HA-SS Fest-ի շրջանակում լսելի էր արվեստը
Հուլիսի 7-ին, Ժամանակակից արվեստի թանգարանում տեղի ունեցավ HA-SS Fest փառատոնի «Լսել արվեստը, տեսնել ձայնը» գլխավոր միջոցառումը: Ներկայացվեցվեց արվեստի տարբեր ճյուղերի՝ փառատոնի շրջանակում ստեղծված սինթեզ: Փառատոնի նախապատրաստական փուլում արվեստագետներն աշխատել էին թիմերով՝ ստեղծելով կոմպոզիտոր-նկարիչ զույգ, ովքեր էլ հետագայում համագործակցել են:
Գլխավոր միջոցառմանը ներկայացվեց այդ համագործակցությունների առաջին մասը՝ կոմպոզիտոր-նկարիչ հետևյալ թիմերով՝ Էվան Կասոֆ-Գագիկ Բաբայան, Բեն Լան-Գարիկ Կարապետյան, Մայա Պալսեր-Վահագ Համալբաշյան, Ժուստինա Ռեպեկայտե-Սեմ Գրիգորյան, Բոֆան Մայ-Վահե Բերբերյան:
Միջոցառման բոլոր գործերը մատուցվեցին X.Y. անսամբլի կողմից, որ զբաղվում է հենց ժամանակակից երաժշտության կատարմամբ:
Փառատոնի կազմակերպիչ Վան Սարկիսյանը նշեց, որ այս միջոցառումն ամփոփում է փառատոնի ողջ գաղափարը՝ տարբեր երկրների արվեստագետներին միավորել հայ արվեստագետների հետ՝ միասին մեկ ամբողջական գործ ստեղծելու նպատակով. «խնդիրը սա էր՝ դրսից հայացք, թե տարբեր երկրների երաժիշտներն ու կոմպոզիտորները ինչպես են տեսնում ժամանակակից հայ արվեստը և ինչով կարող են ոգեշնչվել»:
Համագործակցության նախնական փուլում նկարիչներն ու կոմպոզիտորները կապ են հաստատել հիմնականում ինտերնետի միջոցով: Նրանք զրուցել են նկարներից, որոնց հիման վրա պետք է ստեղծվեր երաժշտությունը:
Կոմպոզիտոր Բեն Լանը, ով համագործակցել է նկարիչ Գարիկ Կարապետյանի հետ, նշեց, որ մեծ հետաքրքրությամբ է աշխատել: Գարիկ Կարապետյանի կտավում իրեն դուր է եկել հատկապես դինամիկան. «այս աշխատանքը լի է էներգիայով. ես ցանկացել եմ, որ երաժշտությունը համապատասխանի նկարի ետնաֆոնին, իսկ կատարումը փորձելու է արտահայտել ընդհանուր գաղափարը»,-նշեց Բեն Լանը:
Նկարիչներն իրենք էլ առաջին անգամ պիտի լսեին, թե ինչպես է հնչում իրենց կտավը տվյալ կոմպոզիտորի մատուցմամբ.
Վահագ Համալբաշյանը, ով համագործակցել էր Մայա Պալսերի հետ, տպավորված էր իր նկարի հիման վրա ստեղծված երաժշտությամբ: Նրա խոսքերով վրջինս և ինքը բավականին նման են զգացել իր նկարը, և, կարծում է, որ կոմպոզիտորի աշխատանքը բավականին համապատասխանում է իր գործին:
«Ես կարծում եմ, որ ցանկացած նկար այն է, ինչ դիտորդը զգում է, ու երբ ես և Մայան համագործակցում էինք, փորձում էի չճնշել նրան, թողնել, որ իր զգացողությունը գրի: Փորձել էի ընդհանրապես անջատել սպասողական պահը, որ չլիներ այնպես, որ մի բան պատկերացնեի, հետո հիասթափվեի, բայց սպասելիքներս ավելի քան արդարացված են, գործը լսելուց հետո ես հիմա կրկնակի ոգևորված եմ»,-մեզ հետ զրույցում նշեց Վահագ Համալբաշյանը:
Կոմպոզիտոր-նկարիչ համագործակցության արդյունքում ստեղծված գործերի հաջորդ մասը կներկայացվի «Լսել արվեստը, տեսնել ձայնը» եզրափակիչ միջոցառման ժամանակ, որը տեղի կունենա հուլիսի 9-ին՝ Նորարար Փորձարարական Արվեստի Կենտրոնում:
Մարգարիտա Ղազարյան
Լուսանկարը՝ Բաբկեն Ղազարյանի
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել