
«Մեղավորներին ներում շնորհելու դեպքում բոլոր կասկածներն ինքնաբերաբար կուղղվեն Հանրապետության նախագահի վրա»
Հարցազրույց ԼՂՀ ԱԺ պատգամավոր, «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Հայկ Խանումյանի հետ
2016թ. հունիսի 5-ին Ստեփանակերտում Սամվել Բաբայանի դիմավորման արարողությունից հետո Հայկ Խանումյանի գլխավորությամբ մի խումբ քաղաքացիներ մեկնեցին ԼՂՀ նախագահի նստավայր` պահանջելով Սամվել Բաբայանին նշանակել Արցախի Պաշտպանության բանակի հրամանատար: Հաջորդ օրն առավոտյան Ազգային ժողովի շենքի մոտ Խանումյանը ենթարկվեց հարձակման, նրան առևանգեցին, տեղափոխեցին Ստեփանակերտի Նոր Արեշ թաղամաս, որտեղից Խանումյանը մի շարք ջարդվածքներով տեղափոխվեց Ստեփանակերտի հանրապետական հիվանդանոց: Այս պահին Խանումյանի գործով կա երեք կալանավորված, նրանք մեղադրվում են ԼՂՀ քր.օր-ի 129-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով:
- Ձեր գործով այժմ կա երեք կալանավորված, Դուք գործին ներգրավել եք նաև փաստաբան Հայկ Ալումյանին` որպես Ձեր ներկայացուցիչ: Արդյո՞ք գոհ եք նախաքննության ընթացքից:
-Նախաքննության ընթացքը մեզ չի բավարարում, կան բազմաթիվ հարցեր, որոնք մնում են անպատասխան: Ոստիկանությունը բավականին պասիվ է աշխատում մեղավորներին հայտնաբերելու ուղղությամբ: Օրինակ, չնայած որոշ ավտոմեքենաների համարանիշների առկայությանը, չեն կարողանում հայտնաբերել մեքենաներն ու տերերին: Կարծում եմ դրանք ճշտելը րոպեների հարց պետք է լիներ: Այնինչ, ասենք, հունիսի 5-ի միջոցառմանը մասնակցած անձանց ավտոմեքենաների նկատմամբ ճանապարհային ոստիկանությունը հատուկ ուշադրություն է ցուցաբերում: Եթե հավատանք ոստիկանությանը, ապա իմ դեպքի երկրորդ մասի` Ստեփանակերտի Նոր Արեշ թաղամասում տեղի ունեցած ծեծի մասնակիցներին ճշտելը խնդիրներ է հարուցում ապացույցների պակասության հետևանքով: Սակայն գոնե Ազգային ժողովի դիմաց, Վերածննդի հրապարակում ներգրավված անձանց ինքնությունը ճշտելը խնդիր չպետք է լիներ: Ասենք, ոստիկանությունը մինչ այսօր չի կարողացել ճշտել ինձ առևանգելու համար օգտագործված մեքենայի վարորդի անձը (համենայնդեպս նա չկա կալանավորվածների մեջ), այն ժամանակ, երբ հայտնաբերված է ավտոմեքենան և այդ ամբողջը տեղի է ունեցել տեսախցիկների առկայությամբ:
- Ձեր կարծիքով ինչու՞ է ոստիկանությունը նման վարքագիծ դրսևորում:
-Ոստիկանության վարքագիծը հենց սկզբից է կասկածելի եղել: Միջադեպը սկսելուց մինչև իմ հիվանդանոց ընկնելը տևել է մեկ ժամից ավելի և այդ ընթացքում ոստիկանությունը ոչնչից տեղյակ չի եղել, այն ժամանակ, երբ դեպքը տեղի է ունեցել մայրաքաղաքի կենտրոնում, հատուկ պահպանվող շենքերի դիմաց: Ոստիկանությունը դժվարությամբ է գրանցել հանցագործության մասին հաղորդումը նույնիսկ այն ժամանակ, երբ ես արդեն վերակենդանացման բաժնում էի: Բնականաբար այս ամենը խիստ կասկածելի է:
- Ստեփանակերտում համառորեն լուրեր են շրջում այն մասին, որ կալանավորված անձինք հնարավոր է համաներման տակ ընկնեն կամ ներման արժանան: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս լուրերը:
-Համաներման առաջարկ ունի Հանրապետության նախագահը: Նա նաև կարող է ներում շնորհել ցանկացած դատապարտյալի: Կարծում եմ, որ իմ գործով անցնողներին ներում շնորհելու դեպքում իմ դեմ բռնության կազմակերպման բոլոր կասկածներն ինքնաբերաբար կուղղվեն Հանրապետության նախագահի վրա:
- Դուք ի՞նչ կասկածներ ունեք կազմակերպիչների մասին:
-Հետաքրքիր վկայություններ են ի հայտ գալիս, որոնք մտածելու տեղիք են տալիս: Օրինակ, «Արմենիա» սրճարանի հաճախորդներին բռնության միջամտելու հնարավորություն չեն տվել զինվորական համազգեստով, երևանյան խոսվածքով, սպորտային կազմվածքով անձինք: Ենթադրաբար դրանք հայաստանյան որոշակի ստորաբաժանումների ծառայողներ են: Երևանյան որոշակի կառույցներ մասնագիտացված են հասարակության տարբեր շերտերի միջև ատելության բորբոքմամբ`տարբեր հարցերի շուրջ հնարավոր համախմբումները բացառելու նպատակով:
- Ինչպես ե՞ն արձագանքել միջադեպին ԱԺ Ձեր գործընկերները:
-Միջադեպից անմիջապես հետո ԱԺ խմբակցությունները համատեղ դատապարտող հայտարարություն են տարածել, մշտապես ոստիկանությունից պարզաբանումներ և տեղեկություններ են պահանջում գործի առթիվ: ԱԺ դիմաց, ԱԺ անվտանգության ծառայակիցներից մի քանի մետր հեռավորությամբ պատգամավորի ծեծը և առևանգումն ուղղված է բոլոր պատգամավորների և Ազգային ժողովի դեմ` որպես իշխանության թևերից մեկը, որպես կարևոր պետական կառույց:
Հարցազրույցը՝ Լ. Հակոբյանի
Մեկնաբանել