HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ավստրիայի նախագահական ընտրությունների անվավերության նախադեպը Հայաստանի համար

Ավստրիայի սահմանադրական դատարանը չեղյալ է հայտարարել 2016-ի մայիսին կայացած Ավստրիայի նախագահական ընտրությունները, որի արդյունքում անկախ «Կանաչների կուսակցության» թեկնածու Ալեքսանդր Վան դեր Բելլենը աննշան առավելությամբ հաղթանակ է տարել «Ազատություն» կուսակցության (FPO) թեկածու Նորբերտ Հոֆերի դեմ՝ 50.3%՝ ընդդեմ 49.7%-ի:

Դատաքննությունն օրինախախտումներ է արձանագրել 114 շրջաններից 94-ում, ընդ որում՝ խախտումները ներառում են հաստատված ժամկետից շուտ ու չարտոնված անձանց կողմից փոստային քվեների բացման, հաշվարկման և օտարերկրյա ու 16 տարեկանը չլրացած անձանց քվեարկության փաստեր:

Ընտրախախտումներն ազդեցություն են ունեցել շուրջ 78.000 քվեարկությունների վրա, այն դեպքում, երբ Վան դեր Բելլենը լոկ 31.000 ձայնի առավելություն է ունեցել Հոֆերի նկատմամբ: Սահմանադրական դատարանը, սակայն շեշտում է, որ ընտրության արդյունքի ակտիվ կեղծման ապացույց չկա, ինչպես նաև՝ չկա ապացույց, որ այն չի կեղծվել:

Վան դեր Բելլենը Եվրամիության ջատագովն է, որի երազանքն է առանց սահմանների «Եվրոպայի Միացյալ Նահանգները»՝ հիմնված փոքրամասնությունների շահերի պաշտպանության հիմնարար սկզբունքի վրա: Ընտրարշավի ընթացքում նա ընտրողներին զգուշացնում էր Ավստրիային սպառնացող վտանգի մասին՝ վերածվելու արևմտյան Եվրոպայի առաջին երկրի, որի առաջնորդը կլինի պան-Գերմանական եղբայրության պոպուլիստ աջակողմյան անդամ: Ընտրության արդյունքների անվավեր ճանաչումից հետո նա հայտարարել է ընտրություններում կրկին անգամ հաղթելու իր վստահության մասին՝ հինվելով ամենատարբեր խավերի, կուսակցությունների, կրոնների և մշակույթների լայնածավալ աջակցության վրա:

Հոֆերը «Ազատություն» կուսակցության ծայրահեղ աջակողմյան առաջին թեկնածուն է Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից ի վեր, որին հաջողվեց ընտրաձայների համարյա կեսը հավաքել. փաստ, որ ընդամենը մի քանի տարի առաջ անպատկերացնելի կլիներ: Հոֆերը հայտնի է եվրասկեպտիկ, հակամուսուլմանական, հակաիմիգրացիոն դիրքորոշմամբ և, Oesterreich-ին տրված հարցազրույցում հայտարարել է, որ եթե Եվրամիությունը էական փոփոխությունների չենթարկվի առաջիկա տարում, և Թուրքիային անդամակցություն շնորհի, ապա ավստրիացիները հարկադրված կլինեն հանրաքվե անցկացնելու, որպեսզի որոշեն, թե արդոք շարունակելու են մնալ Եվրամիության կազմում:  

Մինչ Ավստրիայի նախագահի ընտրության հարցում ավստրիացիները խիստ տարակարծիք են, նրանք միասնական են օրինախախտումների հանդեպ ցուցաբերած իրենց անհանդուրժողականության մեջ: Ավստրիայի Ներքին գործերի նախարար Վոլֆգանգ Սոբոտկան Oe1 ռադիոյին տրված հարցազրույցում հայտարարել է, որ հիասթափված է, ամաչում է և խորապես ցնցված է օրինախախտության և փնթիության փաստերից: Սահմանադրական դատարանի նախագահ Գերհարդ Հոլզինգերը մեկնաբանել է, որ դատարանի որոշումը լոկ մեկ նպատակ ունի՝ օրենքի և ժողովրդավարութան գերակայության ամրապնդումը: Նա նշել է, որ ընտրությունները ժողովրդավարության հիմնաքարն են և, այդ իսկ պատճառով, պետք է անխափան գործեն: Հոլզինգերը շեշտել է, որ նույնիսկ կայուն ժողովրդավարության դեպքում՝ քաղաքացիների հավատը ժողովրդավարության նկատմամբ ապահովվում է միայն ընտրությունների չափորոշիչների խստիվ պահպանման միջոցով: Դատարանի որոշումը նա բնութագրել է իբրև ժողովրդավարության և արդարության հաղթանակ:

Ավստրիական մամուլը, սակայն, ինչպես օրինակ՝ Oesterreich-ը, ցնցված են օրինախախտումների փաստից և Ավստրիան կոչում են բանանային հանրապետություն, թերևս միակ երկիրը՝ բացի Աֆրիկայից և Ղազախստանից, որ անկարող է քվեները ճիշտ հաշվել:

Այս համեմատության հեղինակն ամենայն հավանականությամբ կատարելապես անտեղյակ է Հայաստանի բանանային հանրապետության գոյության և ՀՀ օրինախախտումների ծավալի ու բազմաբնույթ եղանակների մասին: 2015թ. դեկտեմբերին կայացած ՀՀ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն կրկին ապացուցեց, որ Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարության, արդարության և օրենքի գերակայության հաստատման համար անհրաժեշտ է հետևողական, շարունակական և ամենակարևորը՝ գրագետ պայքար մղել: ԱՄՆ պետական զեկուցը ճշգրիտ և ամփոփ բնորոշել է ՀՀ հանրաքվեի բնորոշ հատկանիշերը. «…քվեատուփերի լցոնում, քվեատուփերի փոխարինում, քվեների գնում, միևնույն անհատների կողմից բազմակի քվեարկում, փոխարինող քվեարկություն, ինչպես նաև՝ դիտորդների, լրագրողների և հանձնաժողովի անդամների դեմ իրականացված սպառնալիք և հետապնդում»:

Ընդ որում, ի սկզբանե սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն պարտադրված էր և չէր բխում հասարակության շահերից, այլ միտված էր երկրի ներկայիս ղեկավարության կառավարման ժամկետի երկարացմանը:

Ավստրիայի Սահմանադրական դատարանի որոշումը կրկնակի ընտրություններ անցկացնելու վերաբերյալ, որով հստակ ընդգծվում է արդար և օրինական ընտրությունների նշանակությունը ժողովրդավարական պետության համար, ինչպես նաև՝ հասարակության բոլոր շերտերի ակտիվ անհանդուրժողականությունն օրինախախտումների հանդեպ, կարևոր նախադեպ կարող է հանդիսանալ 2018 թվականի նախագահական ընտրությունների շեմին: Հաշվի առնելով, որ բողոքները նախորդ օրինախախտումների վերաբերյալ մնացին անարդյունավետ, անհրաժեշտ է կոորդինացնել միջազգային բոլոր լծակները ժողովրդի կամքի ազատ և արդար դրսևորումն ապահովելու համար, հատկապես, որ ՀՀ կառավարման հիմնարար վերակառուցման անհրաժեշտությունն ակնհայտ ճշմարտություն է:

Լուսանկարում ձախից՝ Նորբերտ Հոֆերը և Ալեքսանդր Վան դեր Բելլենը / voiceofvienna.org

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter