
«Ազգային ավիացիոն միավորումը» պահանջում է դադարեցնել «Զվարթնոցի» մասնակի ապամոնտաժումը
«Ազգային ավիացիոն միավորումը», որը գլխավորում է հայտնի մասնագետ Դմիտրի Աթբաշյանը, տարածել է հայտարարություն «Զվարթնոց» օդանավակայանի մասին, որը ներկայացնում ենք ամբողջությամբ:
Հայաստանի Հանրապետությունը փաստացի գտնվում է ռազմական իրավիճակում: Միջազգային հարաբերությունների բարդ եւ անկանխատեսելի ժամանակաշրջանը լի է բազմաթիվ վտանգներով: Այդ իրադրությունից ելնելով՝ մենք բազմիցս բարձրաձայնել ենք հանրապետության ռազմվարական նշանակության օբյեկտների պահպանության եւ արդիականացման անհրաժեշտության մասին:
«Զվարթնոց» օդանավակայանի պետական համալիրի հարցով անցկացրել ենք մի շարք քննարկումներ եւ հավանություն ենք տվել օդանավակայանի ճարտարապետական նախագծի հեղինակների ժառանգների եւ «Հայնախագիծ» ՓԲԸ-ի կողմից կատարված առաջարկությունների հիման վրա «Զվարթնոց» օդանավակայանի շենքի արդիականացման այն նախագծին, որը հնարավորություն է ապահովում քիչ ներդրումներով օգտագործել համալիրը իր նպատակային նշականության համաձայն:
Հանրային խորհրդի կարծիքն անտեսող՝ «Զվարթնոց» օդանավակայանի պետական համալիրի մասնակի ապամոնտաժման որոշումն ակնհայտորեն հակասում է ՀՀ ռազմական դոկտրինայի դրույթներին, որի համաձայն՝ պետությունը պարտավոր է պահպանել եւ զարգացնել քաղաքացիական օդանավակայանները ռազմական նշանակության չափանիշներին համապատասխան: Այդ որոշումը վերացնում է շենքի՝ ըստ նպատակային նշանակության օգտագործումը, ինչը, մեր կարծիքով, դավադրական հարված է հայ ժողովրդի մեջքին մեր երկրի համար ամենածանր պահին:
Պահանջում ենք կասեցնել «Զվարթնոց» օդանավակայանի համալիրի մասնակի ապամոնտաժման գործընթացը եւ հարուցել քննություն՝ պետական սեփականության դեմ կատարված ոտնձգությունը բացահայտելու եւ մեղավորներին պատասախանատվության ենթարկելու նպատակով:
Մեկնաբանություններ (7)
Մեկնաբանել