HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կարկտահարության վնասները հնարավոր է մեղմել. Գյուղնախարարություն

Պտղատու այգու կարկտահարության վնասները հնարավոր է մեղմել, եթե ժամանակին կիրառվեն համապատասխան ագրոտեխնիկական միջոցառումներ: Այս է հայտնում Հայաստանի գյուղատնտեսության նախարարությունը, որի հաղորդագրությունը ներկայացնում ենք ստորև:

Կարկտահարությունից անմիջապես հետո պտղատու տնկարկներն անհրաժեշտ է սրսկել 1%-ոց բորդոյան հեղուկով կամ պղինձ պարունակող բույսերի պաշտպանության այլ միջոցով՝ վերքերն ախտահանելու և վերականգնման գործընթացին նպաստելու նպատակով: Սրսկումից անմիջապես հետո տնկարկներն անհրաժեշտ է պարարտացնել օրգանական և հանքային պարարտանյութերով (եթե որպես օրգանական պարարտանյութ օգտագործվում է գոմաղբ, ապա այն պետք է լինի քայքայված կամ կիսաքայքայված): Երիտասարդ այգիներում, յուրաքանչյուր ծառի հաշվով խորհուրդ է տրվում տալ 5-6 կգ գոմաղբ, 120գ ամոնիակային սելիտրա, 180գ սուպերֆոսֆատ և 50գ կալիումական աղ:

Պտղաբերող այգիներինէ՝ կախված տարիքից և պտղատեսակից, 8-10կգ գոմաղբ, 250-300 գ ամոնիակային սելիտրա, 300-400գ սուպերֆոսֆատ և 100-150գ կալիումական աղ: Պարարտացումն անհրաժեշտ է զուգակցել ոռոգումներով:

Կարևոր նախապայման է պտղատու ծառերի ագրոտեխնիկական բոլոր միջոցառումների պարտադիր կիրառումը, հատկապես՝ պարարտացման և ոռոգման աշխատանքների, վնասատուների ու հիվանդությունների դեմ պայքարի աշխատանքների խնամքով կազմակերպումը, որպեսզի մինչև վեգետացիայի վերջը տերևային մակերեսը և հիմնականում ծառն ամբողջությամբ պահպանվի անվնաս ու առողջ:

Կարկտահարված ծառերի էտը պայմանավորված է ծառերի հասակով և վնասվածության աստիճանով: Այդ իսկ պատճառով հարկավոր է ցուցաբերել տարբերակված մոտեցում: 1-3 տարեկան այգիներում, եթե շատ ուժեղ են վնասվել տերևները, շիվերը և ճյուղերը, անհրաժեշտ է կիրառել խորը էտ՝ հեռացնելով խիստ վնասված մասերը՝ նոր աճեր առաջացնելու և ասիմիլիացիոն մակերես ստեղծելու նպատակով: Եթե երիտասարդ և միջահասակ ծառերի վնասվածության աստիճանը ուժեղ չէ՝ անհրաժեշտ է խուսափել խորը հատումներից, պահպանել մնացած տերևային մակերեսը, համապատասխան էտի միջոցով նպաստել նոր շիվերի և տերևների ավելացմանը: Այդ հասակի ծառերի մոտ հարկավոր է հեռացնել այն ճյուղերը կամ դրանց այն մասերը, որոնք կոտրվել են և տերևները սկսել են չորանալ, ինչպես նաև հեռացնել այն ճյուղերը, որոնց վրա տերևներ չեն մնացել: Մեծահասակ ծառերի մոտ, եթե կարկտահարությունից վնասվածությունն առանձնապես ուժեղ չէ, հնարավորության դեպքում պետք է պահպանել ասիմիլիացիոն մակերեսը, որը կնպաստի վնասված մասերի վերականգնմանը, այնուհետև հիմքից հեռացնել ջարդված, կախ ընկած ճյուղերը, առողջ մնացած տեղերից՝ կոտրվածները: Ուժեղ վնասված մեծահասակ ծառերի վերականգնման համար անհրաժեշտ է գարնանը կատարել երիտասարդացման էտ:

Էտի արդյունքում՝ կտրվածքներին քսել կրակաթ կամ գոմաղբի և կավահողի խառնուրդ (2 մաս կավահող + 1 մաս գոմաղբ): Եթե վերքերը շատ են, առաջարկվում է վնասված ճյուղերը պատել ամբողջ երկարությամբ: Անհրաժեշտ է խուսափել մինչև 3 տարեկան ծառերը ամբողջությամբ խառնուրդով պատելուց:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter