HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Զվարթնոց» օդանավակայանի համալիրի մասին Ճարտարապետների միության հայտարարությունը

Հայաստանի ճարտարապետների միությունը «Զվարթնոց» օդանավակայանի համալիրի ապամոնտաժման վերաբերյալ հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև:

«Արդեն 15 տարի է, ինչ «Զվարթնոց» օդանավակայանի կառավարումը անհատույց տրամադրվել է «Կորպորասիոն Ամերիկա» ընկերությանը: Կառավարման պայմանագրով` Հայաստանի կառավարությունը իր վրա վերցրեց բազմաթիվ պարտավորություններ, կառավարիչ կազմակերպության վրա դնելով միայն մեկ պարտավորություն` պահպանել և արդիականացնել «Զվարթնոց» օդանավակայանի համալիրը:

Պայմանագրի գործողության գրեթե առաջին օրերից կառավարիչը առաջ քաշեց իր կառավարման տակ գտնվող «Զվարթնոց» օդանավակայանի շենքի ապամոնտաժման հարցը: Տարիներ շարունակ ՀՀ հանրային խորհուրդը, Հայաստանի ճարտարապետների միությունը, «Հայնախագիծ» ՓԲԸ-ն, Ճարտարապետների միջազգային և համահայկական միավորումները, «Զվարթնոց» օդանավակայանի ճարտարապետական նախագծի հեղինակները, նրանց ժառանգները,  քաղաքացիական հանրությունը բազմիցս հանդես եկան պահպանելու «Զվարթնոց» օդանավակայանի համալիրը, որպես միջազգային և հայկական ճարտարապետության արժեք՝ հաջորդ սերունդներին փոխանցելու համար:

Հեղինակավոր մասնագիտական կազմակերպությունները բազմաթիվ կոչերով դիմել են  Հայաստանի Հանրապետության կառավարությանը, խնդրանքով` թույլ չտալ օդանավակայանի շենքի ապամոնտաժումը: Այս հարցով տեղի են ունեցել  բազմաթիվ հանրային քննարկումներ և ճարտարապետների կողմից արվել  են համալիրի ֆունկցիոնալ նշանակությունը պահպանելուն, վերօգտագործմանն ուղղված առաջարկներ և նախագծեր: Ցավոք, դրանք անտեսվել են: Բոլորը միակարծիք են, որ Հայաստանի խորհրդանիշներից մեկը հանդիսացող ճարտարապետական արժեքն անհրաժեշտ է պահպանել` վերօգտագործման նպատակով:

«Զվարթնոց» օդանավակայանի տարածքում ներկայումս կատարվող քանդման աշխատանքները թույլ են տալիս եզրակացնել, որ մասնագիտական շրջանակների և քաղաքացիական հանրության կարծիքն անտեսվել է, իսկ «Զվարթնոց» օդանավակայանի պետական համալիրի ոչնչացումը կառավարիչի համար ինքնանպատակ է դարձել:

Ճարտարապետների միությունը անընդունելի է համարում Զվարթնոց օդանավակայանի տարածքում ներկայումս իրականացվող քանդման աշխատանքները և պահանջում է.

- անհապաղ դադարեցնել քանդման աշխատանքները,

- ստեղծել մասնագիտական հանձնաժողով՝ Հանրային խորհրդի, Ճարտարապետների միության, Քաղաքաշինության նախարարության, Գույքի կառավարման վարչության և այլ շահագրգիռ մարմինների հետ համատեղ՝ շենքի վիճակը գնահատելու և նրա վերօգտագործման հնարավորությունների պարզաբանման նպատակով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter