ԻՏՁՄ մեկնարկում է զորացրվող զինծառայողների տեխնոլոգիական կրթության և զբաղվածության ապահովման ծրագիր
Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ) նախաձեռնել է «ՀՀ զինված
ուժերից զորացրվող զինծառայողների տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում կրթության և
զբաղվածության ապահովում» ծրագիրը, որի նպատակն է ինժեներական հիմնարար գիտելիքներ և
հմտություններ փոխանցել ապրիլյան մարտական գործողությունների մասնակից, զորացրված կամ
առաջիկայում զորացրվող ժամկետային զինծառայողներին, վիրավոր զինածառայողներին, նրանց ընտանիքի անդամներին, ինչպես նաև զոհված զինծառայողների ընտանիքի անդամներին: Այս մասին տեղեկացնում է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը:
Հաշվի առնելով տեխնոլոգիական ոլորտում աճող ակտիվությունը և մասնագետների պահանջարկը շուկայում՝ ծրագիրը միտված է լուծելու դասընթացն ավարտած անձանց զբաղվածության խնդիրը, ինչպես նաև նրանց մեջ սերմանելու տեխնոլոգիական ձեռներեցության հմտություններ: Ներկայումս ԻՏՁՄ-ն ՀՀ (ներառյալ ԼՂՀ) դպրոցներում ու ուսումնական կենտրոններում հիմնել է շուրջ 130 ինժեներական խմբակ-լաբորատորիաներ, որտեղ էլ նախատեսվում է իրականացնել «ՀՀ զինված ուժերից զորացրվող զինծառայողների տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում կրթության և զբաղվածության ապահովում» ծրագիրը:
Ծրագիրն իրականացվելու է դասընթացների միջոցով: Ծրագրի տևողությունը վեց ամիս է: Յուրաքանչյուր
ուսումնական խմբում կարող է ընդգրկվել առավելագույնը 15 անձ: Դասընթացը հնարավորություն կտա խմբում ընդգրկված անձանց տիրապետելու ծրագրավորման հիմնական սկզբունքներին՝ սկսած նախնական համակարգչային ծրագրավորման լեզվից (Scratch) մինչև բարձր մակարդակի ծրագրավորման լեզու (JavaScript), ինչպես նաև սովորել ռոբոտաշինության սկզբուքները: Վերը նշված լաբորատորիաներում առկա են եռաչափ տպիչ, շաղափային հաստոց, ռոբոտի հավաքածու և համակարգիչներ: Նախատեսվում է, որ ծրագիրը կմեկնարկի ս.թ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին: Երևանում առաջին դասընթացը կանցկացվի հուլիսի 15-ին:
Ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է. 1) Անձը հաստատող փաստաթղթով և զինվորական գրքույկով ներկայանալ տարածքային զինվորական կոմիսարիատ և հաշվառվել: 2) Հաշվառվել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Զբաղվածության պետական
ծառայություն» գործակալության զբաղվածության տարածքային կենտրոնում գործազուրկի կամ
աշխատանք փնտրողի կարգավիճակ ստանալու համար: Հաշվառվելիս անձը պետք է ցանկություն հայտնի ծրագրավորողի մասնագիտություն ձեռք բերելու համար:
Կապ հաստատել Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) սույն ծրագիրը համակարգողի հետ՝ զանգահարելով +374-11- 54-88- 81 (ներքին՝ 12) հեռախոսահամարով:
ԻՏՁՄ-ն տեղեկացնում է, որ ծրագրին իրենց աջակցությունն են հայտնել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն ու Զինվորական կոմիսարիատը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել