HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թագուհի Հակոբյան

Գավրոշի հետնորդները

12-ամյա Կարինեն ընտանիքի չորս երեխաներից ամենափոքրն է: Վարձով էին ապրում, մայրը աշխատանք չուներ, եւ ինքը ստիպված էր նախ մուրալ, ապա` ծաղկավաճառությամբ զբաղվել: Կարինեի պատմելով` ոչ ոք իրեն չի դրդել մուրալու, իր նախաձեռնությունն է եղել: Վաստակած գումարն աղջնակը մորն է տվել: «Գիտեի, որ երեխային չի սազում ծաղիկ վաճառել, բայց ստիպված գնում էի: Հիմա չեմ գնա»,- մեր զրույցի ժամանակ անկեղծացավ Կարինեն: Հարցիս, թե ծաղկավաճառությամբ ինչքան գումար էր վաստակում, պատասխանեց` օրական 300 դրամ, երբեմն` 500-800 դրամ: Պատահել է, որ աղջնակը ծաղիկներ է նվիրել անցորդներին:

11-ամյա Արմանին սոցիալական ծանր վիճակն է ստիպել ծաղկավաճառությամբ զբաղվել: Արմանի հետ մայրն էլ է ծաղիկ վաճառել: Արմանն այդ երեւույթի մեջ որեւէ վատ բան չի տեսնում, քանի որ «ո՛չ գողանում է, ո՛չ էլ փող մուրում»:

Տասնամյա Աննային էլ ընտանեկան անբարենպաստ միջավայրն է բերել փողոց: Հայր չունի, մայրն էլ հարբեցող է: Ստիպված է սեփական աշխատանքով վաստակել օրվա հացը:

«Նոր Հայաստան» հումանիտար աջակցության կենտրոնի աշխատակցուհի Սոֆյա Շեստերնենկոն ասում է. «Փողոցի երեխաներն ամենաշատը չեն սիրում բժիշկներին եւ լրագրողներին»: Նրանց հետ մտերմանալու փորձերը մեծ մասամբ դատապարտված են ձախողման, քանի որ նրանց ինքնապաշտպանական բնազդը հուշում է լրագրող լինելդ եւ բացառում հարցերիդ պատասխանելու պատրաստակամությունը: Հոգեբանների կարծիքով թափառաշրջիկ եւ մուրացիկ երեխաները շատ արագ են հարմարվում սոցիալական այն միջավայրին, որտեղ հայտնվում են: Սակայն, միաժամանակ, լուրջ խնդիրների են բախվում: Դրա համար էլ շատ դժվար է նրանց վստահությանն արժանանալը:

Ինչպե՞ս եւ ինչու՞ են երեխաները հայտնվում փողոցում

Որքանո՞վ է տարածված մանկական աշխատուժի շահագործումը Հայաստանում: ՀՕՖ-ի երեխաների ընդունման եւ կողմնորոշման կենտրոնի տնօրեն Արմեն Լիսիկյանի հավաստմամբ 2000թ. փետրվարից մինչեւ 2002թ. դեկտեմբերի 31-ը 604 երեխա է բերվել այստեղ: Փողոցում հայտնաբերված եւ իրավապահ մարմինների աշխատակիցների ջանքերով կենտրոն բերված երեխաների 60 տոկոսին հաջողվում է վերադարձնել ընտանիք, 40 տոկոսին տեղավորում են հատուկ հաստատություններում: Երեխաներ կան, որոնց երկու, երեք եւ ավելի անգամներ են բերում կենտրոն: Ի դեպ, որբ երեխաները փոքր տոկոս են կազմում: Այն, որ մանկական աշխատուժի շահագործումը առկա է Հայաստանում, չժխտեցին կենտրոնում: Սակայն, սոցիալական աշխատանքի պատասխանատու Միրա Անտոնյանի խոսքերով` «Կենտրոնը հայելին չէ ողջ իրականության, եւ մենք երեւույթին այնքանով ենք տեղյակ, որքանով որ առիթ ենք ունենում առնչվել փողոցում հայտնված երեխաների հետ»: Ըստ Մ. Անտոնյանի` Հայաստանում փոքր թիվ են կազմում դասական իմաստով «թափառաշրջիկ» համարվող երեխաները: Մեծ մասամբ երեխաները մուրալու կամ մանրավաճառության նպատակով հեռանում են տնից մի քանի օրով եւ հետո վերադառնում: «Որպես կանոն, երեխայի աշխատուժը շահագործում են ծնողները»,-ասում է Մ. Անտոնյանը:

Մանկավարժ-հոգեբանների գնահատմամբ` փողոցում հայտնված երեխաները չորս խմբի են բաժանվում. 1.Ամենատարածվածը, երբ երեխան մուրում է իր ցանկությամբ: 2.Երեխան մուրում է՝ ելնելով ծայրահեղ անհրաժեշտությունից: 3.Երեխան մուրացկանությունը զուգորդում է աշխատանքի հետ (մանրավաճառություն փողոցում): 4.Երեխան զբաղվում է մուրացկանությամբ մեծահասակների դրդմամբ: Այդպիսի երեխան, խուսափելով տուն վերադառնալ, կապեր է որոնում դրսում: Իսկ ստիպողական մուրացկանությունը տղաներին կարող է ներքաշել հանցագործ խմբերի, աղջիկներին՝ մարմնավաճառության մեջ:

«Նոր Հայաստան» կենտրոնում էլ փողոցում հայտնաբերված երեխաներին բաժանում են հետեւյալ խմբերի՝ խնամազուրկ երեխաներ (28%), ընտանեկան բյուջեն լրացնող երեխաներ (45%), դեւիանտ (շեղումներ ունեցող) վարքագծով երեխաներ (25%), որբ երեխաներ (2%): Երեխաների 27%-ին մուրալու կամ մանրավաճառությամբ զբաղվելու դրդում են ծնողները եւ մոտ հարազատները, 27%-ն ինքնուրույն է դուրս գալիս դրամ վաստակելու՝ սոցիալապես անապահով վիճակից ելնելով, 8%-ը կազմում են խնամազուրկ երեխաները, 17%-ը փողոցում է հայտնվում ընտանիքում տիրող բացասական մթնոլորտի պատճառով, 10%-ը` շրջապատի ազդեցության, 2%-ը` պատահական, 9%-ը դեւիանտ վարքագիծ ունեցողներն են: «Նոր Հայաստան» կենտրոնի սոցիալական աշխատող Ս. Շեստերնենկոյի հավաստմամբ` մանկական աշխատուժի շահագործումը հիմնականում արտահայտվում է ծաղկավաճառության եւ մանր առեւտրի միջոցով: Ընդ որում` երեխաները գումարի մի մասը տալիս են ծնողներին, մյուս մասն օգտագործում են ըստ իրենց պահանջների: Դեպքեր են լինում, սակայն, երբ երեխան, հետագայում զգալով ծնողի կողմից խաբված լինելը, հոգեկան ծանր ցնցում է ապրում: «Նոր Հայաստան» կենտրոնի աշխատակիցների հավաստմամբ` առավել հաճախ հաջողվում է հասնել ցանկալի արդյունքի՝ երեխային վերադարձնել ընտանիք:

«Փողոցում հայտնված երեխան զոհ է»

«Մենք շատ հաճախ մեղադրում ենք մուրացող երեխաներին եւ նրանց ծնողներին: Կարծում եմ՝ դա անարդարացի է»,- զրույցի ժամանակ նշեց «Բժիշկներ առանց սահմանի» կազմակերպության առաքելության ղեկավար Սամուել Անրիոնը: Հանդիպումները մուրացիկ երեխաների եւ նրանց ծնողների հետ պրն Անրիոնին համոզել են, որ նրանց մեծ մասին փողոց են մղում անելանելիությունն ու ծայրահեղ կարիքը: Ընտանիքներ կան, որտեղ ծնողները չեն աշխատում, պարտքեր ունեն, եւ նրանք ստիպված են երեխային դրդել մուրացկանության: Պրն Անրիոնի դիտարկումներով` թափառաշրջիկ եւ մուրացիկ երեխաների 90 տոկոսը վերադառնում է ընտանիք: «Բարեբախտաբար, փողոցում մշտապես գիշերող երեխաներ չկան»,- ասաց պրն Անրիոնը:

«Բժիշկներ առանց սահմանի» կազմակերպությունը, որն ուղղակի աշխատում է փողոցի երեխային տուն վերադարձնել, «Կանխարգելում» ծրագրում ընդգրկել է 200-250 երեխաների` նրանց առաջարկելով այլընտրանքային տարբերակ: Առաքելության ղեկավարի դիտարկմամբ` երեխաների երկու երրորդը փողոցում է հայտնվում ընտանեկան ամուր կապեր չունենալու պատճառով: Ծրագրում ընդգրկված են մոտ 600 շահառուներ (դրանք երեխաներն են եւ նրանց հարազատները), որոնց հետ կազմակերպությունը աշխատանքներ է իրականացնում: Այդ երեխաների ծնողների մեծ մասը շատ աղքատ է կամ էլ միայնակ մայրեր են: Նրանք կողմնակի օժանդակություն չունեն եւ երբեմն ստիպված են երեխային ուղարկել մուրացկանության:

Պրն Անրիոնը նշեց նաեւ, որ մշտապես մուրացող երեխաների թիվը նվազել է. առավել հաճախ հանդիպում են սեզոնային մուրացկանները: Պրն Անրիոնի` երեխաների հետագա ճակատագրին վերաբերող դիրքորոշումը խիստ էր. «Փողոցում մուրացող երեխան զոհ է, քանի որ գործիք է այլ անձանց ձեռքին: Մուրացող երեխային դեռեւս չպետք է ուղարկել մանկատուն: Նրան պետք է տեղավորել որեւէ հաստատությունում միայն այն դեպքում, եթե ընտանիքը կամ միջավայրը, որում նա ապրում է, վտանգ է ներկայացնում երեխայի համար: Ի վերջո, այն երեխան, որ մուրում է փողոցում, մյուսներից ոչնչով չի տարբերվում: Երեխայի տեղը փողոցը չէ: Մուրացող երեխաները հասարակության օժանդակության կարիքն ավելի շատ ունեն, քան մյուսները»: Պրն Անրիոնի կարծիքով` ոչ թե մուրացող երեխաներն են վտանգավոր հասարակության համար, որոնք առանց այն էլ շահագործվում են, այլ՝ իրավախախտները:

ՀՀ սոցիալական ապահովության նախարարի տեղակալ Կարինե Հակոբյանը հավաստիացրեց, որ մանկական աշխատուժի շահագործումը կանխարգելելուն ուղղված ոչ մի պետական ծրագիր չի իրականացվել: Եվ եթե մանկական մուրացկանությունը նվազել է, ապա միայն հասարակական կազմակերպությունների ջանքերով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter