HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեյրան Օհանյանը հանդիպել է սփյուռքահայ ուսանողներին

Հուլիսի 6-ին Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդիպել է «Հայ Բարեգործական Ընդհանուր Միության» (ՀԲԸՄ) ուսանողական ծրագրով Հայաստան ժամանած սփյուռքահայ երիտասարդներին: Այս մասին հայտնում է ՊՆ տեղեկատվության վարչությունը:

Ողջունելով հյուրերին ՀՀ ՊՆ վարչական համալիրում՝ Սեյրան Օհանյանը կարևորել է ՀԲԸՄ-ի հետ համագործակցությունը՝ շեշտելով, որ մեծ ներդրում և գործունեություն ծավալող կառույցը դարձել է ՀՀ պաշտպանության նախարարության կարևոր գործընկերներից մեկը: «Իր գործունեության ողջ ժամանակահատվածում ՀԲԸՄ-ն տարբեր ծրագրեր, միջոցառումներ է իրականացրել, որոնք ուղղված են եղել Հայաստանի Հանրապետության շենացմանը: Հատկապես կարևոր են Հայաստանի սահմանամերձ գյուղերում և Արցախում իրականացվող ծրագրերը: Այդ ծրագրերի արդյունքը նկատում է նաև սահմանին կանգնած զինվորը: Փաստը, որ երկիրը շենացվում է, կառուցվում՝ պարտավորեցնում է զինվորին, որ ավելի լավ տանի ծառայությունը, հետևի անվտանգության ապահովմանը»,- ասել է Սեյրան Օհանյանը՝ հավելելով, որ հայրենիքի առջև ծառացած խնդիրները հնարավոր կլինի իրականացնել միայն համատեղ ջանքերով: Այս համատեքստում պաշտպանական գերատեսչության ղեկավարը կարևորել է բանակ-հասարակություն կապի ամրապնդումը, որի գրավականը ժողովրդի առջև բաց լինելն է:

Սեյրան Օհանյանը ոգևորիչ և ուշագրավ է համարել նաև փաստը, որ հատկապես վերջին տարիներին աշխարհի տարբեր երկրներում ապրող հայ երիտասարդները հետաքրքրված են հայկական զինված ուժերով և ցանկություն են հայտնում ծանոթանալ ինչպես բանակի առօրյա կյանքին, այնպես էլ այն խնդիրներին, որոնք իրականացնում է հայ զինվորը: Այս առումով, համագործակցելով տարբեր կառույցների հետ, պաշտպանության նախարարությունն իրականացնում է միջոցառումներ, որոնց շնորհիվ ավելի է ամրապնդվում երիտասարդների կապը զինված ուժերի հետ:

Պաշտպանության նախարարը պատասխանել է նաև սփյուռքահայ երիտասարդներին հետաքրքրող հարցերին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter