«Joomag»՝ թվային հրատարակչական ծառայությունների առաջատարը
«Joomag» («Ջումագ») հայկական ստարտափը ինտերակտիվ թվային հրատարակչության առաջատարներից է միջազգային հարթակում: Այն տրամադրում է համալիր ծառայություններ հրատարակությունների օնլայն ստեղծման, տարածման, վաճառքի և վերահսկման համար: Ընկերությունը բացվել է ԱՄՆ-ում 2009 թվականին և կարճ ժամանակում հասել է մեծ հաջողության: «Joomag»-ի հիմնադրման և հաջողության մասին զրուցեցինք ընկերության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի գծով ռեգիոնալ տնօրեն Տիգրան Բադալյանի հետ:
- Ինչպե՞ս առաջացավ«Joomag»-իստեղծման գաղափարը:
- Գաղափարն առաջացել է 2009 թվականին: Այդ ժամանակ բավականին տարածված էր բլոգինգը, որը թույլ էր տալիս մարդկանց արտահայտվել և տարբերվել: «Joomag»-ի ստեղծման նպատակն էր այդ ինքնադրսևորումը ավելի կառուցվածքային դարձնելը: Սա իրականացվեց ամսագրերի, հետագայում՝ այլ թվային հրատարակությունների ոլորտում: Այլ կերպ ասած՝ «Joomag»-ը ստեղծեց ինովացիոն գործիք, որն ավարտուն տեսք և կառուցվածքայնություն բերեց, ինչը պակասում էր բլոգինգում։ Սա նոր արժեք էր թվային հարթակում։
- Ի՞նչ հնարավորություններ է տալիս «Joomag»-ը:
- Մենք թույլ ենք տալիս ստեղծել, տարածել, վաճառել ցանկացած թվային ինտերակտիվ կոնտենտ՝ ամսագրեր, կատալոգներ, ֆոտոալբոմներ, էլեկտրոնային գրքեր, և հետևել դրանց: Մեր գործիքներով նաև կարող եք ձևավորել և ավելի ինտերակտիվ դարձնել արդեն ունեցած նյութը: Օրինակ՝ ներբեռնելով պարբերականը մեզ մոտ՝ հնարավորություն եք ունենում օնլայն խմբագրիչի միջոցով հարստացնել այն տեսահոլովակներով, ձայնային էֆեկտներով, երաժշտությամբ, անիմացիա, տեսադարան ստեղծելով, հղումներ տեղադրելով և այլն: «Joomag»-ը թույլ է տալիս անհատ հրատարակիչներին և մեդիա բիզնեսի ներկայացուցիչներին այս ամենը անել մեկ հարթակում: Ընթերցողների համար այն հասանելի է շնորհիվ «օնլայն viewer»-ի, որի դիզայնի և ֆունկցիոնալության վրա երկար ենք աշխատել:
-Ընկերությունը բացվել է ԱՄՆ-ում: Այս միտումը տարածված է IT առաջատար ընկերությունների շրջանում: Ո՞րն է պատճառը:
-«Joomag»-ի դեպքում դա պայմանավորված է նրանով, որ թվային հրատարակության ամենամեծ հարթակը ԱՄՆ-ում է, այնտեղ են տեղի ունենում ոլորտին առնչվող բոլոր երկխոսությունները, զարգացումները, նորարարությունները: Հաջողության հասնելու համար պետք է այդ մեծ հարթակի մասը կազմել: Դա է պատճարը, որ «Joomag»-ը ստեղծվել է ԱՄՆ-ում՝ հետագայում զարգանալով, տարածվելով այլ երկրներում:
-Որո՞նք են ընկերության ամենամեծ ձեռքբերումները:
-Մեր ամենամեծ ձեռքբերումը օգտատերերի վստահությունն է: Այս տարվա հունիսին նշեցինք մեր 400.000 հրատարակիչներին, այս պահին ունենք 425.000 հրատարակիչ: Այդ բոլոր անհատները և ընկերությունները վստահում և օգտվում են մեր ծառայությունից: Մեր օգտատերերից են համաշխարհային ճանաչում ունեցող «Cosmopolitan», «Elle», «Harper’s Bazaar» ամսագրերը, ամերիկյան «The Huffington Post»-ը և շատ այլ հրատարակիչներ:
Վառ օրինակ է համագործակցությունը «Getty Images» ընկերության հետ, որը աշխարհում հայտնի ամենախոշոր ֆոտոգործակալությունն է, որ տրամադրում է լուսանկարներ: Այն ներառված է մեր համակարգում, ինչը թույլ է տալիս օգտատիրոջը ընտրել նկար, գնել այն և օգտագործել իր նյութը ձևավորելու ընթացքում՝ օգտվելով մեծ զեղչերից:
Կարող եմ նշել նաև մեր գործունեության ընդլայնման մասին: Բացի ամերիկյան և հայաստանյան գրասենյակներից, մենք գրասենյակներ բացեցինք նաև Մոսկվայում և Մյունխենում՝ ուղղված ռեգիոնալ զարգացմանը։ Բոլոր գրասենյակներն իրենց կարևոր ներդրումն ունեն մեր գաղափարների իրականացման մեջ։
- Համագործակցում եք աշխարհահռչակ հրատարակությունների հետ: Ինչպե՞ս է տեղի ունենում համագործակցությունը:
- Մենք ստեղծել ենք 24/7 օնլայն աջակցության համակարգ, և ցանկացած անհատ և ընկերություն հնարավորություն ունի միանալու մեր մասնագետներին, որոնք գտնվում են աշխարհի տարբեր մասերում և օգնում են լուծել ցանկացած խնդիր: Քանի որ ունենք գրասենյակներ տարբեր տարածաշրջաններում, դա թույլ է տալիս տրամադրել օգնություն տեղական լեզուներով: Խոշոր ընկերություններին հատկացնում ենք մեր թիմից անհատ աշխատակցի, ով օգնում է նյութի ստեղծման բոլոր գործերում՝ ծանոթանալով տվյալ ընկերության կառուցվածքին, առաջարկելով ճիշտ լուծումներ: Տարբեր ընկերություններ տարբեր կերպ են օգտագործում մեր ծառայությունը, մեզ համար էլ շատ հետաքրքիր է ծանոթանալ նոր բնագավառների և տեսնել, թե մեր ստեղծած հարթակը ինչ լուծումներ կարող է տրամադրել դրանց:
Մենք ունենք տարբեր սակագնային պլաններ, այդ թվում՝ անվճար: Օգտատերն է ընտրում, թե իրեն որ սակագնային պլանի ծառայություններն են հետաքրքրում՝ ելնելով նրանից, թե նա աշակերտ է, ով պատրաստում է պրեզենտացիա և ցանկանում է ինտերակտիվությամբ աչքի ընկնել դասարանում, թե «The Huffington Post»-ն է, որ իր շաբաթական ամփոփագրերն է հավաքում ու տարածում միլիոնավոր մարդկանց շրջանում:
Մենք կարողացել ենք իրականացնել բիզնեսում ամենակարևոր սկզբունքը` անհատական մոտեցումը յուրաքանչյուր հաճախորդին:
- Տեղական հրատարակիչների հետ համագործակցության օրինակներ ունե՞ք:
- Հրատարակիչների հետ չենք համագործակցել, բայց մեր օգտատերերից է UWC Դիլիջանի դպրոցը: Դպրոցում օգտագործվում է մեր ծառայությունը աշակերտ-ուսուցիչ շփման, ինչպես նաև տեղեկագրերի տարածման համար: Մենք ծառայություններ ենք առաջարկում նաև կրթական ոլորտի համար: Ունենք առանձին սակագնային պլաններ, որոնք նախատեսված են դասախոսների և աշակերտների միջև աշխատանքային միջավայր ստեղծելու համար, նաև ունենք CRM համակարգ, որը թույլ է տալիս ստեղծել կոնտակտային ցանկեր, ուղարկել հաղորդագրություններ, և դպրոցների համար որոշ դեպքերում շատ հարմար է իրենց հայտարարությունները այդ բազայով տարածելը:
- Ինչպե՞ս ընթերցողները կարող են օգտվել ծառայությունից: Այն վճարովի՞ է, թե՞ անվճար:
- «Joomag»-ի օգտագործումը սկսվում էնրանից, որ ներբեռնում եք ձեր ունեցած նյութը և ստեղծում դրա թվային տարբերակը: Այնուհետև հրատարակիչն ինքն է որոշում՝ իր արտադրանքը ցանկանում է վաճառել, թե անվճար տարածել: Ինքն է զբաղվում իր նյութի տարածմամբ, ընթերցողների ներգրավմամբ: Եթե հրատարակիչը որոշում է, որ իր ամսագիրը պետք է վաճառվի, ընթերցողը այն կարդալու համար պետք է գումար վճարի: Այսպես են վարվում, օրինակ, «Cosmopolitan»-ը, «Elle»-ը, «Harper’s Bazaar»-ը, իսկ որոշ լրատվականներ, ինչպես «The Huffington Post»-ը, իրենց շաբաթական ամփոփագրերը տարածում են անվճար:
Հրատարակիչը հնարավորություն ունի իր ստեղծածը գաղտնաբառով փակելու կամ առանձին մարդկանց ուղարկելու, ինչը թույլ է տալիս մասնավոր հրատարակություն ունենալ և մասնավոր նյութեր տարածել միայն այն մարդկանց շրջանում, ում ինքն է ցանկանում: Սա օգտագործվում է, օրինակ, տարեկան հաշվետվությունների դեպքում բանկերի կամ աուդիտորական ընկերությունների կողմից:
-Ստարտափը կյանքի կոչելու ճանապարհին ի՞նչ դժվարություններ եք ունեցել:
-Իմ կարծիքով՝ գլխավոր դժվարությունը մեծ պրոֆեսիոնալ թիմ ստեղծելն է: Սկսում ես փոքր թիմով, զարգանում ես, բայց մեծ ընտանիքի վերածվելու խնդիր է առաջանում: Երբ տարբեր անհատականության և բնավորության մարդիկ հավաքվում են մի վայրում, անհրաժեշտ է ստեղծել մեկ ընդհանուր նպատակ։ Պետք է ճիշտ բաշխել առաքելությունը և փոքր նպատակների ձևով փոխանցել թիմին: Սա լուրջ մարտահրավեր էր, որը մենք հաղթահարեցինք` ստեղծելով «Joomag»-յան յուրովի մշակույթ և պրոֆեսիոնալ թիմ:
-Ովքե՞ր են «Joomag»-ի աշխատակիցները: Ո՞րն է նրանց մոտիվացիան:
-Կարծրատիպային կարծիք կա, որ մեզ մոտ ընդունելության փուլերը երկար են տևում, բայց դրա նպատակն է գտնել ««Joomag»-ի մարդուն»: Մենք ստեղծել ենք պրոֆեսիոնալ թիմ և համալրում ենք այն այդ թիմին բնորոշ մարդկանցով: Նախընտրում ենք, որ մեր թիմի անդամները լինեն ոչ միայն պրոֆեսիոնալ, այլև խանդավառությամբ ու էներգիայով լի մարդիկ: Այսօր երևանյան գրասենյակում ունենք ավելի քան 40 աշխատակից:
«Joomag»-ումյուրաքանչյուրը կատարում է այն աշխատանքը, որը մաքսիմալ համապատասխանում է իր գիտելիքներին և հմտություններին: Թիմակիցները միշտ պատրաստ են օգնելու միմյանց: Օրինակ` վերջերս մենք ներդրել ենք 30 րոպեանոց «Jootalks» գործնական թրեյնինգները, որտեղ յուրաքանչյուր աշխատակից ներկայացնում է որևէ թեմա իր մասնագիտական ոլորտից՝ կիսելով իր գիտելիքները թիմակիցների հետ։
Մենք ջանք չենք խնայում` թիմի կառուցման, ««Joomag»-յան ոգու» ստեղծման համար։ Աշխատանքային գունավոր մթնոլորտը, հաճելի սուրճով ու երաժշտությամբ սկսվող առավոտները, արդեն ավադույթ դարձած «ուրբաթ երեկո»-ները ստեղծել են դրական աշխատանքային մթնոլորտ։
- Ձեր դիտարկմամբ՝ որո՞նք են IT ոլորտի խնդիրները Հայաստանում:
- Ամենամեծ խնդիրը IT կրթական ոլորտի բացն է: Վերջին տարիներին առաջընթաց կա այս բնագավառում: Մենք էլ ենք փորձում մեր ներդրումն ունենալ: Կազմակերպում ենք պրակտիկա և դասընթացներ համալսարանն ավարտած կամ դեռ ուսանող երիտասարդների համար, ովքեր կարողանում են մտնել IT աշխարհ և ի սկզբանե իրենց գիտելիքները գործնականում կիրառել: Մեզ մոտ կան մասնագետներ, ովքեր դեռ սովորում են, բայց անցել են պրակտիկա ու տեղ են գտել մեր մեծ ընտանիքում:Կրթությունն ու զարգացումը«Joomag»-ի կորիզային արժեքներից են: Մենք ինտեգրում ենք ոլորտի նոր մոտեցումները՝ աշխատակիցներին սովորելու հնարավորություն ընձեռելով «այստեղ և հիմա» սկզբունքով։
- Ինչպե՞ս է տարածվում, գովազդվում ձեր ծառայությունը:
- Մարկետինգային քայլեր սկսել են արվել միայն վերջերս, մինչ այդ «Joomag»-ը գովազդվում էր իր հաճախորդներով: Պրոֆեսիոնալ լեզվով՝ դա կոչվում է referral marketing (ուղղորդման մարկետինգ), երբ նոր օգտատերը օգտվում է ծառայությունից՝ հիմնվելով այլ մարդու կարծիքի վրա: Այսօր ունենք 425.000 հրատարակիչ և 20 միլիոն ընթերցող, ովքեր ամսվա կտրվածքով կարդում են թվային հրատարակությունները:
- Մրցակցային դաշտում ի՞նչ դիրք է զբաղեցնում«Joomag»-ն այսօր:
- Երբ նոր էինք մտնում այս բնագավառ, ԱՄՆ-ում արդեն կային լուրջ դերակատարներ: Հիմա հստակ կարող եմ ասել, որ մենք առաջատարներից մեկն ենք միջազգային հարթակում: Մենք ստեղծեցինք մի ծառայություն, որը համախմբում և տրամադրում է տարբեր ծառայություններ մեկ տեղում: Մենք առաջարկում ենք այն ամենը, ինչ անհրաժեշտ է թվային հրատարակություն ստեղծելու համար:
- Ապագայում ի՞նչ հեռանկարներ ունեք: Ո՞րն է «Joomag»-ի նպատակը:
- Մենք սկսել ենք զարգանալ, ստեղծել ենք տարածաշրջանային ներկայացուցչություններ և շարունակելու ենք այս ճանապարհը: Մեր նպատակն է հասանելի լինել յուրաքանչյուրին ցանկացած տեղում ցանկացած ժամի: Եթե այսօր հարցնեք «Joomag»-ի թիմակիցներին, թե որն է մեր առաքելությունը, բոլորը վստահ ու ժպիտով միանշանակ կպատասխանեն՝ հեղափոխել թվային աշխարհը:
Հարցազրույցը վարեց Մարինե Ստեփանյանը
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել