Ջրաշենում տարբերակված մոտեցում են ցուցաբերում հայտնաբերված խախտումների վերացման հարցում
Գայանե Սարգսյան
Ջրաշենից Լոռու մարզպետարանի վարչական հսկողություն իրականացնող հանձնաժողովին են խաբում, հանձնաժողովն էլ` մարզպետի՞ն
Լոռու մարզի Ջրաշեն համայնքում ավագանու անդամներն իրենց հատկացվող ֆինանսական աջակցության տակ ստորագրել են ու համայնքային բյուջեից ստացել 45.000-ական դրամ: 2015թ.-ի վերջին համայնքի թվով 6 ավագանու անդամներին որպես ֆինանսական աջակցություն տրամադրվել է ընդհանուր առմամբ 270.000 դրամ:
Լոռու մարզպետարանի վարչական հսկողություն իրականացնող հանձնաժողովի կողմից այս տարվա առաջին եռամսյակում այս խախտումը հայտնաբերվել ու ներկայացվել է համայնքի ղեկավարին:
«Մենք չգիտեինք էլի, մարդ են, աշխատում են, ասի գոնե իրանց նոր տարվա կապակցությամբ բան անեմ, էն էլ ասին խախտում ա»,- ասում է Ջրաշենի համայնապետ Վահան Ուռուսյանն ու վստահեցնում, որ խախտումը հայտնաբերելուց հետո այդ գումարները հետ են վերադարձվել համայնքային բյուջե:
Ավագանու անդամ Հայկ Խալաթյանը, թեև մյուս ավագանու անդամների պես հետ է վերադարձրել հատկացված գումարը, սակայն դժգոհ է մնացել վերահսկող հանձնաժողովի կայացրած որոշումից:
«Բա մեզ ոչ մի բան չի հասնո՞ւմ: Ավագանիներին չի հասնո՞ւմ, հա՞, փող կամ բան»,- ինձ է հարցնում երկրորդ անգամ վերընտրված ավագանու անդամը: Ստիպված՝ շուրջ 8 տարվա ավագանու անդամին բացատրում եմ օրենքի պահանջը:
«Էդ մի անգամն ա եղել, էդ էլ հետ պահեցին,- ասում է նա՝ նշելով, որ ավագանու անդամներն էլ են անապահով,- աշխատանք չկա, բան չկա, ո՞նց պիտի էղնեն: Մենակ հողի եկամուտն ա»:
![]() |
Վարչական հսկողություն իրականացնող հանձնաժողովը խախտումներ էր հայտնաբերվել նաև «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի, 21-րդ հոդվածի 1- ին մասի 7-րդ կետի մասով, ըստ որի օրենքը նախատեսում է տարվա ընթացքում ավագանու նիստերի ավելի քան կեսից բացակայած ավագանու անդամների լիազորությունների դադարեցում:
Վարչական հսկողություն իրականացնողներն առաջակել են իրականացնել օրենսդրությամբ սահմանված գործառույթներ՝ 2015թ.-ին ավագանու նիստերի ավելի քան կեսից բացակայած ավագանու անդամներ Ռոստոմ Բաղդասարյանի, Բենիկ Զարգարյանի, Միշա Գևորգյանի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման հարցը քննարկել ավագանու նիստում և կայացնել ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան որոշում:
Վերը նշված երկու խախտումները վերացնելու համար վերահսկողները, ի դեմս վարչական հսկողություն իրականացնող հանձնաժողովի նախագահ, Լոռու մարզպետարանի իրավաբանական բաժնի պետ Ալիկ Սահակյանի, սահմանել են 20-օրյա ժամկետ: Ժամկետը լրանալուց հետո հանձնաժողովին տեղեկացվել է, որ խախտումները վերացված են:
Խախտումների վերացված լինելու մասին վարչական հսկողություն իրականացնող հանձնաժողովի նախագահ Ալիկ Սահակյանը պաշտոնապես հայտարարեց մայիսի 25-ին կայացած մարզխորհրդի նիստի ժամանակ, որպես ասվածի հավաստիք՝ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանին տեղեկացնելով.
«Բոլոր թերությունները արձանագրվել են, ներկայացվել են համայնքի ղեկավարներին, տրվել է 20-օրյա ժամկետ թերությունները վերացնելու համար: Ժամկետը լրանալուց հետո պատասխանել են, որ բոլոր թերությունները վերացված են։ Նախկինում մենք, կարելի է ասել, հավատում էինք այդ գրությանը, բայց ներկայումս պահանջում ենք փաստաթղթային ապացույց այն մասին, թե թերությունների վերացման ուղղությամբ կոնկրետ ի՞նչ է կատարվել: Համայնքի ղեկավարները հրավիրում են ավագանու արտահերթ նիստ, ավագանու նիստում քննարկում են այդ հարցերը և թղթային, արդեն ուղղված-ճշտված տարբերակները կցվում են գրությանն ու ներկայացվում մեզ»:
Հանձնաժողովի ստուգումներից շուրջ երեք ամիս անց, սակայն, Ջրաշեն կատարած այցի ընթացքում պարզեցինք, որ համայնքի ավագանին ու համայնքապետը տարբերակված մոտեցում են ցուցաբերել խախտումների վերացման հարցում՝ ավագանու անդամությունից զրկելով 2015թ.-ին ավագանու նիստերի ավելի քան կեսից բացակայած ավագանու անդամներից երկուսին՝ Միշա Գևորգյանին ու Բենիկ Զարգարյանին: Նույն կարգավիճակում գտնվող ավագանու անդամ Ռոստոմ Բաղդասարյանը շարունակում է մնալ ավագանու անդամի կարգավիճակում:
Հարցին՝ ո՞րն է կողմնակալ վերաբերմունքի պատճառը, համայնքապետը նախ կատակում է.
«Դե նա երևի քարտուղարի բարեկամն ա, չի ազատել»: (Նկատի ունի աշխատակազմի քարտուղար Արտեմ Հովհաննիսյանին - հեղ․)
«Քարտուղարը երաշխիք է տվել, որ ինքը նիստերին մասնակցելու ա»,- կողքից օգնության է հասնում համայնքապետարանի աշխատակազմի առաջատար մասնագետ, հաշվապահ Անաստաս Հակոբյանը:
Քարուղարի ի՞նչն է Ռոստոմ Բաղդասարյանը, որ երաշխավորել է: Հարցիս ի պատասխան՝ հաշվապահն ասում է, որ վերջինս քարտուղարի դասընկերն է:
«Համ էլ գիտե՞ս ինչ կա․ եթե մենք երեքին էլ ազատեինք, էն ժամանակ կարող է քվորումը էլ չապահովեինք»,- շարունակում է համայնքապետը:
«Այդ դեպքում կարող էիք ավագանու արտահերթ ընտրություններ անցկացնել»,- նկատում եմ ես:
«Էսա մեր վախտն ա գալիս, մի երկու ամսվա համար արժե՞ր»,- ասում է համայնքապետը՝ նկատի ունենալով հոկտեմբերին կայանալիք համայնքապետի ու ավագանու ընտրությունները:
![]() |
| Հայկ Խալաթյանը |
Ավագանու անդամ Հայկ Խալաթյանն էլ ասում է, որ չգիտի, թե ինչու են բացակայող գործընկերներից երկուսն ազատվել ավագանու անդամությունից, իսկ մեկը՝ ոչ:
«Ես շատ գիտե՞մ խի չեն ազատել… ի՞նչ ասեմ, չեմ կարա ասեմ»,- ասում է նա:
Որոշ ժամանակ անց, սակայն, նա այնուամենայնիվ փորձում է հիմնավորել կատարվածը:
«Դե ինքը տեղում չէր, գյուղում չէր, հիմա էլ չի գյուղում, Ղարաբաղ ա, որտեղ ա… Երևի հիմնական խնդիրը դա էր, էլի, որ մենք ուզում էինք ինքը տեղում էղներ, որ իրան կանչեինք, ներկա էղներ էլի էդ պահին»:
Ի դեպ, չնայած նրան, ով Ռ. Բաղդասարյանը շարունակում է մնալ ավագանու անդամ, այս տարվա ընթացքում կայացած նիստներից և ոչ մեկին չի մասնակցել:
Չնայած «ծննդաբերությունը խրախուսելու նպատակով» տողով կատարվող հատկացումներին՝ ծնունդների թիվը Ջրաշենում նվազել է
Լոռու մարզի Ջրաշեն համայնքում համայնքապետն ու ավագանին 2015թ.-ին համայնքային բյուջեից պարբերաբար գումարներ են տրամադրել գյուղի կանանց՝ ինչպես բյուջեի տողն է փաստում՝ «համայնքում ծննդաբերությունը խրախուսելու նպատակով»: Սա են վկայում համայնքի 2015թ.-ին կայացված ավագանու որոշումները: Ծննդաբերությունը խրախուսելու համար ավագանին նախատեսել ու հատկացրել է 20.000-ական դրամ:
2015թ.-ի ընթացքում համայնքի թվով 47 կնոջ ծննդաբերության խրախուսման ֆոնդը կազմել է 940.000 դրամ:
Համայնքի ղեկավար Վ. Ուռուսյանից փորձեցինք պարզել, թե քանի՞ երեխա է ծնվել համայնքում 2015-ին որդեգրված խրախուսողական քաղաղաքականության արդյունքում: Պարզվեց՝ ծնունդների թիվն ավելանալու փոխարեն նվազել է: 2015թ.-ին Ջրաշենում ծնվել է 62 երեխա՝ 2014թ.-ի 68-ի դիմաց: Այս տարի հնարավոր է այս թիվն ավելի նվազի. առաջին կիսամյակի տվյալներով՝ համայնքում ծնվածների թիվը 10-ն է:
Ծննդաբերության խրախուսման համար համայնքային բյուջեից 2016թ.-ի համար նախատեսված ծախսը կազմում է 1.500.000 դրամ, 2015թ.-ին այն եղել է 1.400.000 դրամ: Համայնքապետի խոսքով՝ ծննդաբերության խրախուսման համար տրամադրվող գումարի չափը միակն է, որ հաստատվել է համայնքի ավագանու կողմից: Կամավոր լիազորությունների շրջանակներում տրամադրվող մյուս հատկացումների չափը ավագանին որոշում է տվյալ պահին՝ ելնելով դիմողի կարգավիճակից:
Ուսման վարձի փոխատուցում տողով համայնքը նախատեսել է 1.5 մլն դրամ: 2015թ.-ի ընթացքում, որպես ուսման վճարի փոխատուցում, 100.000 դրամի չափով աջակցություն է ստացել նաև ավագանու անդամ Հայկ Խալաթյանի որդին՝ Աբիկ Խալաթյանը: Որդուն հատկացված դրամական աջակցության որոշման տակ ստորագրել է նաև հայրը՝ խախտելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասի 4–րդ կետի պահանջները, ըստ որի համայնքի ավագանու անդամն իրավունք չունի մասնակցել իր ընտանիքի անդամների և մերձավոր բարեկամների (ծնող, քույր, եղբայր, երեխա) շահերին առնչվող որոշումների քվեարկությանը:
«Կինս ա եկել, անաշխատանք ենք, ես էլ թոշակառու եմ, ոչ մի տեղ չենք աշխատում: Եկել էր խնդրել Ուռուսյանից, փոխանցել էր»,- ասում է ավագանու անդամ Հայկ Խալաթյանը:
Հարցին՝ ինչո՞ւ է քվեարկել ընտանիքի անդամի շահերին առնչվող որոշման տակ, ավագանու անդամը պատասխանում է՝ չգիտեի, որ իրավունք չունեմ, հետո եմ իմացել այդ կարգի մասին:
Տեսանյութեր
Լուսանկարներ

Մեկնաբանել