HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ֆիզիկոս Արմեն Մնացականյանի սպանության գործով անհատ ձեռնարկատիրոջ նկատմամբ հայտարարվել է հետախուզում

Ազգությամբ հայ, ՌԴ քաղաքացի, ֆիզիկոս Արմեն Մնացականյանի սպանության դեպքի առթիվ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով հետախուզում է հայտարարվել Վանաձորի բնակիչ, անհատ ձեռնարկատիրոջ նկատմամբ։ Քննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ քննիչը որոշում է կայացրել նրան որպես մեղադրյալ ներգրավել՝  քրեական օրենսգրքի 3 հոդվածներով։ Այս մասին տեղեկացնում է քննչական կոմիտեն:

Ավելի վաղ կոմիտեն տեղեկացրել էր, որ 2016 թվականի հուլիսի 03-ին Վանաձորի բժշկական կենտրոնից ահազանգ էր ստացվել, որ  իրենց մոտ է տեղափոխվել 1961թ. ծնված Արմեն Մնացականյանի դիակը՝ «կրծքավանդակի ձախ կեսի հրազենային վնասվածքով և ձախ թևի քերծվածքներով»: Պարզվել է, որ Ա.Մնացականյանի դին բժշկական կենտրոն է տեղափոխվել Վանաձոր քաղաքին հարակից հանդամասում գտնվող քլորատան մոտակայքից։

Սպանության դեպքի առթիվ Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ և ձեռնարկվել անհրաժեշտ անհետաձգելի քննչական գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Նախնական քննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որ Ա.Մնացականյանին կյանքի հետ անհամատեղելի հրազենային վնասվածքը պատճառվել է ծաղկի վաճառքով զբաղվող անհատ ձեռնարկատիրոջ մասնակցությամբ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ:

Ըստ քննության տվյալների՝ 2016 թվականի հուլիսի 3-ին Ա.Մնացականյանի ընկերոջ՝ Ռ.Մարտիրոսյանի խնդրանքով երրորդ անձը  5000 ՀՀ դրամ անվանական արժեքով թղթադրամը տվել է ծաղկի վաճառքով զբաղվող անհատ ձեռնարկատիրոջը՝ այն մանրելու խնդրանքով։ Գումարային հարցերի շուրջ առաջացել է վիճաբանություն, որը շարունակվել է Վանաձոր քաղաքի խճուղուն կից հանդամասում, որտեղ վերջինս և Ռ.Մարտիրոսյանն առանձնացել են՝ զրուցելու նպատակով։

Վիճաբանության ժամանակ հնչել են կրակոցներ՝ Ռ.Մարտիրոսյանի  ուղղությամբ, սակայն գնդակները նրան չեն դիպել։ Լսելով կրակոցի ձայները՝  նրանց է մոտեցել Ա.Մնացականյանը և փորձել հանդարտեցնել, որի ժամանակ նույն հրազենից կրակոց է արձակվել գիտնականի  կրծքավանդակի ձախ կեսին՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի վնասվածք։

Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ 2016 թվականի հուլիսի 5-ին որոշում է կայացվել՝ անհատ ձեռնարկատիրոջը ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով, 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 235-րդ հոդվածի 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, և նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Նույն օրը որոշում է կայացվել՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ:

Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան աշխատակիցներին՝ իրականացնել անհրաժեշտ օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ նրան հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ։

Նախաքննությունը շարունակվում է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter