«PanDoc»․բջջային հավելված հիվանդների խորհրդատվության համար
Դիանա Ղազարյան
«PanDoc» բջջային հավելվածը հիվանդների համար դառնալու է անձնական խորհրդատու և օգնելու է բժիշկների ընտրության հարցում։ «PanDoc»-ը (այս անվանումը նախնական է․ հավելվածի ստեղծումից հետո այն այլ անվանումով է ներկայանալու-հեղ․) կլինի հայալեզու առաջին հավելվածը, որի նպատակը բժիշկների և հիվանդների միջև կապն առավել հասանելի դարձնելն ու անխափան շփում ապահովելն է։ Հավելվածի գաղափարի հեղինակ Սաթենիկ Գրիգորյան ասում է, որ նմանատիպ բջջային հավելված ստեղծելու անհրաժեշտություն արդեն իսկ կար։
«Իմ ղեկավարած Doctors.am առողջապահական տեղեկատու-կայքում ունենք շուրջ 5000 բժիշկների տվյալներ և յուրաքանչյուր օր կայքի ադմինիստրացիան ընթերցողների կողմից ստանում է մոտավորապես 150 կոնսուլտացիոն նամակ՝ ուղղված այս կամ այն մասնագետին: Շատ հաճախ հարցերը լինում էին անորոշ, ուղղված ոչ ճիշտ մասնագետին կամ ուղղակի բժշկի պատասխանն ուշանում էր էլեկտրոնային փոստը ոչ հաճախ ստուգելու պատճառով: Եվ Doctors.am -ի թիմի հետ որոշեցինք այս գործընթացն՝ այսինքն բժշկի և հիվանդի/քաղաքացու հետ կապը դարձնել ավելի հարմարավետ, հասանելի, բարձրացնել մարդկանց տեղեկատվությունը իրենց անհանգստացնող հիվանդությունների և գանգատների վերաբերյալ»,- նշում է Սաթենիկը:
Ընդամենը երկու օր առաջ սոցիալական նորարարության ճամբար մրցույթում հաղթող է ճանաչվել հավելվածի գաղափարը, և մի քանի ամիսներ հետո այն հասանելի կլինի օգտատերերին։
Ինչ տեսք է ունենալու հավելվածը
Հավելվածը բաղկացած կլինի երկու հիմնական բաժիններից, առաջինը` կծառայի քաղաքացու համար, որպես խորհրդատու- ուղորդիչ և, հագեցած լինելով բոլոր ոլորտներին վերաբերող առաջնային բժշկական խորհրդատվությունների ժամանակ տրվող հարցերով, կօգնի գտնել համապատասխան մասնագետին: Այսինքն՝ օգտատերը մուտք կգործի իր խնդրին առնչվող բժիշկների ցանկը, օրինակ՝ գինեկոլոգներ բաժինը, կծանոթանա այնտեղ ներկայացված գինեկոլոգներին, կընտրի նրանցից մեկին կամ մի քանիսին, նամակ կգրի և բժշկին այնտեղ կհասնի ծանուցման տեսքով, այնուհետ հիվանդն իրեն հուզող հարցերի պատասխանները կստանա բժշկից։
Սաթենիկ Գրիգորյանը կարևորում է նման հավելվածի ստեղծումը, քանի որ այս հնարավարության միջոցով անձը կարող է առանց ավելորդ ֆինանսական միջոցներ և ժամանակ ծախսելու դիմել հենց այն բժշկին, ով զբաղվում է իր խնդրով:
Հավելվածը ներբեռնելը և դրանից օգտվելն անվճար է լինելու թե՛ բժիշկների, և թե՛ քաղաքացիների համար:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել