Ընտրություններին ընդառաջ Ջրաշենի համայնքապետը լայնածավալ շինաշխատանքներ է իրականացնելու գյուղում
Գայանե Սարգսյան
Լոռու մարզի Ջրաշեն համայնքի բնակիչների կարևորագույն հոգսերից երեքն այս տարի, ամենայն հավանականությամբ, կլուծվեն: Առաջինը, որ մատնանշում են ջրաշենցիներն ու համայնքապետը, գյուղի ճանապարհների խիստ անմխիթար վիճակն է: Շուրջ 1 կմ ճանապարհի ասֆալտապատման աշխատանքների համար այս տարի համայնքային բյուջեից կհատկացվի 44 մլն 550 հզր դրամ:
Մրցույթը, որ հայտարարվել էր մայիսի 30-ին, շահել է երևանյան «Սուարդ» ճանապարհաշինական ընկերությունը: Ճանապարհի ասֆլատապատմանը զուգահեռ կլուծվի նաև ջրատարերի կառուցման հարցը: Այս նպատակով համայնքի բյուջեից ծախսը կկազմի 5 մլն 400 հզր դրամ:
Համայնքապետը մտադիր է այս տարի սկսել նաև գյուղի մանկապարտեզի շենքի կառուցումը: Օգոստոսի 18-ին հայտարարված մրցույթին շենքի կառուցման համար համայնքապետարանի առաջարկած գինը 52 մլն դրամ է:
«Համայնքի բյուջեն Ձեզ հնարավորություն տալի՞ս է այսչափ մեծ ծավալի աշխատանքներ իրականացնելու համար»,- հարցնում եմ Ջրաշենի համայնքապետ Վահան Ուռուսյանին:
Պարզվում է` այս աշխատանքների իրականացման համար 2012թ.-ին 5-րդ անգամ վերընտրված համայնքապետը պաշտոնավարման 4 տարիների ընթացքում խնայողություններ է կատարել համայնքի բյուջեից:
«Նախկին տարիներին կուտակված խնայողությունների հաշվին ենք անելու: 2013-2014թ.-ից խնայել ենք: Կուտակվել ա, ու էսօր ուզում ենք, որ օգտագործենք լավ նպատակների վրա»,- նշում է համայնքապետը:
Եթե հաշվարկենք ճանապարհի, ջրատարերի ու մանկապարտեզի համար նախատեսված գումարի չափը, կստացվի շուրջ 102 մլն դրամ: Այսինքն՝ բյուջեից ամեն տարի խնայվել է միջինը 25 մլն դրամ: Եվ տրամաբանորեն հնարավոր էր օրինակ, գյուղամիջյան ճանապարհի ասֆալտապատման հարցը լուծել դեռ 2012-2014թթ.-ին:
Հոկտեմբերի 2-ին Ջրաշենում համայնքապետի ու ավագանու ընտրություններ են լինելու: Ինչո՞ւ է հատկապես այս տարի՝ նախընտրական այս շրջանում գյուղապետը որոշել իրականացնել այս մեծածավալ աշխատանքները, այն դեպքում, երբ ինչպես ինքն է նշում, վերջին 4 տարիների ընթացքում որևէ խոշոր ծրագիր գյուղում չի իրականացրել:
Հարցին Վ. Ուռուսյանը նախ կատակով է պատասխանում. «Ինչ կլինի՞ որ… Որ ընտրեն ինձ»:
Ապա լրջանում է. «Գումարը չէր հերիքում, հետո էլ ասում էի՝ կսարքի պետությունը, կառավարությունը: Էդքան սպասել եմ, չեն սարքում, հույսս կտրած ստիպված ասեցի ես սարքեմ»:
Ջրաշենի համայնքապետերանի աշխատակազմի աշխատավարձի ֆոնդի գումարը կազմում է տարեկան 30 մլն դրամ: 3600 բնակիչ ունեցող համայնքի ղեկավարի աշխատավարձը ավագանու որոշմամբ 400.000 դրամ է: Սա Լոռու մարզի ոչ միայն գյուղական, այլև քաղաքային համայնքների կտրվածքով ամենաբարձր աշխատավարձերից է:
«85.000 բնակիչ ունեցող Վանաձորի համայնքապետի աշխատավարձը 300.000 դրամ է»,- նկատում եմ ես` ընդգծելով գյուղապետի աշխատավարձի բարձր լինելը:
«Էդ ի՞նչ ա որ: Քաղաքապետն ինչո՞վ է ինձից առավել: Կարող ա բյուջե չունեն, դրա համար չեն բարձրացնում քաղաքապետի աշխատավարձը, իսկ իմ բյուջեն հերիքում ա, սաղ օրը չարչարվում ենք, բա չստանա՞նք»,- ասում է Վ. Ուռուսյանը:
Գյուղում շրջելիս ու նաև գյուղապետարանի միջանցքում փակցված ամենաբազմազան ցուցատախտակներից և ոչ մեկի վրա չնկատեցինք համայնքապետի ու ավագանու որոշումներից:
«Գյուղապետարանի միջանցքում կար»,- վստահեցրեց համայնքապետը:
«Պետք է լիներ, կար, կարող է քարտուղարը հանել է, որ փոխի»,-իրար խառնվեցին գյուղապետարանի աշխատակիցները:
Ավագանու անդամ Հայկ Խալաթյանը ևս շտապեց հավաստիացնել. «Գյուղի խանութներին, կենտոնական տեղերը, գրասենյակում, ընդհանուր 4 տեղ կպցնում են»:
Ավագանու անդամին առաջարկեցի ուղեկցել մինչ կենտրոնական տեղերում փակցված ցուցատախտակները:
«Կպցնում ենք, բայց հետո պոկում հանում են: Հիմա չգիտեմ կլինի, թե պոկած կլինեն»,- խուսափեց Հ. Խալաթյանը՝ առաջարկելով նայելիս ուշադիր լինել՝ «եթե հանել են, թղթերի տեղը կերևա»:
Գյուղում կատարած փոքրիկ շրջայցի ժամանակ մեզ հանդիպած 46-ամյա Վարդան Սուրուջյանը նշեց, որ գյուղում որևէ տեղ երբևէ չի տեսել, որ ավագանու որոշումները փակցված լինեն: Ավելին, գյուղացին վստահեցրեց, որ չի էլ իմանում, թե երբ ու ինչ օրակարգով են կայանում համայնքի ավագանու նիստերը:
«Ոչ մի բանից տեղյակ չեմ, իրանք որոշում, իրանք անում են, չոտկի ասեմ քեզ: Գյուղապետը իրա ավագանիով դնում որոշում են, գյուղից ոչ մեկն էլ չի մասնակցում էդ ժողովներին: Մենք չենք իմանում էդ ժողովը երբ ա կայանում, որտեղ ա կայանում ու չենք էլ կարա մասնակցենք»,- նշեց նա:
48-ամյա Անահիտ Ղազարյանն ասում է, գյուղի տղամարդիկ պարբերաբար մասնակցում են «գյուղապետի անցկացրած ժողովներին»:
«Ժողովներ ա անցկացնում գյուղապետը, տներից տղամարդ են, դուրս են գալիս, գնում են գյուղամեջ, մենք էլ տղամարդկանցից իմանում ենք,- ասում է նա ու ծիծաղում,- դե հո մենք չենք գնա գյուղապետարան»:
Անահիտը ևս նշում է, որ գյուղում որևէ տեղ ավագանու որոշումներն ու նիստի օրակարգը չեն փակցնում: Դա սակայն, ինչպես ինքն է վստահեցնում, չի խանգարում տեղեկացված լինելու հարցում:
«Ոչ մի տեղ չկա կպցրած, բայց իմանում ենք… Գյուղապետարանում ամուսնուս ընկերներն են: Էնտեղ աշխատող աղջիկներից մեկը տղուս դասարանից ա…»:
Այդուհանդերձ, բնակչուհին դժվարանում է ասել, թե մոտավորապես երբ է կայացել վերջին ավագանու նիստը:
Ավագանու անդամ Հ. Խալաթյանի խոսքով գյուղացիները պարբերաբար մասնակցում են ավագանու նիստերին:
«Գալիս են, ոնց չէ: Ասենք, տարվա բյուջեն որ փակվում ա, ժողով ա գնում չէ՞, գալիս են ամեն տարի: Ժողով ա եղել, 30-40 մարդա եկել»:
Վ. Սուրուջյանը, սակայն, պնդում է՝ երբևէ չի մասնակցել որևէ ավագանու նիստի: Թեև, ինչպես ինքն է նշում, ցանկություն էլ չունի:
«Որ ես գնամ, էդ օգուտ էլ չի տա, իրանք ինչ ուզենան, էդ էլ կանեն»,- ասում է բնակիչը:
Համայնքի ավագանու վերջին երկու տարիների որոշումներն ուսումնասիրելիս որևէ տեղ դեմ քվեարկած ավագանու ստորագրության չհանդիպեցի: Տարիներ շարունակ բոլոր հարցերին ավագանու անդամները միաձայն կողմ էին քվեարկել:
«Հավաքվում ենք ու միասին որոշում, գտնում ենք, որ ըտենց ճիշտ ա: Ընենց չի, որ ինքը (նկատի ունի` գյուղապետը-հեղ.) պիտի ասի սենց պիտի անեք, ու մենք էլ ասենք՝ հա…,- ասում է ավագանու անդամը՝ մշտապես միաձայն կողմ քվեարկելը հիմնավորելով այսպես,- վատ բան չի արել, վատ որոշում, որ ասենք՝ չէ»:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել