
Սյունիքի գյուղերում ընտրություններն ավարտվել են մեկ՝ ՀՀԿ-ի, մեկ՝ ԲՀԿ-ի հաղթանակով
Երեկ Սյունիքի մարզի Դարբաս եւ Ախլաթյան գյուղերում համայնքի ղեկավարի ընտրություններ էին:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովից կայքից տեղեկանում ենք, որ Դարբասում ձայների ոչ մեծ առավելությամբ գյուղապետ է ընտրվել համայնքի ավագանու անդամ, ԲՀԿ-ական Սաշա Ստեփանյանը: Նա ստացել է 309 քվե, իսկ նրա մրցակիցը՝ ՀՀԿ-ի կողմից առաջադրված Ռոբերտ Խաչատրյանը, որը նախկինում մոտ 15 տարի եղել է Դարբասի գյուղապետը, 277 քվե:
Ընդ որում, գյուղի երկու ընտրատեղամասերից մեկում հաղթանակ է տարել մի թեկնածուն, երկրորդ տեղամասում՝ նրա մրցակիցը: Պարզապես Սաշա Ստեփանյանը 37/2 ընտրատեղամասում մրցակցին հաղթել է ձայների ավելի մեծ տարբերությամբ, քան 37/1-ում Ռոբերտ Խաչատրյանը:
Դարբասում գրանցվել է ընտրողների 68 տոկոս մասնակցություն: Հիմնական ցուցակում ընդգրկված 875 բնակիչներից քվեարկությանը մասնակցել է 598-ը:
Ախլաթյան համայնքի ղեկավարի ընտրությունը, իրենց արդյունքներով, կարելի է ասել՝ դրամատիկ ավարտ են ունեցել: Ընտրության արդյունքում Ախլաթյանի գյուղապետ է ընտրվել Արոտօգտագործողների միավորման կոոպերատիվի նախագահ, հանրապետական Անաստաս Բաբայանը, որն ընդամենը 4 եւ 10 քվեի առավելություն է ստացել իր երկու մրցակիցներից՝ համապատասխանաբար Արկադյա Բադալյանից եւ Հովհաննես Հակոբյանից:
Ախլաթյանի գյուղապետի ընտրությունում գրանցվել է ընտրողների 70 տոկոս մասնակցություն: 448 ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 315-ը:
Լուսանկարները՝ Գագիկ Աղբալյանի
Մեկնաբանել