
Ջավախքում մոր և 3 երեխաների սպանության գործով կասկածյալը ձերբակալվել է. հարցաքննվում են համագյուղացիները (լրացված)
Ջավախքի հայաբնակ Վաչիան գյուղում սպանված հայտնաբերված Քաչոտյանների ընտանիքի դեպքի առթիվ հարցաքննվում են գյուղի բնակիչները: Տասնյակ երիտասարդներ են հարցաքննվել: Նրանցից մեկն արդեն ձերբակալվել է՝ սպանությունը կատարելու կասկածանքով:
Գյուղացիներն արդեն իսկ պատմում են գողություն կատարելու երիտասարդի փորձի մասին, որը ձախողվել է, քանի որ տան բնակիչներն արթնացել են:
Հիշեցնենք՝ Ախալքալաքի շրջանի Վաչիան գյուղում հարևանները հայտնաբերել էին 37-ամյա Օֆելյա Քաչոտյանին և նրա՝ 5, 16 և 18-ամյա երեք երեխաների՝ Սերյոժայի, Արմինեի և Ասյայի դիերը:
Լրացված
Վրաստանի ՆԳՆ-ի տարածած հաղորդագրության համաձայն՝ ձերբակալվել է համագյուղացի, 1992թ. ծնված Նոդար Ա.-ն՝ կանխամտածված սպանություն իրականացնելու կասկածանքով: Վերջինս ինքնախոստովանական ցուցմունք է տվել: Համաձայն ՆԳՆ-ի տվյալների՝ սպանությունը քողարկելու համար Նոդար Ա.-ն փորձել է հրդեհել տունը, և առաջացած գազի արտահոսքից խեղդվել է փոքրիկ Սերյոժան:
Դեպքի հարակից տարածքում հայտնաբերվել են սպանվածների բջջային հեռախոսները, որոնք տարվել են փորձաքննության:
Հարուցվել է քրեական գործ՝ Վրաստանի ՔՕ 109-րդ հոդվածի երրորդ մասով՝ երկու և ավելի անձանց դիտավորյալ սպանություն կատարելու հիմքով:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել