Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի շրջանավարտները ներկայացրին ավարտական նախագծերը
Գայանե Սարգսյան
Ամալյա Եղոյան. «Ներկայացվող նախագծերն ունեն բոլոր հնարավորությունները՝ վաղը կոմերցիոնի վերածվելու համար»
50-ամյա Կարինե Միքայելյանը Սպիտակի ավագ դպրոցում ինֆորմատիկայի ուսուցչուհի է: 30 տարվա աշխատանքային փորձով ուսուցչուհին այսօր Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում ներկայացրեց իր թիմի ավարտուն աշխատանքը՝ Սպիտակ քաղաքի պաշտոնական նոր կայքի տեսքով:
«Սպիտակի այժմյան կայքը պատրաստվել է դրսի ծրագրավորողի՝ ոչ սպիտակցու կողմից: Կայքում Սպիտակի տարբեր ոլորտների մասին ինֆորմացիան շատ սեղմ է, ու կայքից օգտվում էին հիմնականում քաղաքապետարանի աշխատակիցները: Հիմա ցանկանում ենք ընդլայնել կայքի ինֆորմացիան՝ ընդգրկելով քաղաքի հետ կապված գրեթե ամեն ինչ, որպեսզի այն հետաքրքիր լինի ոչ միայն պաշտոնյաների, այլև բոլոր սպիտակցիների համար»,- ասում է Կարինեն:
Վերջինս նշում է, որ թեև այդ տարիքում դժվար էր սովորելը, սակայն աշխատասիրության ու համառ աշխատանքի շնորհիվ կարողացել է ավարտին հասցնել ուսուցման կուրսը:
«Արդյունքի հասնելու համար այս տարիքում պետք է մի քիչ երկար աշխատենք, որ տպավորվի: Իմ տարիքի մի քանի մասնակիցներ ունեինք մարզի տարբեր քաղաքներից, հետո երևի չկարողացան հաղթահարել դժվարությունները, կիսատ թողեցին, ես համառորեն առաջ եկա»,-նշում է նա:
Գործունեության մեկ տարվա ընթացքում Վանաձորում անցկացվող ծրագրավորման դասընթացներին մասնակցել է 285 մարդ: Ընդհանուր առմամբ՝ իրականացվել է 5000 ժամ անվճար ուսուցում՝ մոբայլ, վեբ, համակարգչային ճարտարագիտությանն ոլորտներում: Մեկամյա ծրագրի ավարտին կենտրոնի բարձր առաջադիմություն ունեցող թվով 150 ուսանողներից կազմված թիմերը պատրաստել են ավարտուն նախագծեր:
Հուլիսի 7-ին ներկայացրած ավարտուն նախագծերի թվում էին քաղաքների, հասարակական կազմակերպությունների, ատամնաբուժարանների, դպրոցների, օնլայն խանութների ու վաճառակետերի կայքերը, տարաբնույթ օնլայն խաղեր, հեռախոսային հավելվածներ:
Սովորողների ստացած գիտելիքներն ավարտուն աշխատանքների միջոցով գնահատող հանձնաժողովի անդամները հիացած էին ներկայացվածով:
«Ես ուղղակի ապշած եմ, որ այսքան կարճ ժամանակահատվածում այսքան լավ աշխատանքներ կարող էին ստեղծվել»,- նշում է գյումրեցի ծրագրավորող Նարեկ Թադևոսյանը:
Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիական կենտրոնի տնօրեն Ամալյա Եղոյանը, ով մշտապես աջակցում է վանաձորցիներին, հպարտորեն նշում է՝ ներկայացվող նախագծերն ունեն բոլոր հնարավորությունները՝ վաղը կոմերցիոնի վերածվելու համար:
Սրան զուգահեռ, սակայն, վերջինս փաստում է. «Մարզում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտն առանձին գոյություն ունենալ չի կարող, այն սպասարկելու և հեշտացնելու, ավտոմատացնելու է մարզի մյուս ոլորտների աշխատանքը»:
Մարզի ատամնաբուժության ոլորտի աշխատանքը դյուրացնելուն էր ուղղված ստեփանավանցի Ալա Ավագյանի թիմի աշխատանքը:
«Ստեղծել ու ներկայացրել ենք ատամնաբուժարանի կայք, որի նպատակը ատամբուժարաններում հերթերի կանխումն ու աշխատանքի արդյունավետության բարձրացումն է: Այս կայքը կհեշտացնի մարդկանց գործը. նրանք նախ կծանոթանան ատամնաբուժանի ծառայություններին, աշխատակազմին, գնացուցակին, օնլայն կհերթագրվեն, նոր միայն կայցելեն համապատասխան բուժում ստանալու»,- ասում է նա:
20-ամյա Ալան 4-ամսյա դասընթացների ավարտին ժպիտով է հիշում, թե ինչպես էր մի քանի ամիս առաջ մտածում՝ ծրագրավորող կարող են դառնալ միայն ընտրյալները: Այսօր, սակայն, վստահ է՝ եթե ցանկութունը մեծ է, կարող ես հասնել նպատակիդ:
Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնն այժմ բանակցում է ՏՏ ոլորտի երևանյան մի քանի կազմակերպությունների հետ՝ տեղում մասնաճյուղեր բացելու ակնկալիքով:
Վանաձորում մասնաճյուղերի հիմնմանն ընդառաջ արդեն իսկ նեղ մասնագիտական դասընթացներ են անցկացրել «ԱՅԹԻ Մարկետինգ» և «ԷՅԴԻՍԻ» ընկերությունները:
«Չեմ կարող ասել, որ Գյումրիի նման բարձր ցուցանիշներ ունենք սովորողների աշխատանքի տեղավորման հարցում, որովհետև Գյումրիում այս ծրագրերն արվում են 11, Վանաձորում՝ ընդամենը 1 տարի: Սակայն եթե թվերով խոսենք, լոռեցի ուսանողներից մոտ 20-նն առկա ՏՏ ոլորտի ընկերություններում արդեն իսկ որոշակի աշխատանքներ են կատարում որպես ստաժորներ:- նշում է Ա. Եղոյանն ու հավելում,- Պետք է սայլը տեղից շարժենք, պետք է ամեն ինչ անենք, որ մեծ ընկերություններն իրենց մասնաճյուղերը բացեն Վանաձորում: Դա խթան կհանդիսանա, որ մեր ուսանողները չարտագաղթեն»:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել