
ԼՂ հարցում օղակը սեղմվում է. ինչու են միջնորդներն շտապում
ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հաստատել է, որ փորձ է արվում ԼՂ հիմնահարցի կարգավորման շրջանակում առաջիկայում կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպումը: Հանդիպման ժամկետները, սակայն, դեռևս հստակեցված չեն: Ավելի վաղ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը նշել էր, որ նախագահների հաջորդ հանդիպումը նախատեսվում է օգոստոսին:
Սանկտ-Պետերբուրգում կայացած հանդիպումից հետո` հունիսի 29-ին, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը հաջորդած համատեղ ասուլիսում Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Մարկ Էրոն հայտարարել էր, որ Փարիզը պատրաստ է ԼՂ կարգավորման նոր բանակցությունների համար հարթակ տրամադրել: Փարիզից արված երկրորդ պաշտոնական առաջարկությունն էր, ինչը հիմք է տալիս ասելու, որ Վաշինգտոնի և Մոսկվայի համաձայնությամբ նախագահների հաջորդ հանդիպումը, թերևս, կկայանա օգոստոսին Փարիզում և կդառնա Վիեննայի, ապա նաև Սանկտ-Պետերբուրգի հանդիպումների տրամաբանական շարունակությունը:
Փարիզի այս նախաձեռնությունը հետապնդում է երկու նպատակ: Առաջինը հանդիպումների «մոդերատորի» էստաֆետը Ռուսաստանից վերցնելն է և թույլ չտալը, որ գործընթացը Մոսկվան տանի ՄԽ մեջ մտող մյուս երկրների համար անվերահսկելի և անկանխատեսելի հունով:
Նման կասկածներն առաջացան Վիեննայի հանդիպումից հետո, երբ Մոսկվան հանդես եկավ ոչ միայն սանկտպետերբուրգյան «սեպարատ» հանդիպման նախաձեռնությամբ, այլև բանակցությունների սեփական և Վիեննայից զգալիորեն տարբերվող օրակարգ առաջադրելով:
Երկրորդ՝ սանկտպետերբուրգյան հանդիպման արդյունքում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների ստորագրած համատեղ եռակողմ հայտարարության մեջ արվել էր ՄԽ մյուս համանախագահների համար մտահոգիչ երկու շեշտադրում: Նախ՝ այնտեղ, որպես Վիեննայի պայմանավորվածություն, նշվում էր միայն հակամարտության գոտում միջազգային դիտորդների թվաքանակի ավելացումը՝ անտեսելով միջադեպերի արձանագրման տեխնիկական միջոցների տեղակայման հարցը:
Մինչդեռ Վիեննայի համաձայնությունների համատեքստում վերջինիս առանձահատուկ նշանակություն էր տրվում: Երկրորդ՝ հայտարարությունից հետևում էր, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները համաձայնություն են հայտնում եռակող ձևաչափով կանոնավոր հանդիպումներ անցկացնելու կապակցությամբ: Սակայն ոչ թե ԵԱՀԿ ՄԽ եռանախագահության ներքո, այլ ընդամենը «ի լրումն» վերջինիս աշխատանքի: Սա ակնհայտ ակնարկ էր առ այն, որ Ռուսաստանըն ձգտում է ՄԽ եռանախագահության ձևաչափն ընդամենը վերածել իր կողմից կառավարվող բանակցային գործընթացի կցորդի: Եվ ահա Սանկտ-Պետերբուրգից անմիջապես հետո նոր հանդիպում նախաձեռնելով՝ Ֆրանսիան փորձում է ձախողել այդ ընթացքը և ստիպել Մոսկվային գործընթացը վերադարձնել ՄԽ համատեքստ:
Առաջին հայացքից թվում է, թե Փարիզի այս նախաձեռնությունը բխում է հատկապես հայկական կողմի շահերից, որովհետև կանխվում է Մոսկվայի միակողմանի ճնշումների ազդեցությամբ մեղմ ասած ոչ ցանկալի լուծումների գնալու հեռանկարը: Իրականում, սակայն, կարող է տեղի ունենալ լրիվ ուրիշ բան:
Առաջին հերթին փաստացի օրակարգից հանվում են 1994 և 1995թթ. ստորագրված հրադադարի խախտման համար Բաքվի պատասխանատվության, այդ պայմանագրերով հաստատված ստատուս քվոն վերականգնելու և նոր պատերազմի վերսկսումը հնարավորինս կանխելու հարցերը: Վիեննայի հանդիպումից առաջ Երևանն այս ուղղությամբ երեք պահանջ-նախապայման ներկայացրեց՝ հասկանալի դարձնելով, որ առանց դրանց բավարարման, ԼՂ կարգավորման որևէ բովանդակային բանացկության մեջ չի մտնելու:
Վիեննայում հայկական դիվանագիտությանը կարծես թե հաջողվել էր ինչպես այդ նախապայմանների, այնպես էլ դրանց բավարարման մեխանիզմների շուրջ փոխըմբռնման հասնել միջազգային հանրության հետ:
Սակայն ընդամենը մեկ ամիս անց՝ առանց այդ պայմանների բավարարման գոնե տեսական երաշխիքներ ստանալու, Սանկտ-Պետերբուրգում մտնելով ԼՂ կարգավորման քննարկումների մեջ՝ Երևանը փաստացի չեզոքացրեց Վիեննայում ձեռք բերված այդ թվացյալ հաջողությունը: Երևանը հասկանալի դարձրեց, որ չունի բավարար կամք՝ իր իսկ առաջադրած նախապայմանների կատարմանը հասնելու համար, հետևաբար կարելի է հանգիստ շրջանցել, ապա նաև վերջնականապես օրակարգից հանել դրանք:
Վիեննայի անդիպումից հետո անցել է մեկուկես ամիս, սակայն անգամ այսպես կոչված համաձայնեցված՝ ԵԱՀԿ գործող նախագահի ներկայացուցչի մոնիթորինգային թիմի ընդլայնման ուղղությամբ ոչ մի էական քայլ չի արվել: Այսօր արդեն ոչ ոք չի խոսում միջադեպերի արձանգրման մեխանզիմների ներդրման մասին: Եթե Փարիզի հանդիպումը ևս կայանալու է այս պայմաններում, ապա որևէ կասկած չկա՝ այնտեղ քննարկման հիմնական առարկան լինելու է այսպես կոչված կազանյան սկզբունքներով հակամարտության կարգավորումը:
Նման պայմաններում Փարիզի նոր հանդիպման անցկացումը վերջակետ է դնելու Հայաստանի՝ ընդամենը մեկ ամիս տևած «նախապայմանային սկզբունքայնությանը»: Վաիշնգտոնին, Մոսկվային և Փարիզին ոչ թե պատերազմի կանխման մեխանզիմների ներդրումն է հետաքրքրում, այլ հակամարտության շուտափույթ կարգավորմանը հասնելը՝ անկախ նրանից՝ կողմերից որն է գնում զիջումների:
Այս փուլում բոլոր կողմերը փորձում են համոզել, որ ներկայումս շփման գծում պահպանվող հարաբերական անդորրը ոչ միայն հսկայական զոհողություն, զիջում է Բաքվի կողմից, այսպես կոչված՝ «խոշոր ներդրում» հակամարտության կարգավորման գործըթնացում, այլև բանակցությունների շարունակման ամենակարևոր երաշխիքը: Աստիճանաբար փորձ է արվում սեփական կամքով Ադրբեջանի կողմից հրադադարի պահպանումը մատուցել որպես հայկական կողմի առաջադրած «նախապայմանների» կատարում:
Գործում է մի պարզ տրամաբանություն. եթե Ադրբեջանը պրովոկացիաների չի դիմում, պահպանում է հրադադարը, ապա չկա լրացուցիչ միջոցառումների, մեխանիզմների տեղակայման օբյեկտիվ անհրաժեշտություն. հետևաբար բոլոր նախադրյալներն ապահովված են հայկական կողմի ակնկալած խաղաղության պայմաններում բանակցությունները շարունակելու համար: Միտումնավոր անտեսվում է այն փաստը, որ հրադադարն Ադրբեջանը հիմա պահպանում է ոչ թե ստանձնած լրացուցիչ պարտավորությունների հիման վրա, այլ միայն իր ցանկությունից ելնելով, որը կարող է, առանց պատասխանատվության մասին մտածելու, խախտել ցանկացած պահի:
Հիմնական խնդիրը, սակայն, այն է, որ Բաքվի այդ «զիջման» դիմաց միջնորդները զիջում են ակնկալելու նաև Երևանից: Սակայն ի տարբերություն Ադրբեջանի «զիջումների», որոնք արվում են բանակցությունների համար պայմաններ ստեղծելու հարցում, Հայաստանից զիջումներն ակնկալվելու են կարգավորման հարցում: Դրա համար միջնորդները Երևանին ոչ մի լրացուցիչ պահանջ ներկայացնելու անհրաժեշտություն չունեն. դրանք լիարժեք արտահայտված են կարգավորման այն սկզբունքներում, որոնք դրված են բանակցությունների սեղանին: Ապրիլյան պատերազմից տաս օր անց ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարել էր, որ աշխատանքային միակ բանակցվող փաստաթուղթը, որը գտնվում է սեղանին, Կազանի փաստաթուղթն է՝ հաստատելով, որ Հայաստանի համար այն ընդունելի է:
Ավելի ուշ «Բլումբերգ» գործակալությանը տված հարցազրույցում Սերժ Սարգսյանը պետք է հաստատեր, որ կազանյան փաստաթղթով դրված է ոչ միայն տարածքների զիջման, այլև ԼՂ-ին փաստացի հավերժ միջանկյալ կարգավիճակ շնորհելու խնդիրը: Եվ Երևանից միջնորդների ակնկալիքը լինելու է հայկական կողմից հենց այս լուծումներին գնալու երաշխիքներ ստանալը: Չի բացառվում, որ Փարիզում փորձ է արվելու Երևանին մղել այդ զիջմանը: Փարիզը կարող էր դառնալ սանկտպետերբուրգյան սայթաքումները սրբագրելու միջոց, եթե Երևանը նորից պահանջեր ներկայացրած նախապայմանների կատարումը, որը գոնե ժամանակ շահելու և այդ ժամանակը բոլոր առումներով պատերազմին նախապատրաստվելուն ծառայեցնելու հնարավորություն կտար:
Սակայն Երևանի հույսն այն է, որ դիրքորոշման կարծրացման գնացող Ադրբեջանը շարունակելու է մերժել մադրիդյան սկզբունքների հիման վրա ներկայացվող առաջարկությունները, ինչպես դա արեց 2011թ. Կազանում: Եվ դրանով Հայաստանին կձերբազատի իր համար անցանկալի զարգացումներից: Նման մարտավարությունը, սակայն, իսկական թակարդ է: Որովհետև եթե Բաքուն ինչ-որ պահի թոթափվի պատերազմի միջոցով հարցն իր օգտին լուծելու սին պատրանքներից և սկսի առաջնորդվել գործընթացից նվազագույն կորուստներով դուրս գալու սկզբունքով, կարող է և համաձայնել այդ տարբերակին: Այդ դեպքում թակարդից դուրս գալու դիվանագիտական ոչ մի շահեկան ելք Հայաստանի իշխանությունը չի կարող ունենալ: Այս իմաստով նման ինտենսիվությամբ հանդիպումների կամզակերպումն ավելի շատ նմանվում են օղակը Երևանի պարանոցին սեղմելուն և դրան հայաստանյան հասարակայնությանն աստիճանաբար ադապտացնելուն:
Լուսանկարը` president.am-ի
Մեկնաբանություններ (5)
Մեկնաբանել