HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդիկ Բաղդասարյան

Մենք սկսել ենք այն նույն տեղից, որտեղից դուք եք սկսել

«Բոստոն Գլոբի» հետաքննող լրագրող Ստիվ Քյուրքչյանը հուզվում էր Երեւանի փողոցներում այդքան հայ տեսնելուց: Նա զմայլվում էր Սեւանի ափերին, տեսանկարում էր ամեն ինչ, որպեսզի տանի իր ծնողներին, ընկերներին ցույց տա, թե ինչ հրաշք երկիր է հայերի հայրենիքը: Հետաքննող լրագրողների ընկերակցության լրագրողների հետ հանդիպման ընթացքում նա պատմում էր իր նախնիների մասին, բայց, իհարկե, հիմնական նյութը լրագրությունն էր:

Դու կարող ես ազնիվ չլինել քո խմբագրի հետ, բայց ընթերցողի հետ պարտավոր ես լինել ազնիվ

Հետաքննությունը գլուխկոտրուկ լուծելու նման է: Սեղանի վրա լցված են բազում ինֆորմացիաներ եւ լրագրողի խնդիրն է համադրել այդ փաստերը, կողք-կողքի դնել, ճիշտ դասավորել: Հաճախ ոչ բոլոր մասերն ենֆֆ առկա, ինչ-որ բաներ բացակայում են: Եթե, ասենք, 20 մասից բաղկացած գլուխկոտրուկի 17 մասն ունեք եւ դասավորել եք ճիշտ հաջորդականությամբ, արդեն հստակ գիտեք, թե որ երեք մասերն են պակասում: Նաեւ, որպես լրագրող արդեն գիտեք, որտեղ փնտրել այդ պակասող մասերը: Եթե դրանք չեք գտնում, պետք է ազնիվ լինել ընթերցողի հետ եւ ասել, թե ինչու չունեք այդ փաստերը, ինչու չեք կարող բացատրել այդ պակասող հատվածը: Սա շատ- շատ կարեւոր է` ազնիվ լինել ընթերցողի հետ: Դուք կարող եք ազնիվ , անկեղծ չլինել ձեր խմբագրի հետ, իհարկե, դուք ընդհանրապես չպետք է ազնիվ լինեք ձեր հրատարակչի հետ: Դրա կարիքը չունեք: Բայց պարտավոր եք ազնիվ լինել ընթերցողի հետ: Երբ նյութ եք գրում, պետք է մտածեք, որ գրում եք ձեր տատիկի, կամ սիրելի հորեղբոր տղայի, բարեկամի համար: Դուք չպետք է ստեք, նրանց համար պատմություն հորինեք: Կարեւոր է նրանց ասելը միայն այն ամենը ինչում համոզված եք եւ այնքանը, ինչքան գիտեք: Քանի որ ընթերցողի վստահությունն եք կերտում, ամբողջ կյանքի ընթացքում դուք փորձում եք ձեռք բերել այդ վստահությունը եւ դա անում եք ձեր ամբողջ կյանքի համար: Այդ գործընթացը շարունակական է: Այսինքն` երբ նրանք տեսնում են ձեր ազգանունը թերթում, ասում ենª ես վստահում եմ այս լրագրողին:

Ո՞ր նյութերն են կարեւոր ընթերցողի համար: Ես այնքան էլ հետաքրքրված չեմ քաղաքականությամբ, ինձ չի հետաքրքրում, թե որ քաղաքական կուսակցությանն է իշխանությունը, քանի դեռ մենք ապրում ենք ժողովրդավարական հասարակությունում: Ժողովրդավարական հասարակությունը կախված է մամուլից, քանի որ նրա շնորհիվ է, որ ընթերցողը տեսնում է, թե ինչ է կատարվում կառավարությունում: Ցանկացած պետությունում կան կուսակցութուններ, որոնք գալիս են իշխանության, հետո հեռանում են: Գնում-գալիս են: Բայց կան հիմնական պահանջներ, երաշխիքներ, որ անկախ այն բանից, թե ումն է իշխանությունը, մշտական են: Դրանք նույնն են Միացյալ Նահանգներում, Հայաստանում, Իտալիայում, աշխարհի ցանկացած պետությունում, դրանք մարդկանց պահանջմունքներն են. անվտանգության երաշխիքը (անձի եւ երկրի անվտանգության մասին է խոսքը), առողջապահության երաշխիքը, որն ապահովում են հիվանդանոցները եւ հանրային բժշկական ծառայությունները, տնտեսության երաշխիքը, որն ապահովում են բանկերը եւ մեծ կորպորացիաները , կրթության երաշխիքը:Այս ամենն էական նշանակություն ունի հասարակության համար եւ պետք է դառնա մեր լուսաբանման ոլորտը: Քանի որ այդ ծառայությունների համար վճարում ենք եւ շատ հաճախ փոխարենը ոչինչ չենք ստանում, կամ շատ քիչ ենք ստանում: Քանի որ կա կոռուպցիա, կան անիմաստ վատնումներ, եւ, իհարկե, հիմար պետական պաշտոնյաներ: Ընդհանրապես այդ ծառայությունների անբավարար որակը պայմանավորված է բազմաթիվ պատճառներով: Այդ խնդիրները կարեւոր նշանակություն ունեն հասարակության բարգավաճման համար: Որոշ մարդիկ, այդ թվում նաեւ մեր խմբագիրները, ասում են, թե այդ խնդիրները շատ են լուսաբանվում, շատ ձանձրալի են, նրանց վրա շատ ժամանակ եւ փող է ծախսվում: Բայց ես այստեղ եմ, որպեսզի ձեզ ասեմ, որ դրանք այն կարեւոր խնդիրներն են, որոնք պետք է լուսաբանի լավագույն լրագրողը: Դուք հասարակությանը տեղեկացնում եք, թե որտեղ է, որ ժողովրդավարությունը չի աշխատում, չի գործում: Բնականաբար կառավարությանը դուր չեն գա ձեր լուսաբանումները. կամ ձեր վրա կզայրանան, կամ ձեզ ուղղակի կփորձեն գնել: Բայց դուք չեք աշխատում կառավարության համար, իշխանությունների համար: Դուք աշխատում եք հասարակության համար:

Իմ կարիերայի ընթացքում, «Բոստոն Գլոբում» լուսաբանումներիս առանցքը հենց այս խնդիրներն էին: Մեր ժողովրդավարությունը սկսել ենք կառուցել 1776 թվականից: 240 տարի է մենք շարունակում ենք այդ գործը: 230 տարի առաջ ենք ձեզանից: Դուք միայն տասը տարեկան հանրապետություն եք: Մեկ բան պետք է լավ հիշեք, պետք է համբերատար լինել: 200 տարի հետո մարդիկ կհիշեն թե ինչ էին անում լրագրողները 200 տարի առաջ: Նրանք ձեզ կհիշեն, որպես հայրենասերների: Դուք պետք է շատ համբերատար լինեք, եւ ձեր առջեւ միշտ պետք է լինի նպատակ` գրել այն խնդիրների մասին, որոնք կարեւոր են հասարակության համար:

Ինչո՞ւ եմ եկել այստեղ: Օգնելու, որ լրագրողներն իրենց վարպետությունը կատարելագործեն: Ողջունում ենք այն գործը, որ դուք անում եք: Ձեր աշխատանքի համեմատ մեր` Միացյալ Նահանգների լրագրողներիս, գործը հիմա շատ հեշտ է: Բայց այն ժամանակ, երբ Միացյալ Նահանգները դարձան հանրապետություն, մենք չունեինք անկախ թերթեր: Դրանց մեծ մասը կախված էին այս կամ այն քաղաքական կուսակցությունից: Մենք սկսել ենք այն նույն տեղից, որտեղից դուք եք սկսել: Եվ դուք կարող եք այնպիսի լրագրություն զարգացնել, ինչպիսին կա, ասենք, այժմ Միացյալ Նահանգներում: Երբ աշխատանքի ընդունվեք, ձեր խմբագիրը ձեզանից կխնդրի թեթեւ նյութեր գրել: Կուզենա, որ դուք զայրանաք քաղաքապետի վրա, կամ յոլա գնաք նրա հետ: Ինչը պայմանավորված կլինի ձեր խմբագիր քաղաքապետի հարաբերություններով: Դուք եք տերը: Եվ դուք պետք է ասեք, որ պետք է քաղաքապետի գուծունեությունը լուսաբանեք ազնվորեն: Խմբագիրը մի պահ ձեզ կնայի` տեսնենք, թե ոնց կստացվի: Բայց, երբ քաղաքպետը որեւէ սխալ գործի եւ դուք գրեք այդ մասին, մարդիկ ձեր նյութերից բան կսովորեն: Շատերը կսկսեն գնել արդեն ձեր թերթը: Եվ խմբագիրը եւ հրատարակիչը կգնահատեն այն լավ աշխատանքը, որ դուք արեցիք: Սա այնքան էլ հեշտ գործ չէ: Բայց սրանով դուք հաջողության կհասնեք:

Այստեղ լրագրողներն իսկապես հմուտ են, բայց թերթերն անկախ չեն: Ես ուզում եմ օգնել լրագրողներին իրենց գործը լավ անելու, իրենց խմբագիրներին համոզելու, որ տպագրեն այնպիսի նյութեր, որոնք օգնում են մարդկանց, այլ ոչ թե այնպիսիները, որտեղ ցույց է տրվում, թե ինչպես է մի կուսակցույթունը կռվում մյուս կուսակցության դեմ: Թերթն ամեն օր է լույս տեսնում: Եթե ամեն օր դուք չեք անում հրապարակումներ մարդկանց համար, նշանակում է հնարավորություն եք կորցնում: Ես չեմ կարող թերթերին անկախ դարձնել: Բայց կարող եմ օգնել լրագրողներին, որ իրենց խմբագիրներին համոզեն, որ այսպիսի նյութեր գրելը կօգնի մարդկանց եւ ավելի շատ ընթերցող կբերի: Խմբագիրների եւ հրատարակիչների ուզածը լավ բիզնեսն է, թերթի բարգավաճումը: Եվ նրանք հաջողության կհասնեն այդպիսի նյութերի միջոցով:

Թերթերը, փաստորեն, վերջին որոշումը կայացնող դատարանի դերում են

 

Ես կարծում եմ Միացյալ Նահանգների լրագրությունն իմ իդեալին չի համապատասխանում: Թերթերի 75 տոկոսը տպագրում է այն, ինչն ասել է կառավարությունը: Բոլոր թերթերը կառավարամետ են, վստահում են կառավարությանը: Եթե կառավարությունը ստում է (մեր կառավարությունը նույն ձեւով է ստում, ինչպես ձեր կառավարությունը), մենք տպում ենք նրանց ստերը: Մենք չենք ՚կռվումՙ ինֆորմացիայի համար: Մենք չենք ուզում ծայրահեղական երեւալ, բայց հետքաննական լրագրություն անելու համար պարտադիր չէ, որ ծայրահեղական լինենք: Ինչպես նաեւ լավ թերթ լինելու համար պարտադիր չէ, որ դուք մեծ թերթ լինեք: Հետաքաննություն անելու համար դուք պետք է համառ լինեք, պետք է կարողանաք ջղայնացնել կառավարությանը , բայց այնքան համառ պետք է լինեք, որ ձեր բոլոր հարցերին պատասխանի: Երբ դուք իրականացնեք այդպիսի լրագրություն, մարդիկ անընդհատ կզանգեն ձեզ:

Թերթերը փաստորեն վերջին որոշումը կայացնող դատարանի դերում են: Իսկական ժողովրդավարությունը կարիք ունի նման լրատվության: Մենք կառավարության մասը չենք կազմում: Մենք կարեւոր ծառայություն ենք մատուցում հասարակությանը: Ունենք երեք իշխանություն` օրենսդիր, գործադիր, դատական եւ դրանք բոլորն էլ կոռումպացվելու հակում ունեն եւ մեկը մյուսի դեմ ՚գործ չեն տաՙ: Լրագրողի խնդիրը հենց հաղորդելն է, թե ինչ է կատարվում այդ իշխանություններում:

Կա՞ն հետաքննություն կատարելու չափանիշներ

Առաջին` ինֆորմացիայի համար երբեք չենք վճարում: Երկրորդ` չպետք է մեզ այլ մարդ ներկայացնենք: Ես չեմ կարող հագնվել, ասենք ոստիկանի պես, մտնել ոստիկանություն տեսնելու` այնտեղ որեւէ կասկածյալի ծեծո՞ւմ են, թե ոչ: Երրորդ` չեմ կարող, ընդհանրապես, չափազանցված ներկայացնել փաստերը: Ում մասին էլ, որ գրելիս լինեմ, ինֆորմացիան ձեռքիս պետք է գնամ նրա մոտ: Գնում եմ, թակում դուռը եւ ասում` եկել եմ: Ես նրան տեղեկացնում եմ, թե ինչ եմ պատրաստվում գրել նրա մասին եւ տալիս եմ նրան պատասխանելու հնարավորություն:

Ստիվ Քյուրքչյանին Հայաստանը պատկերվում էր միայն Երեւանի տեսքով: Նրան դուր էին գալիս բազում սրճարանները, Երեւանի փողոցներով քայլելիս` նա ուրախանում էր: Եղել էր Անիում, հուզված պատմում էր ավերակների, պտտվող ոգիների մասին: Նրան առաջարկեցի տեսնել նաեւ Հայաստանի մյուս երեսը: Մեկնեցինք Շիրակի մարզ` Հայկաձոր գյուղ: Անին տեսավ սահմանի այս կողմից: Գյուղում նրա աչքերը թաց էին: Ամերիկյան ոչ մի լրագրություն չէր կարող նկարագրել այդ պահին Ստիվ Քյուրքչյանի վիճակը: Գյումրիում հանդիպեց տնակներում ապրող մի քանի ընտանիքների հետ: Ստիվը չէր հավատում, որ մարդիկ, իր հայրենակիցները տարիներ շարունակ ապրում են նման պայմաններում: Գյումրի-Երեւան ճանապարհին ոչ մի բառ չարտասանեց: Ես վստահ էի, որ հասկացել էր, թե ինչու են այդքան հուսալքված հայ լրագրողները: Մինչ այդ նա անընդհատ տալիս էր այդ հարցը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter