«Հետք»-ը անդրադարձել է Ազգային ժողովի պատգամավորների ու նրանց հարազատների ստացած թանկարժեք նվերներին: Շարունակելով ուսումնասիրել բարձրաստիճան պաշտոնատար անձանց գույքի և եկամուտների հայտարարագրերը՝ ներկայացնում ենք նախարարների և փոխնախարարների, ինչպես նաև նրանց հարազատների կողմից վերջին հինգ տարիներին ստացած նվերները:
Մինչ կառավարության անդամների հայտարարագրած նվերներին անցնելը՝ նշենք, որ «Հանրային ծառայության մասին» օրենքի համաձայն՝ հանրային ծառայողը կամ բարձրաստիճան պաշտոնատար անձը չպետք է ընդունի նվեր, որը կապված կլինի իր լիազորությունների իրականացման հետ: Մինչդեռ հրապարակված հայտարարագրերից դժվար է հետևություն անելը, թե արդյոք կառավարության անդամների լիազորությունների հետ կապված են եղել տասնյակ հազարավոր դոլարների հասնող նվերները, որոնք նրանք ստացել են պաշտոնավարման տարիներին, քանի որ չի հրապարակվում, թե ովքեր են նվիրատուները:
Նախարարները և նրանց հարազատները
Հայաստանում միակ նախարարը, որ հայտարարագրել է իր ստացած նվիրատվությունը, Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն է։ Նա 2012թ-ին, երբ դեռ Ազգային ժողովի «Հանրապետական» խմբակցության պատգամավոր էր, ստացել է 3 մլն դրամի նվիրատվություն:
Մյուս նախարարներն իրենց գույքի և եկամուտների տարեկան հայտարարագրերում նվիրատվություններ չեն գրանցել։ Սակայն որոշ դեպքերում նվերներ են ստացել նրանց հետ փոխկապակցված անձիք՝ նրանց հարազատները։
Այսպես, 2014թ-ից հետո, երբ Արմեն Մուրադյանը ստանձնեց առողջապահության նախարարի պաշտոնը, նրա ընտանիքը նվեր է ստացել մոտ 43 000 ԱՄՆ դոլար: 2014թ-ին Արմեն Մուրադյանի կինը՝ Ելենա Ամիրխանյանը, նվեր է ստացել 15 հազար ԱՄՆ դոլար, իսկ 2015-ին՝ ևս 10 հազարը: 2014-ին 4,3 մլն դրամի նվեր է ստացել նաև նախարարի մայրը՝ Լիլիա Չիլինգարյանը, իսկ դուստրը՝ Գայանեն, նույն տարում ստացել է 4 հազար ԱՄՆ դոլար, իսկ հաջորդ տարում՝ ևս 5000 դոլար:
Փոխնախարարները
Նվերներ ստացել են նաև նախարարների տեղակալները՝ երբեմն ավելի մեծ չափերի։ Սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Արսեն Քարամյանը, օրինակ, 2011թ-ից ի վեր նվեր է ստացել 100 հազար ԱՄՆ դոլար գումար: Արսեն Քարամյանը այս պաշտոնը զբաղեցնում է 2009թ-ից, սակայն ինչպես մյուս բարձրաստիճան պաշտոնատար անձիք՝ իր հայտարարագրերը սկսել է ներկայացնել 2011թ-ից։
2009թ-ին է պաշտոնի անցել նաև Մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանը, ով 2 տարի անց հայտարարագրել է նվիրատվություն՝ 18 հազար ԱՄՆ դոլարի չափով։
Քաղաքաշինության փոխնախարար Արմեն Ղուլարյանը 20 հազար ամերիկյան դոլարի նվիրատվություն է ստացել 2011թ-ին, երբ դեռ Տավուշի մարզպետն էր։
Առողջապահության նախարարի տեղակալ Տիգրան Սահակյանը 2014թ-ին 52 մլն դրամ արժողությամբ հողամաս է նվեր ստացել։ Տիգրանը Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի ավագ որդին է։
Ֆինանսների նախարարի տեղակալ, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը 12,7 մլն դրամ արժողության բնակարան է նվեր ստացել 2015թ-ին։ Նրա կինը՝ Հասմիկ Մարտիրոսյանը, 2011թ-ին նվեր է ստացել 216 հազար դրամ։
«Հանրային ծառայության մասին» օրենքի համաձայն՝ 100 հազար դրամը գերազանցող նվերները պետք է տրամադրված լինեին բարեգործության կամ համարվեին համապատասխան նախարարությունների սեփականությունը:
Կանայք
Ոչ փոքր նվերներ են հայտարարագրել նաև փոխնախարարների կանայք:
Էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանի կինը՝ Մանե Հարությունյանը, ամուսնու կողմից պաշտոնն ստանձնելու հաջորդ տարում՝ 2015թ-ին, նվիրատվություն է ստացել 20 մլն դրամի չափով:
Գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանի կինը՝ Սոֆյա Մակարյանը, 2015թ-ին նվեր է ստացել 1 մլն դրամ արժողությամբ արտադրական նշանակության շինություն:
Գյուղնախարարի նախկին տեղակալ Գրիշա Բաղիյանի կինը՝ Բելլա Բաղիյանը, 2013թ-ից ի վեր նվեր է ստացել 17,5 հազար ԱՄՆ դոլար: Հիշեցնենք, որ նախարարի նախկին առաջին տեղակալ Բաղիյանը պաշտոնից ազատվել է հունիսին՝ իր երկու պաշտոնակիցների հետ միասին:
Ֆինանսների նախարարի տեղակալ Տիգրան Բարսեղյանի կինը՝ Լուսինե Ավագյանը, 25 հազար դրամ արժողությամբ բնամթերք է նվեր ստացել 2015թ-ին. թե ինչ բնամթերք է, էթիկայի հանձնաժողովը չի մանրամասնում։
Զավակները
Առողջապահության նախարարի տեղակալ Վահան Պողոսյանի որդին՝ Ռաֆայելը, 23 մլն դրամի նվեր է ստացել 2013թ-ին։
2014թ-ին Ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանի 19-ամյա որդին նվեր է ստացել 52,6 հազար դոլար, և նույն տարում գնել է նույն արժողության Toyota Land Cruiser Prado ավտոմեքենա։ Հաջորդ տարում Հայկ Սաֆարյանը ստացել է 1,5 մլն դրամի նվիրատվություն՝ բնամթերքի տեսքով. էթիկայի հանձնաժողովը կրկին չի մանրամասնում, թե ինչ բնամթերք է դա։
Պաշտպանության նախարարի տեղակալ Մովսես Հակոբյանի դուստրերը՝ Արմինե և Մերի Հակոբյանները, 2015թ-ին նվիրատվություն են ստացել 7-ական մլն դրամ:
Սփյուռքի փոխնախարար Վահագն Մելիքյանի դուստրը՝ Դանիելլան, 2012թ-ին նվիրատվություն է ստացել 10 հազար դոլար, իսկ հաջորդ տարի՝ 29 մլն 970 հազար դրամ։ Ի դեպ, Դանիելլայի մայրը, ով եկամուտ չունի, ավելի հարուստ է, քան փոխնախարար հայրը։ 2011թ-ին Արմինե Դանիելյանը ունեցել է 335 հազար դոլար, 12 մլն դրամ և 50 հազար եվրո կարողություն, իսկ փոխնախարար Վահագն Մելիքյանը նույն տարում հայտարարագրել է 125 հազար ԱՄՆ դոլար և 1 մլն 100 հազար դրամ կարողություն։ Հետագա տարիներին փոխնախարարի կնոջ հարստությունը անցել է կես միլիոն դոլարը, ապա՝ նվազել, երբ նա բնակարան, ավտոմեքենա ու ավտոտնակ է գնել։
Այլ եկամուտներ
Կառավարության անդամների հայտարարագրերում փոքր թիվ չեն կազմում այն եկամուտները, որոնք չեն դասակարգվում որպես աշխատանքի վարձատրություն, շահաբաժին, ժառանգություն, նվիրատվություն կամ սահմանված այլ եկամտի տեսակ, և կոչվում են «այլ եկամուտներ»։
Օրինակ, կառավարության ղեկավար Հովիկ Աբրահամյանը 2013 և 2014թթ-ին, աշխատանքի վարձատրությունից բացի, հայտարարագրել է 40 և 30 մլն դրամի այլ եկամուտներ ևս: Հրապարակվող փաստաթղթերում որևէ տեղեկություն չկա թե որտեղից են այդ եկամուտները:
Վարչապետի կինը՝ Ջուլիետա Աբրահամյանը, հայտարարագրել է մի քանի անգամ ավելի «այլ եկամուտներ»: 2011-2015թթ. այդ գումարը կազմել է 218 մլն դրամ: Մինչ այս եկամուտը, Ջուլիետա Աբրահամյանի հայտարարագրած դրամական միջոցները կազմում էին 315 մլն դրամ և 3 մլն դոլար:
Մեծ չափի «այլ եկամուտներ» են ստացել նաև բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն ու նրա կինը՝ Ալիսա Գրիգորյանը: Այս կատեգորիայում Ալիսա Գրիգորյանի եկամուտները 2013-15թթ. կազմել են ընդամենը 118,3 մլն դրամ: Մինչ այդ էլ նա նշել էր, որ դրամական միջոցները կազմում են 300 մլն դրամ:
Նրա ամուսինը՝ բնապահպանության նախարարը, պաշտոնը ստանձնելիս ունեցել է 300 հազար ռուբլի, 776 հազար դոլար և 810,6 մլն դրամ, որը 2015թ-ի վերջում դարձել է 969 մլն: Նրա եկամուտների հիմնական մասը ևս «այլ եկամուտներն» են. մյուս հիմնական եկամուտը եղել է շահաբաժինը: Համեմատության համար նշենք, որ Արամայիս Գրիգորյանի աշխատավարձը կազմել է նրա ընդհանուր եկամտի միայն 6-8%-ը:
Տեսանյութը՝ Դավիթ Բանուչյանի
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել