոռուպցիոն բացահայտումը, որն Իսրայելում բարձրաստիճան պաշտոնյաների հետ կապված աղմկալից կոռուպցիոն գործերից մեկն է միայն։
Քննարկման վերջին խոսնակը Նենսի Գրիգորյանն էր, ով հենց սկզբից նշեց, որ իսրայելական կառավարության քաղաքականությունը քննադատելը չի կարող հակասեմիթականություն համարվել։ Նա ներկայացրեց իր «Նամակ Պաղեստինին՝ հայկական ասացվածքներով» բանաստեղծությունը և խոսեց, թե որպես Միացյալ Նահանգներում ապրող հայ ինչ զուգահեռներ է տեսնում հրեական սփյուռքի հետ, նաև ինչպես է նույնականացնում իրեն և իր նախնիների պատմությունը պաղեստինյան պայքարի, ունեզրկման և էթնիկ զտման լուսանցքավորված պատումի հետ։
Այնուհետև Գրիգորյանը պատմեց, թե սփյուռքում ինչպես է հաճախ բախվում խոսակցությունների, թե սփյուռքի հայկական կազմակերպությունները պետք է նմանվեն AIPAC-ին (Իսրայելի հանրային հարցերի ամերիկյան կոմիտե), որը իսրայելամետ լոբիստական կազմակերպություն է՝ ամերիկյան քաղաքականության վրա վախենալի ազդեցությամբ։ Նա նաև նշեց, որ լինելով «Էյ-Թի- Փի» (Հայկական ծառատունկ) կազմակերպության գործադիր կոմիտեում՝ հաճախ է լսում, որ այս կազմակերպությունը համեմատելի է Հրեական ազգային հիմնադրամի (Jewish National Fund) հետ, մինչդեռ վերջինս «սիոնիստական կազմակերպություն է, որը բռնագրավված պաղեստինյան տարածքներում ոչ բնիկ ծառատեսակներ է տնկում», իսկ «Էյ-Թի- Փի»-ն Հայաստանում տնկում է բնիկ և ոչ ինվազիվ ծառատեսակներ։
Երբ Հովհաննիսյանը փորձեց համեմատել, որ պաղեստինցիները չեն կարող վերադառնալ գրավված տարածքներ նույն կերպ, ինչպես ադրբեջանցիները չեն կարող ապրել Լեռնային Ղարաբաղում, Գրիգորյանը նշեց, որ թեև այս հակամարտությունները տարբեր են, սակայն նմանատիպ ընդհանրության հիմքը ազգ-պետության գաղափարն է և որ խտրականությունը հենց դրանից է բխում՝ հատկապես պատերազմական ներկայիս իրավիճակում։
Լսարանում ներկա Սևան Պուլենը՝ ֆրանսիացի ուսանող, ինձ հետ զրույցում նշեց, որ իր համար քննարկման ամենակարևորը միտքը հնչեցրել էր Նենսի Գրիգորյանը, մասնավորապես, որ Իսրայելի քննադատությունը չի կարող հավասարվել հակասեմիթականության։ «Դա իսկապես պետք է ասվեր, մարդիկ կարծես շփոթում են դրանք», ասաց Պուլենը։ «Այստեղ ուսուցիչները պետք է զարգացնեն քննադատական միտք, սակայն նրանք չեն մտածում ու հարցադրումներ չեն անում»։
Եվ իսկապես, տեղացի ակադեմիականների (և հատկապես քննարկումը վարելու փորձ անող Գրիգոր Արեշյանի) ուղերձը, ինչպես նաև լսարանից հնչած շատ մտքեր ըստ էության վերարտադրում էին զանգվածային լրատվամիջոցների ուղերձները։ Հատկապես վերջին ամիսներին՝ «չորսօրյա պատերազմից» հետո հայաստանյան լրատվամիջոցները հիմնականում փոխանցում էին այս միտքը․ «Հայերը, ինչպես և հրեաները, օրհնյալ ազգ են, որոնք ենթարկվել են ցեղասպանության, հիմա՝ ապրելով մի տարածքում, որը չունի բնական պաշարներ և որը շրջապատված է թշնամիներով, հայերը սփյուռքի օգնությամբ կարող են և պետք է հետևեն Իսրայելի մոդելին՝ տնտեսապես, ռազմականապես և դիվանագիտորեն»։
Այսպիսի առասպելին հավատալը նշանակում է ասել՝ «եթե իրենք կարող են, ինչու՞ մենք էլ չփորձենք» ու փակել ականջները բոլոր նրանց խոսքերին, ովքեր բացատրում են, թե ինչու դուք չեք կարող դա անել։ Եթե ո՛չ փողոցում հանդիպող սովորական քաղաքացիները, ո՛չ էլ համալսարանական և գիտական շրջանակի ներկայացուցիչները տեղյակ չեն Իսրայելի ու Պաղեստինի մասին բազային փաստերին, ապա էթնիկ զտման և տարածքային վեճի հիման վրա տարվող մակերեսային զուգահեռները (որոնք Մարգար Մելքոնյանը բացատրեց, որ յուրատիպ չեն ու աշխարհում բազմաթիվ տարածքներում են պատահում) պետք է որ բավարար լինեն այսպիսի սխալ վերլուծություններ առաջ մղելու համար։
Իսրայելին նմանվելու դիսկուրսը կարծես ԶԼՄներում տարածվում է ռազմավարական պահերին։ ԱրմՔոմեդի հեռուստաշոուի վարող Սերգեյ Սարգսյանն ինձ հետ զրույցում նշեց, որ «Իսրայելի մոդելը առաջ է քաշվում ամեն անգամ, երբ սահմանին իրավիճակը լարվում ու թեժանում է»։
Քննարկմանը ներկա մեկ ուրիշ քաղաքացի՝ Աննան Շահնազարյանն էլ նշեց, որ ԶԼՄ֊ների տարածած դիսկուրսը հիմնված է «ազգայնականության և իշխող քաղաքական ուժի հզոր դիսկուրսի վրա, որի իրական նպատակն է խթանել ռազմական ոլորտին առնչվող բիզնեսներ, ինչը արդարացված կլինի Իսրայելին նմանվելու առասպելական տեսլականով»։ Նա նաև նշեց, որ Իսրայելին նմանվելու դիսկուրսը տարածված է նաև Ադրբեջանում, ու առաջարկեց, որ բոլոր նրանք, ովքեր համարում են, թե Հայաստանը պետք է ձգտի նմանվել Իսրայելին, փոխարենը դիտարկեն Թուրքիային կամ Ադրբեջանին նմանվելու փորձը։
Թեև որպես մի մարդ, ով խորապես կապված է Հայաստանի, Իսրայելի ու Պաղեստինի հետ, ես հիասթափվեցի միջոցառումից, սակայն մեծապես շնորհակալ եմ, որ այն առաջացրեց քննարկման այս կայծը։ Շատ կուզեի, որ Ամերիկյան համալսարանը շարունակեր քննարկումներ կազմակերպել՝ այս անգամ նաև Իսրայելում բնակվող հրեաների, ինչպես նաև պաղեստինցիների մասնակցությամբ (և անշուշտ՝ ավելի լավ վարողով)՝ անդրադառնալով հետևյալ հարցերին․
Ի՞նչ տարբերություններ ու ընդհանրություններ կան պաղեստիցիների և հայերի միջև։
Ի՞նչ է պատըահում Իսրայելում և Պաղեստինում բնակվող հայերին։
Ի՞նչ կարող են հայերը սովորել պաղեստինյան պայքարից։
Ի՞նչ կարող են հայերը սովորել այն իսրայելցիներից, ովքեր խոսում են բանակային իրենց ծառայության մասին։
Ի՞նչ կարող են հայերը սովորել Իրայելում, Պաղեստինում և աշխարհով սփռված այլ հրեա և պաղեստինցի խաղաղության ակտիվիստներից։ Որո՞նք են նրանց ստրատեգիաները, ի՞նչ մարտահրավերների են բախվում։
Ի՞նչ կարող են հայերը սովորել իրայելցի և պաղեստինցի տեղացի լրագրողներից, որոնք փորձում են դիմակայել միջազգային ԶԼՄ-ների կողմից իրենց իրավիճակի պատկերմանը։
Սրանք հարցադրումներ են, որոնց զանգվածային լրատվամիջոցները երբեք չեն անդրադառնա, սակայն հենց սրանք են, որ քննարկման են արժանի։
(Մելանի Նաղաշյանը Նյու Յորքից է, ներկայումս ապրում է Երևանում, ներգրավված է միջազգային տարբեր քաղաքական, լրագրողական, բնապահպանական նախաձեռնություններում)
Մեկնաբանություններ (11)
Մեկնաբանել