
Էթիկայի հանձնաժողովի նախագահը «դիվերսիֆիկացնում» է իր եկամուտները
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահ Սիրանուշ Սահակյանը 2015թ. ձեռք է բերել թանկարժեք բնակարան, որի արժեքը 57 մլն 600 հազար դրամ է:
Ս. Սահակյանը «Հետքին» պարզաբանեց, թե որտեղից իրեն այդքան գումար, երբ, ըստ հայտարարագրի, բացի հանձնաժողովի նախագահի և գիտամանկավարժական գործունեությունից ստացված աշխատավարձից այլ եկամուտ չունի:
2015թ. սկզբին Սիրանուշ Սահակյանն իր հաշվին ունեցել է արտարժույթով և դրամով պահվող դամական միջոցներ: Սակայն տարվա ընթացքում այդ գումարների մեծ մասը զրոյացել է: Օրինակ՝ 20,000 եվրոյից 16,000 եվրոն ծախսվել է: Ամբողջությամբ ծախսվել են նաև 7,200 դոլարն ու 23,000 շվեյցարական ֆրանկը: Բացի այդ, հանձնաժողովի նախագահը նշված տարում 5 մլն 500 հազար դրամով վաճառել է նաև իր MERCEDES-BENZ CLK 350 մակնիշի ավտոմեքենան:
Նշենք, որ Սիրանուշ Սահակյանի արտարժույթով պահվող դրամական միջոցներում շվեյցարական ֆրանկը հայտնվել է 2014 թվականից:
Բացի 9 մլն 300 հազար դրամ աշխատավարձը, որը ստացել է էթիկայի հանձնաժողովից, մոտ 600,000 դրամ եկամուտ էլ ստացել է քաղաքացիաիրավական պայմանագրերից: Սիրանուշ Սահակյանն ասաց, որ դասավանդում է ԵՊՀ-ում և Ամերիկյան համալսարանում: Այդ գումարները ստացել է գիտամանկավարժական գործունեությունից:
Էթիկայի հանձնաժողովի նախագահին հավելյալ եկամուտ է բերել նաև 70,000 շվեյցարական ֆրանկը, որը վարկ է վերցրել:
«Նվազեցված դրամական միջոցները, ավտոմեքենայի վաճառքից ստացված եկամուտը և փոխառությամբ ստացված գումարն ուղղվել է բնակարանի ձեռքբերմանը»,- ասում է Սիրանուշ Սահակյանը:
Հարցին, թե ինչու է փոխառությունը հենց շվեյցարական ֆրանկով վերցրել, այն դեպքում, երբ բնակարանը գնել է Երևանում, Սիրանուշ Սահակյանը պատասխանեց, թե իր դրամական միջոցները ոչ բոլորն են, որ պահվել է դրամով, դոլարով կամ եվրոյով:
«Ռիսկերի տեսանկյունից փոխառությունը նախընտրել եմ վերցնել ոչ թե դոլարով կամ եվրոյով, այլ ֆրանկով: Դիվերսիֆիկացնում եմ հնարավոր ռիսկերը: Այն հայեցողությունը, որ ինձ տրված է, այդ շրջանակում նախընտրել եմ փոխառությունը վերցնել ֆրանկով»,- նշում է Սիրանուշ Սահակյանը:
Մեկնաբանություններ (7)
Մեկնաբանել