«Ապրիլյան պատերազմը էական ազդեցություն ունեցավ Հայաստան ժամանող զբոսաշրջիկների թվաքանակի կրճատման վրա»
Դիանա Ղազարյան
Համաձայն Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ 2016 թվականի հունվար-մարտ ամիսներին Հայաստան է ժամանել 252 506 զբոսաշրջիկ, ինչը, 2015 թվականին նույն ամիսների համեմատությամբ, 8,6%-ով ավելի է:
Հայաստան ժամանող զբոսաշրջիկների թվաքանակի աճին զուգահեռ ավելացել է զբոսաշրջության նպատակով հանրապետությունից մեկնած զբոսաշրջիկների թիվը․ 2016թ. առաջին եռամսյակում զբոսաշրջության է մեկնել 227 499 մարդ, որը 5,9%-ով աճել է՝ 2015-ի նույն ժամանակահատվածի համեմատ։ 2016 թվականի առաջին եռամսյակի զբոսաշրջության վիճակագրությանը առավել մանրամասն կարող եք ծանոթանալ՝ կարդալով մեր նախորդ հրապարակումը:
«Արմենիա թրավել +» տուրիստական գործակալության տնօրեն Հայկ Գրիգորյանը, դիտարկելով իրենց գործունեության ցուցանիշները, արձանագրել է՝ 2015 թվականի առաջին ամիսների համեմատ՝ 2016-ին ՀՀ-ից մեկնող զբոսաշրջիկների թիվը գրեթե 10%-ով կրճատվել է, որը, սակայն, շոշափելի անկում չի համարում։ Ճամփորդողների թվի անկումը նա գլխավորապես պայմանավորում է աճող գործազրկության, քաղաքացիների սոցիալ-տնտեսական պայմանների վատթարացման և արտագաղթի հետ։
Տարվա տարբեր եղանակների հայ զբոսաշրջիկները մեկնում են տարբեր ուղղություններով. ամառային սեզոնին նրանք նախընտրում են ծովափնյա հանգստավայրեր՝ Հունասատան, Իսպանիա, Կիպրոս, Մոնտենեգրո, Իտալիա։ Սակայն նրանց գլխավոր հանգստավայրերը դեռևս համարվում են Բաթումին ու Քոբուլեթին՝ հաշվի առնելով կեցության և ճանապարհային ծախսերի մատչելիությունը։ Իսկ աշնանային և գարնանային ամիսներին հայ զբոսաշրջիկները նախընտրում են Լատինական Ամերիկայից, ասիական երկրներից մինչ սկանդինավյան հանգստավայրերը, հատկապես՝ պատմական և մշակութային վայրեր այցելելու համար։
Հայկ Գրիգորյանը նկատել է, որ վերջին տարիներին Հունաստանը, Իսպանիան ու Բուլղարիան ամենից նախընտրելի և մշտապես պահանջարկ ունեցող հանգստավայրերն են՝ հաշվի առնելով այնտեղ մեկնող չվերթների հագեցվածությունը, գնային մատչելիությունը: Հունաստանում տիրող ճգնաժամի պատճառով իրենք մատչելի են դարձրել գնային քաղաքականությունը։
Գրիգորյանը կատակում է՝ հայաստանցիների ուղևորային ճաշակը տարեցտարի բարձրանում է, և նրանք ուղևորվում են առավել հետաքրքիր երկրներ։ Հայ զբոսաշրջիկները ուղևորությունը կազմակերպելիս առավել կարևորում են անվտանգությունը, որակը, նախասիրությունները, բայց ամենակակարևոր գործոնը մնում է մատչելիությունը․ «Ուղևորությունը նախագծելիս մեր քաղաքացիների համար մատչելի գինը ամենակարևոր գործոնն է։ Հաճախ գալիս, ասում են՝ այսքան բյուջե ունեմ, մի տեղ ուղարկեք, ընտանիքիս հետ հանգստանամ, իսկ մի փոքր բարձր սոցիալական խավը, ում բյուջեն առավել մեծ է, կարողանում է ընտրություն կատարել երկրների, հյուրանոցների, ծառայությունների միջև»։
Եվրոպական երկրներ մեկնող հայ զբոսաշրջիկների համար ևս մեկ խնդիր է Շենգենյան վիզա ստանալը։ Թեև վերջին տարիներին այս ռեժիմով Եվրոպա մեկնելը դյուրինացել է, բայց և Գրիգորյանը հաճախ է հանդիպել դեպքերի, երբ զբոսաշրջիկը ունեցել է բանկային հաշիվ, աշխատանք, անշարժ գույք և մերժել են վիզա տրամադրել, մեկնաբանելով՝ վստահություն չեք ներշնչում։ Համոզված է՝ սա նաև հետք է թողնում գործակալության աշխատանքի վրա, քանի որ որքան էլ ընկերությունը բացատրի, որ ինքը մեղավոր չէ, միևնույնն է՝ նույն հաճախորդը միևնույն ընկերության չի դիմի՝ արդեն իսկ չվստահելով։
Որ երկրների զբոսաշրջիկներն են Հայաստան գալիս, և ինչ անել՝ զբոսաշրջությունը զարգացնելու համար
«Ապրիլյան պատերազմը էական ազդեցություն ունեցավ Հայաստան ժամանող զբոսաշրջիկների թվաքանակի կրճատման վրա և պատերազմի շարունակվող յուրաքանչյուր օր ահռելի ազդեցություն էր ունենալու զբոսաշրջության վրա, եթե չասենք՝ արդեն իսկ ունեցավ, քանի որ 15-20% չեղարկումների ցուցանիշ գրանցեցինք։ Սակայն այս պատերազմը չենք կարող համամետել 2008 թվականի մարտի 1-ի հետ, երբ Գերմանիայի ԱԳՆ անգամ հայտարարություն տարածեց՝ իր քաղաքացիներին խորհուրդ տալով չմեկնել Հայաստան։ Ճիշտ է՝ 2008 թվականի նման չձախողեցինք տարին, սակայն դրա անդառնալի հետևանքները զգացինք մեր աշխատանքում, քանի որ մեր երկիրը աշխարհին հայտնի և հրապարիչ է հենց իր անվտանգությամբ»,- նշում է տնօրենը։
Գրիգորյանը կարծում է, որ զբոսաշրջիկների համար շատ կարևոր են էկոնոմ դասի ծառայությունները, այդ իսկ պատճառով Հայաստանում պետք է կառուցվեն 500 համարանոց 3-4 աստղանի հյուրանոցներ, ոչ այդքան հինգաստղանիներ։ Հայաստանի զբոսաշրջային «արտադրանքը» նա համարում է պատմամշակութային, այսինքն՝ զբոսաշրջիկները Հայաստան չեն գալիս հանգստի նպատակով, դրանք առավել շատ ճանաչողական այցեր են։ Գրիգորյանի դիտարկմամբ՝ Հայաստան հիմնականում ժամանում են Գերմանիայից, Անգլիայից, Ավստրիայից, Իտալիայից, Ֆրանսիայից, Իսրայելից և Իրանից. վերջինից ժամանողների հետ աշխատանքը նա լուրջ բիզնես է համարում։ Ռուսաստան-Թուրքիա հարաբերությունների վատթարացման ֆոնին նա նաև ռուսաստանցի զբոսաշրջիկների թվաքանակի աճ է նկատել, սակայն կարծում է, որ օրեր առաջ պատժամիջոցների դուրսբերումը ռուսաստանցի զբոսաշրջկներին կրկին կտանի դեպի Թուրքիա։
Տուրիստական ընկերության տնօրենը կարևորում է արաբական երկրներից զբոսաշրջիկների՝ Հայաստան ժամանելը, քանի որ նրանք վճարունակ են և Հայաստանի ենթակառուցվածքները՝ ռեստորանները, հյուրանոցները բարձր մակարդակի են և կարող են բավարարել նրանց պահանջները։
Կարծում է, որ եթե պետությունը զբոսաշրջությունը համարում է գերակա ճյուղ, ապա պետք է քայլեր ձեռնարկի, մասնավորապես՝
Պետական աջակցություն - «Պետական աջակցությունը գրեթե բացակայում է, տուրօպերատորներով գնում ենք միջազգային ցուցահանդեսների՝ ներկայացնելու մեր երկիրը, ինքներս ենք վարձակալում, ձևավորում տաղավարները, պետությունը, օրինակ, միայն տալիս է 2 մլն դրամ, սակայն այդ ցուցահանդեսի արժեքը կարող է լինել 20-30 մլն։ Այլ երկների ներկայացուցիչները ոչնչի հետ կապ չեն ունենում, պետությունը նրանց տաղավար է տալիս, ծախսերը հոգում, ասում՝ գնացեք, աշխատեք։ Ճիշտ է՝ մենք գնում ենք սեփական բիզնեսը զարգացելու նպատակով, սակայն այդ զարգացումը նաև երկրի զարգացմանն է բերում։
Պետության կողմից մարկետինգային քայլեր -Նախկինում որոշակի քայլեր արվում էին, օրինակ՝ CNN-ով Հայաստանի մասին պատմող մի երկու կարճամետրաժ հոլովակներ էին ցուցադրում, ներկայանցնում էին երկիրը։ Նայում ես՝ CNN-ով, Euronews-ով ներկայացնում են Ադրբեջանը, զբոսաշրջիկների հրավիրում այդ երկիր, որը չունի տուրիստական պրոդուկտ։ Արտերկրում գտնվող մեր դեսպանատները ևս պետք է աշխատեն, օրինակ՝ վերջերս Ֆրանսիայում Հայաստանի հյուպատոսարանը հրավիրել էր Մարսելի, Փարիզի, այլ շրջանների և Հայաստանի տուրօպերատորներին, և մեր երկրի ներկայացուցիչները ներկայացնում էին Հայաստանը, զբոսաշրջային հնարավորությունները։ Արդյունքում՝ որոշակի շարժ նկատվում է, քանի որ կոնտակները աշխատում են։
Ճանապարհներ բարեկարգում - Տուրիստական բոլոր ուղևորությունները անցնում են Ալավերդիից Վանաձոր գնացող ճանապարհով և արդեն 10 տարի է՝ բարձրաձայնում ենք այդ ճանապարհների, թունելների խայտառակ վիճակի մասին, պատկերացրեք՝ վերևից քարեր են թափվում։ Կամ Գառնի գնացող ճանապարհի փոսերը, որքանո՞վ է հաճելի, որ զբոսաշրջիկները ավտոբուսից իջնում են, որ ավտոբուսը այդ փոսերով անցի, որ նորից բարձրանան ավտոբուս։ Մի հատ թող հաշվեն՝ տարեկան քանի՞ զբոսաշրջիկ է գնում այդ ճանապարհներով։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել