HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանի և Արցախի համագործակցությունն առողջապահության ոլորտում թևակոխում է նոր փուլ. ԱՆ

Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն ընդունել է ԼՂՀ առողջապահության նախարար Կարինե Աթայանին: Հանդիպման առանցքում էին բժշկական օգնության աշխատանքների կազմակերպման, կադրային հագեցվածության, առավել օպերատիվ և համակարգված համագործակցության մշակման, ինչպես նաև այլ հարցեր:

«Այսօր մեր համագործակցությունը թևակոխում է նոր փուլ և մենք պատրաստկամություն ենք հայտնում խորացնել  արդեն իսկ սերտ համագործակցությունն ի նպաստ երկու երկրի բնակչության առողջության պահպանման»,- նշեց է առողջապահության նախարարը: 

Արմեն Մուրադյանը ներկայացրել է Հայաստանի  առողջապահական համակարգի մի շարք ծառայությունների ղեկավարներին, գլխավոր մասնագետներին: Համագործակցությունը սերտացնելու նպատակով նա հանձնարարեց նախարարության գլխավոր մասնագետներին շարունակել այցերը Արցախ, ինչպես նաև քայլեր ձեռնարկել Հայաստանում իրականացվող կարևոր առողջապահական ծրագրերը ԼՂՀ-ում ներդնելու, նորարարությունները հասանելի դարձնելու  ուղղությամբ:

«Մեր համագործակցությունը սկսեց քառօրյա պատերազմի առաջին րոպեներից, կրեց գործնական բնույթ: Եվ ուրախությամբ պետք է փաստեմ, որ այդ համագործակցությունը շարունակում է նաև  խաղաղ օրերին»,- ընդգծել է Կարինե Աթայանը:

Հանգամանալից անդրադարձ է կատարվել Արցախի բժշկական հաստատությունները նեղ մասնագետներով համալրման խնդրին: ՀՀ և ԼՂՀ առողջապահության նախարարների ուշադրության կենտրոնում են եղել համաճարակաբանական իրավիճակին, մոր և մանկան առողջության պահպանմանը վերաբերող հարցերը:

Հանդիպման ընթացքում Արմեն Մուրադյանը և Կարինե Աթայանը ստորագրել են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարության միջև համագործակցության մասին համաձայնագիր:

Նպատակ ունենալով պահպանել և բարելավել Հայաստանի և Արցախի բնակչության առողջությունը` ստորագրված փաստաթղթով նախատեսվում է, առողջապահության ոլորտը կարգավորող օրենսդրության մասին տեղեկատվության փոխանակում, առողջապահության ֆինանսավորման մեխանիզմների բարելավում, առողջության պահպանման և բուժաշխատողների մասնագիտական կարողությունների բարձրացմանն ուղղված համատեղ ծրագրերի իրականացում, ԼՂՀ բուժաշխատողների շարունակական մասնագիտական զարգացման  հնարավորության ստեղծում:

Նշենք, որ ԼՂՀ ռազմաբժշկական ծառայության կայացման, առողջապահական համակարգի զարգացման, ինչպես նաև ապրիլյան քառօրյա պատերազմի հետևանքով վիրավորներին և տուժածներին  ցուցաբերած բոօժօգության և մասնագիտական սխրանքի համար ՀՀ առողջապահության նախարարի հրամանով ԼՂՀ ՊԲ գլխավոր վիրաբույժ, ԼՂՀ պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար Լևոն Մնացականյանի` բուժծառայության հարցերով խորհրդական, բ/ծ գնդապետ Սամվել Գևորգյանն այսօր պարգևատրվեց նախարարության հուշամեդալով:

Պատերազմի ամենթեժ տարիներին զբաղեցնելով  Ստեփանակերտի կենտրոնական հոսպիտալի պետի պաշտոնը Սամվել Գևորգյանը 1971-1977թթ. ուսանել է Սարատովի բժշկական համալսարանում: 1978-1982թթ. զբաղեցրել է Ուլյանովսկի մարզի տեղամասային հիվանդանոցներից մեկի գլխավոր բժշկի պաշտոնը: 1984թ. մեկնել է Արցախ և մինչև 1992թ. աշխատել Ստեփանակերտի հիվանդանոցում որպես վիրաբույժ:

Պատերազմի ամենածանր շրջանում` 1992-1994 թթ., նրան վստահվել է Ստեփանակերտի կենտրոնական հոսպիտալի պետի պաշտոնը: 1994-2000թթ. զբաղեցրել է ԼՂՀ ՊԲ Ռազմաբժշկական բաժնի պետի, 2001-2003թթ.` Իվանովի (Խոջալու) հոսպիտալի պետի պաշտոնը: Իսկ 2003-2013թթ.` կրկին նրան է վստահվել ԼՂՀ ՊԲ Ռազմաբժշկական բաժնի պետի պաշտոնը: Վաստակաշատ վիրաբույժի ավանդը մեծ է ոչ միայն բուժծառայության կազմավորման, այլև հետագա զարգացման գործում:

Այսօր էլ բժիշկը շարքում է: Հմուտ վիրաբույժի ձեռքերին է վստահված ամենածանր վիրավորների կյանքը: Նա շարունակում է իր հարուստ փորձը փոխանցել երիտասարդ մասնագետներին: Ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում իրականացնել է շուրջ 30 ծանր վիրահատություններ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter