HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մատենադարանը մեր ազգի կենսագրությունն է

Հարցազրույց «Մատենադարանի բարեկամներ» բարեգործական հիմնադրամի տնօրեն, Մատենադարանի փոխտնօրեն Արշակ Բանուչյանի հետ

- Մատենադարանն ավելի շատ մեր հասարակությանը հայտնի է որպես թանգարան եւ ավելի պակաս՝ որպես գիտահետազոտական հաստատություն: Ի՞նչ է իրականում Մատենադարանը։

- Անշուշտ հասարակության լայն շերտերին Մատենադարանը հայտնի է իբրեւ թանգարան: Մատենադարանի գիտահետազոտական աշխատանքներն առավելապես ուղղված են գիտական շրջանակներին եւ այդ պատճառով գիտական գործունեությունը հասարակությանը հայտնի չէ։ Բացի թանգարան եւ գիտահետազոտական կենտրոն լինելուց, Մատենադարանը մեր ժողովրդի մի ստվար մասի կողմից ընկալվում է որպես «հոգեւոր» հաստատություն։ Ինչո՞ւ է այսպես։ Որովհետեւ այն արժեքները, որոնք պահվում են Մատենադարանում, գրվել կամ պահպանվել են պատմական Հայաստանի տարբեր սրբատեղիներում, հավատավոր մարդիկ դրանց դարեր շարունակ ուխտի են գնացել:

Իր հիմնադրման օրվանից, շուրջ 1500 տարի այն եղել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Մատենադարանը: Վերջին հարյուրամյակում է դարձել պետական գիտահետազոտական հաստատություն:

Աշխարհի տարբեր թանգարանների նման Մատենադարանն էլ մի վայր է, որտեղ հավաքված են մշակութային արժեքներ, եւ որտեղ կատարվում են դրանց պահպանության, նորոգման, վերծանման եւ ուսումնասիրման աշխատանքներ։ Բայց, ի տարբերություն այլ նմանատիպ հաստատությունների, որոնք ստեղծվել են ինչ-որ պահի, ինչ-որ մեկի որոշմամբ, Մատենադարանն առաջացել է Հայոց գերերի գյուտի հետ եւ անընդհատ համալրվելով, թարմացվելով, ինչու չէ՝ նաեւ կորուստներ կրելով, հասել մինչեւ մեր օրերը։ Այս իմաստով կարելի է ասել, որ Մատենադարանը մեր ժողովրդի վերջին մեկուկես հազարամյակի կենսագրությունն է։

- Աշխարհի այլ երկրներում այսպիսի արժեք ունեցող հաստատությունները պահպանվում ու զարգանում են պետական միջոցներով: Կարողանո՞ւմ է այսօր Հայաստանի կառավարությունը բավարար չափով ապահովել Մատենադարանի կարիքները:

- Այլ երկրներում` որպես կանոն, համանման հաստատությունները ստանում են պետական դոտացիա եւ որոշակի արտոնություններ, որոնք սահմանվում են հատկապես այսպիսի հաստատությունների համար: Իսկ առանձին դեպքերում, երբ հաստատությունը բացառիկ կարեւորություն ունեցող հավաքածու ունի, ներկայացնում է ազգային-պետական, համամարդկային անփոխարինելի դեր ու արժեք, կիրառվում են այդպիսի հաստատությունների մասին գրված օրենքները: Այսպիսի հաստատությունները միայն պետության հույսին չեն կարող մնալ, այն միջոցները, որոնք ծախսվում են միայն մշակութային ժառանգության պահպանման համար, արդեն իսկ բավական մեծ են:

ՀՀ կառավարությունը Մատենադարանի պահպանմանն ու զարգացմանը հատկացնում է բավարար ուշադրություն, թերեւս այնքանով, որքանով թույլ է տալիս Հայաստանի ներկա սոցիալ-տնտեսական զարգացման մակարդակը: Պետության բյուջեից հատկացված միջոցները հնարավորություն են տալիս լուծելու միայն առօրեական խնդիրներ: Հեռանկարային զարգացման համար լուրջ ներդրումներ են պետք, հատկապես անավարտ ծրագրերի իրականացման համար:

 Մյուս կողմից, վերջին շրջանում մենք էլ նոր խնդիրներ չենք ձեւակերպել եւ չենք դրել պետության առջեւ՝ միշտ նկատի ունենալով երկրի ներկա իրավիճակը, դժվարություններն ու եղած հնարավորությունները: Եւ պետությանն այս իրավիճակում չծանրաբեռնելու համար մենք որոշեցինք գնալ արդեն փորձված ճանապարհով ու ստեղծել «Մատենադարանի բարեկամներ» հիմնադրամ, որպեսզի ծրագրերի մի մասն իրականացնենք բարեգործական միջոցներով։

- Ո՞վքեր են Մատենադարանի բարեկամները, որտեղի՞ց եւ ինչպե՞ս եք գտնելու նրանց: Ո՞րն է լինելու բարեկամության չափանիշը:

- Մատենադարանի ձեռագրերում գրիչների, հետագա ստացողների, փրկագնողների եւ այլ հիշատակարաններում արձանագրված են 1600 տարվա հայ գրի եւ գրչության նվիրյալների, բարեկամների բազմաթիվ անուններ։ Կամ էլ՝ եղեռնից, ջարդերից մազապուրծ եղած հայ մամիկը՝ կյանքը վտանգելով ձեռագիր էր փրկում։ Կարծում եմ, ասածս վկայում է, որ այսպիսի հայեր այսօր էլ կան, եւ «Մատենադարանի բարեկամներ» կոչվող կազմակերպական ձեւը նվիրյալներին ի մի բերելու լավագույն միջոցն է։

- Այսօր այնքան շատ են դրամահավաք կազմակերպությունները, որ այս գեղեցիկ նախաձեռնությունը կարող է համարվել հերթական:

- Ի դեպ, բոլոր դրամահավաք կազմակերպություններն էլ գեղեցիկ նախաձեռնությունների համար են ստեղծվում։ Այն առաքելությունը, որ մենք մեր առջեւ դրել ենք այնքան էլ նյութական չէ, թեեւ վերջին հաշվով ամեն ինչ գալիս եւ հանգում է նյութականին:

Հարցին պատասխանելու համար նորից անցյալին պետք է հայացք նետենք։ Ձեռագրերի հիշատակարաններում հաճախ են ձեռագրի «ստացողները» (այսօրվա հասկացողությամբ՝ պատվիրատուները) նշում, որ ձեռագիրը ձեռք են բերել որպես «հոգեւոր զավակ», կամ որպես «հոգեւոր զավակ» նվիրաբերել են եկեղեցուն։ Հայ մատենագրությունը հայ ժողովրդի «հոգեւոր զավակն» է։ Որոշ իմաստով հայ ընտանիքի «անդամը»։ Պետք է կարողանալ արթնացնել հայ մարդու կապը իր մշակութային ժառանգության հետ։ Այդ կապը կարող է տարբեր արտահայտչաձեւեր ունենալ, օրինակ մասնակցություն մեր «Ձեռագրի բարեկամ» ծրագրին։ Այս ծրագրի շրջանակում ձեռագրի նկարագրությանը, վերանորոգմանը, ուսումնասիրմանը, թվայնացմանը եւ այլ աշխատանքներին աջակցած մարդկանց անուններն ուղղակի պետք է արձանագրվեն նույն այդ ձեռագրի մերօրյա հիշատակարանում։

Մի խոսքով, ժառանգության պահպանմանն ու զարգացմանը հայ մարդուն մասնակից դարձնելը շատ ավելի կարեւոր եմ համարում, քան պարզապես դրամահավաք կազմակերպելը։ Ոչ միայն ձեռագիրը, առհասարակ մշակութային ժառանգության պահպանումն ամենօրյա խնամք ու հոգատարություն է պահանջում, եւ ուրեմն մեր պարտքը մեր անցյալի հիշատակների հանդեպ, մեր ջանքը վաղվա՝ ապագայի հանդեպ, չի կարող մեկ օրվա ձեռնարկ-ակցիա լինել։

Դրամի չափը էական չէ։ Կարող է նաեւ առհասարակ դրամ չլինել, այլ որեւէ նոր կամ հին գիրք նվիրաբերվել։ Մեզ համար կարեւոր է մարդու եւ հոգեւոր արժեքի շփումը եւ կապը։

-Կարելի է կարծել, որ հիմնադրամը պետք է ապահովի այդ շփումը եւ ոչ թե իրականացնի պահպանության կամ զարգացման ծրագրեր։

- Պետք չէ դրանք իրարից առանձնացնել։ Որպեսզի այդ շփումը կայանա, պետք է լինի նախ ճանաչողություն, ապա մտահոգություն գոյություն ունեցող արժեքների նկատմամբ։ Հազարավոր հայ եւ օտար զբոսաշրջիկներ այսօր այցելում են Նորավանք, հիանում ճարտարապետական այդ համալիրի գեղեցկությամբ։ Պատկերացնո՞ւմ եք, եթե դարեր շարունակ չլիներ Նորավանքը պահպանելու եւ նորոգելու ջանքը, այսօր հայ ճարտարապետության այդ կոթողը գոյություն չէր ունենա։ Ասածս այն է, որ ժողովուրդն ու մշակույթը չեն կարող իրարից անկախ գոյություն ունենալ։ Եթե մշակույթն այդ ժողովրդի մեջ չէ, մշակույթի կրողը չէ եւ եթե ժողովուրդը մշակույթի հետ կապված չէ հոգեւոր թելերով, երկուսն էլ վտանգված են։ Կարող է տպավորություն ստեղծվել, որ այսօրինակ կազմակերպությունները գալիս են պետության հատկացումների թերին լրացնելու։ Դա այդպես չէ։ Օրինակ՝ Մեծ Բրիտանիայի նման հզոր երկրում գործում են թանգարանների ու գրադարանների բարեկամների բազմաթիվ կազմակերպություններ։ Ես վստահ եմ, որ դրանք գումար հավաքելուց եւ ծրագրեր իրականացնելուց զատ ունեն նաեւ հոգեւոր կապի ապահովման խնդիր։

- Ինչպե՞ս եք կազմակերպելու ՄԲԲՀ աշխատանքները Սփյուռքում, ունե՞ք համապատասխան կառույցներ ու ներկայացուցչություններ:

- Շուրջ տասներկու երկրում ունենք ներկայացուցիչներ։ Անշուշտ շատ կարեւոր եւ օգտակար աշխատանք է կատարվում ներկայացուցիչների միջոցով։ Չեմ ուզում առանձին-առանձին անդրադառնալ այդ աշխատանքներին։ Շուտով կգործարկվի «Մատենադարանի բարեկամներ» բարեգործական հիմնադրամի ինտերնետային հանգույցը, մեր ներկայացուցիչները կունենան իրենց առանձին էջերը, եւ ամեն ինչ մանրամասն կներկայաց?վի։ Կներկայացվեն նաեւ գործունեության բոլոր ուղղությունները։

- Ի՞նչ ծրագրեր եք առաջարկելու Մատենադարանի բարեկամներին, ո՞ր ուղղություններն են լինելու առաջնահերթ:

-Մատենադարանը պետք է նոր, փոխված հասարակական-տնտեսական հարաբերությունների մեջ զարգացման առաջնահերթ ուղղությունները հստակեցնի, վերագտնի իր դերը? հայ իրականության մեջ, նոր թափով ու նպատակամղված լծվի հայագիտության զարգացմանը, իր հրատարակություններով, իր գործունեությամբ, իր աշխուժությամբ ներկա լինի Հայաստանի եւ աշխարհի գիտական կյանքում։ Ամենակարեւորը սա է, իսկ առաջնահերթություններն ու առանձին ծրագրերն առաջիկայում կներկայացվեն մեր ինտերնետային էջում։

Հետաքրքրվողները կարող են «Մատենադարանի բարեկամներ» գրասենյակ դիմել հետեւյալ հասցեով՝

«Մատենադարանի բարեկամներ»

 «Մատենադարան», Մաշտոցի 53, Երեւան, Հայաստան

 e-mail: [email protected], [email protected]

 հեռ։ (374-1) 520420, ֆաքս։ (374-1) 562769

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter