
Clearstream-ը մուտք է գործում հայաստանյան շուկա
«Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիա» ԲԲԸ-ն (ՀԿԴ) և Deutsche Börse Group-ի արժեթղթերի միջազգային կենտրոնական դեպոզիտարիան` Clearstream-ը, կնքել են ՀԿԴ-ում Clearstream-ի անվանատիրոջ հաշվի բացման պայմանագիր: Այս մասին տեղեկացնում է Կենտրոնական դեպոզիտարիան:
Համաձայն հաղորդագրության` սկսած 2016թ.-ի հուլիսի 11-ից օտարերկրյա ներդրողները կկարողանան հեշտացված կարգով ներդրումներ կատարել պետական պարտատոմսերում և վերազգային կազմակերպությունների կողմից թողարկված պարտատոմսերում: Նշված գործընթացում ՀԿԴ-ն կգործի որպես լոկալ պահառու, իսկ Կենտրոնական բանկը՝ որպես դրամական միջոցների թղթակցային բանկ:
Նշված անդրսահմանյան կապի միջոցով սկզբնապես կտրամադրվեն վերջնահաշվարկի և պահառության ծառայություններ, իսկ ՀՀ դրամը կդառնա վերջնահաշվարկի լիարժեք արժույթ: Գործառնական մանրամասներին և այլ օժանդակ փաստաթղթերին դեպոզիտարիան առաջարկում է ծանոթանալ Clearstream-ի պաշտոնական կայքում՝ www.clearstream.com:
Դեպոզիտարիան հիշեցնում է, որ ՀԿԴ անվանատիրոջ հաշիվը Clearstream-ում բացվել է 2013 թ.-ի դեկտեմբերին, որի արդյունքում ներկայումս հայաստանյան ներդրողները կարող են մեկ պատուհանից նեդրումներ կատարել աշխարհի ավելի քան 50 զարգացած և զարգացող երկրների արժեթղթերում:
Clearstream
Որպես արժեթղթերի միջազգային կենտրոնական դեպոզիտարիա (ICSD), որի գլխամասային գրասենյակը գտնվում է Լյուքսեմբուրգում, Clearstream-ը տրամադրում է հետ առևտրային ծառայությունների ենթակառուցվածք Եվրապարտատոմսերի շուկայի և աշխարհի ավելի քան 50 տեղական շուկաների արժեթղթերի համար: Clearstream-ի հաճախորդ են հանդիսանում ավելի քան 110 երկրի մոտ 2,500 ֆինանսական կազմակերպություններ: Clearstream-ի ծառայությունների թվում են արեթղթերի թողարկումը, վերջնահաշվարկը և պահառությունը, ինչպես նաև ներդրումային ֆոնդի հետ կապված ծառայությունները և գլոբալ արժեթղթերի ֆինանսավորումը: Պահառության ներքո ունենալով մոտ 13 տրիլիոն եվրոյին համարժեք ակտիվներ` Clearstream-ը հանդիսանում է աշխարհի խոշորագույն` վերջնահաշվարկի և պահառության ծառայություններ մատուցող կազմակերպություններից մեկը տեղական և օտարերկրյա արժեթղթերի համար:
Լուսանկարը` Clearstream-ի linkedin-ի էջից
Մեկնաբանել