
ՀՀԿ-ն Դարբասի գյուղապետի պաշտոնում առաջադրել է դպրոցի պահակի թեկնածությունը
Առաջիկա կիրակի օրը՝ հուլիսի 10-ին, Սյունիքի մարզի Ախլաթյան եւ Դարբաս գյուղերում կանցկացվեն համայնքի ղեկավարի ընտրություններ:
Դարբասում Հանրապետական կուսակցությունն առաջադրել է ՀՀԿ-ական Ռոբերտ Խաչատրյանին: Վերջինս Դարբասի միջնակարգ դպրոցի պահակն է:
Թե ինչու է ընտրությունը կանգ առել հենց Խաչատրյանի թեկնածության վրա, կուսակցության մարզային գրասենյակի ներկայացուցիչը դժվարացավ մեկնաբանել: Արտյոմ Սարգսյանը «Հետք»-ի հետ հեռախոսազրույցում ասաց, որ տարածքային գրասենյակը գտնվում է Կապանում եւ տեղեկություն չունի, թե Սիսիանի տարածաշրջանի գյուղերից մեկում ինչու է առաջադրվել այս կամ այն թեկնածուն:
Ռոբերտ Խաչատրյանի միակ մրցակիցը ԲՀԿ-ից է: Սաշա Ստեփանյանը Դարբասի ավագանու անդամ է, նաեւ աշխատում է Սիսիանի քաղաքապետ Աղասի Հակոբջանյանի ՀԷԿ-ում՝ որպես օպերատոր: «Հակոբջանյան եւ Գալստյան» փոքր ՀԷԿ-ում Սիսիանի քաղաքապետը 50 տոկոս բաժնեմաս ունի: Ընկերության մնացած բաժնեմասերի սեփականատերը Երեւանի բնակիչ Արսեն Գալստյանն է:
Նշենք, որ Դարբասի բնակիչների թիվը, ըստ պաշտոնական տվյալների, 1141 է: Գյուղը մարզկենտրոն Կապանից 129 կիլոմետր հեռավորության վրա է գտնվում: Դարբասը Սյունիքի հին գյուղերից է եւ առաջին հիշատակությունը վերաբերում է 844 թ-ին։
Ախլաթյան համայնքի ղեկավարի պաշտոնի համար մրցակցում է երեք թեկնածու: ՀՀԿ-ն այստեղ առաջադրել է Արոտօգտագործողների միավորման կոոպերատիվի նախագահ Անաստաս Բաբայանին: Ախլաթյանում ՀՀԿ-ին ձեռնոց է նետել կոալիցիոն գործընկեր Դաշնակցությունը՝ առաջադրելով գյուղի դպրոցի ուսուցիչ Արկադյա Բադալյանի թեկնածությունը: Երրորդ թեկնածուն անկուսակցական Հովհաննես Հակոբյանն է:
Ախլաթյանը մոտ 588 բնակիչ ունի: Գյուղը Սյունիքի մարզկենտրոնից հեռու է 118 կիլոմետր: Համարվում է լեռնային համայնք, քանի որ գտնվում է ծովի մակերեւույթից մոտ 1800 մետր բարձրության վրա: Ախլաթյանը նույնպես Սյունիքի մարզի հնագույն բնակավայրերից է։
Թե՛ Ախլաթյանում, թե՛ Դարբասում համայնքի ղեկավարի ընտրություններ են նշանակվել արտահերթ՝ պայմանավորված նախկին գյուղապետերի մահերի կապակցությամբ:
լուսանկարը՝ Անահիտ Հայրապետյանի
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել