HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Միավորելով արվեստը. մեկնարկեց HA-SS Fest ժամանակակից արվեստի փառատոնը

Երբևէ մտածե՞լ եք, որ կտավները կարելի է նաև լսել: Հուլիսի 4-ին՝ Երևանի Նորարար Փորձարարական Արվեստի Կենտրոնում (ՆՓԱԿ) տեղի ունեցավ «Լսել արվեստը, տեսնել հնչյունը» (Hearing Art Seeting Sound) փառատոնի բացումը, որի մասնակիցներն ունեին այդ հնարավորությունը:  Փառատոնի բացման արարողության ընթացքում ներկայացված էր ժամանակակից նկարիչների խմբակային ցուցահանդես, ցուցադրված էին նաև Սերժ Թանկյանի երաժշտական կտավները, որոնք դիտելիս միջոցառման ներկաները հնարավորություն ունեին լսել համապատասխան երաժշտությունը, որ ոգեշնչել էր կտավներն ստեղծելիս:

Ներկայացվեցին Թալինե Թեմիզյանի և Միլանդա դե Մոնտիի վիդեոփերֆորմանսները: Փառատոնի բացմանը ելույթ ունեցավ Լոնդոնից ժամանած X.Y համույթը, որ ներկայացրեց երիտասարդ կամպոզիտորների ստեղծագործություններ:

Ջութակահարուհի Քնարիկ Կարապետյանը, ով Լոնդոնից է, մեզ հետ զրույցում նշեց, որ շատ է հավանել փառատոնի գաղափարն ու սիրով մասնակցել է. «Շատ մարդիկ են հավաքվել. ինձ ուրախացնում է, որ իմ հայրենիքում արվեստը սիրում են, հետաքրքրվում ու գալիս են նման միջոցառումների: Ուրախ  եմ, որ արվեստը Հայաստանում գնահատվում է»։

HA-SS Fest-ը ժամանակակից արվեստի և երաժշտության ամենամյա փառատոն է, որ միավորում է արվեստի ամենատարբեր ճյուղեր: Փառատոնի հիմքում համագործակցության գաղափարն է: Կազմակերպիչը «Պրոգրեսիվ արտ Կենտրոնն» է: ՊռոԱրտ թիմի անդամներից Վան Սարկիսյանի խոսքերով՝ այսպիսի միջոցառում կազմակերպելու համար ժամանակ ու աջակցություն է պետք. «Կազմակերպման, արտիստներին գտնելու գործընթացը երկար տևեց, բայց բոլորն էլ հաճույքով են մասնակցել այս ընթացքին»։ Նա նաև նշեց, որ փառատոնի հիմնական գաղափարը համագործակցությունն է. «Մենք զգացինք, որ տարբեր արվեստագետներ, երաժիշտներ շատ առանձնացած են իրարից, փառատոնը վերցրեցինք որպես մոդել, որպեզի կարողանանք արվեստագետներին, երաժիշտներին ու նկարիչներին միավորել»:

Փառատոնն ընթանալու է մինչև հուլիսի 9-ը, որի ընթացքում ներկայացվելու է գեղանկարչության և երաժշտության սինթեզ, ինչպես նաև դասական կիթառի փառատոն, վարպետության դասեր և մենահամերգներ:

Մարգարիտա Ղազարյան

լուսանկարները՝ Նարեկ Ալեքսանյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter