
ԼՂ հարցում միակողմանի զիջման ուրվականը
Իշխող Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը, խոսելով ԼՂ հիմնահարցի կարգավորման մասին, ասել է. «...Խաղաղ գործընթացը, որպես այդպիսին, եթե մեկնարկել է, ապա և՛ 90-ականների իշխանությունը, և՛ 2000-ականների իշխանությունը, և՛ այսօրվա իշխանությունը բանակցային գործընթացում գնում են բանական փոխզիջումների, որոնք չեն կարող հարցականի տակ դնել և չեն դնելու հարցականի տակ ԼՂՀ ժողովրդի ինքնորոշման և սեփական պետություն կառուցելու իրավունքը: Ինչպես օրերս շատ բաց տեքստով ասաց երկրի նախագահը, եթե անգամ ամբողջ աշխարհը միավորվի, չի կարող ստիպել ԼՂՀ ժողովրդին ապրել Ադրբեջանի կազմում»:
Աշոտյանը նաև հիշեցրել է ԼՂՀ-ի Սահմանադրության այն կետը, ըստ որի՝ մինչև ԼՂ հիմնախնդրի վերջնական կարգավորումը, սահմանների ճշգրտումը և ամբողջական վերականգնումը ԼՂՀ իշխանությունը տարածվում է այն տարածքների վրա, որոնք փաստացի գտնվում են ԼՂՀ վերահսկողության ներքո: Այսպիսով Աշոտյանը տողատակով հասկացրել է, որ կան ներկայիս ԼՂՀ-ի տարածքները զիջելու իրավական հիմքեր: Ըստ էության՝ Աշոտյանի պատկերացրած «բանական փոխզիջումը» հիմնված է Ադրբեջանին տարածքային զիջումների վրա: Եվ քանի որ Աշոտյանը ՀՀԿ-ի փոխնախագահն է, ապա ակնհայտ է, որ նա իր վրա է վերցրել իշխանության կողմից հասարակությանը տարածքային զիջումների նախապատրաստելու, այդ հեռանկարին ադապտացնելու և պարզապես այդ ուղղությամբ հանրային գիտակցությունը զոնդաժի ենթարկելու անշնորհակալ պարտականությունը:
Ընդհանրապես փոխզիջումը ենթադրում է զիջումներ երկու կողմերից: Ընդ որում՝ դրանք պետք է որքան հնարավոր է հավասարակշռված զիջումներ լինեն: Թե ինչ է ընթացող ինտենսիվ բանակցություններում զիջում հայկական կողմը, պարզ է դառնում Աշոտյանի և, իհարկե, ոչ միայն նրա պարզաբանումներից: Սա նորություն չէ: Տարածքների զիջման գաղափարն առկա է եղել 1994թ.-ից ի վեր սեղանին դրված կարգավորման՝ առանց բացառության բոլոր տարբերակներում ու սխեմաներում և հնարավորինս ամբողջական ձևակերպում է ստացել 2007թ․-ից ի վեր բանակցվող այսպես կոչված մադրիդյան սկզբունքներում: Այս իմաստով Աշոտյանն, իհարկե ճիշտ է. Հայաստանի նախկին ու ներկա բոլոր իշխանությունները, բոլոր երեք նախագահները բանակցություններում առաջնորդվել են տարածքային զիջման կոնցեպտով: Տարածքներ, որոնք ձեռք են բերվել հազարավոր նվիրյալների արյան ու կյանքի զոհաբերման գնով, որոնք կազմում էին ԼՂ բնակչության անվտանգության պարեգոտը և որոնք բանակացային ողջ պատմության ընթացքում հանդիսացել են հայկական կողմին ամուր բանակցային դիրքեր տվող գործոն:
Սակայն բանական փոխզիջումների մասին խոսողները չեն բացատրում կամ պարզաբանում, թե եթե խոսքը իսկապես փոխզիջումների մասին է, ապա ի՞նչ է իր կողմից զիջում Ադրբեջանը, ի՞նչ են Հայաստանը և Արցախը ստանում զիջվող տարածքների դիմաց: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շարունակում է հայտարարել, որ ԼՂ-ն պետք է լինի բացառապես Ադրբեջանի կազմում, որ վերջինիս տարածքի վրա չի կարող երկրորդ հայկական պետություն ստեղծվել: Սա նշանակում է, որ Ադրբեջանի համար միակ ընդունելի «զիջումն» այն է, որ ԼՂ-ն, լավագույն դեպքում ընդամենը նախկին ԼՂԻՄ-ի մակերեսով, եթե ոչ փաստացի, ապա դե յուրե պարտադիր լինի Ադրբեջանի կազմում: «Բլումբերգ» գործակալությանը տված հարցազրույցում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն իր հերթին հաստատում է, որ Երևանը 2011թ., ըստ էության, տված է եղել համաձայնությունը դրան, քանի որ համաձայնել է, որ ԼՂ-ում ինքնորոշման (ենթադրաբար անկախություն ձեռք բերելու) հանրաքվեի կամ պլեբիսցիտի անցկացման կոնկրետ ժամկետներ չնախատեսվեն: Պարզ է՝ եթե ոչ այդ ժամկետներն են նախապես համաձայնեցվում, ոչ էլ անցկացման պայմանները, ապա այդ հարցը պարզապես անորոշ ժամանակով օրակարգից դուրս է մղվում: Պաշտոնական Երևանը երբեք չի հայտարարել, որ փոխել է մոտեցումն այս հարցում, ինչը նշանակում է, որ այն մնում է ուժի մեջ, և որ Երևանը շարունակում է ներգրավված մնալ հենց այդպիսի լուծումներ ենթադրող բանակցություններում: Բայց եթե այդպես է, ապա ինչպե՞ս են, ըստ իշխանությունների, արցախցիներն իրացնելու ինքնորոշման իրենց իրավունքը, ո՞րն է երաշխիքը, որ առհասարակ կարողանալու են օգտվել այդ իրավունքից և որ Ադրբեջանը երբևէ համաձայնելու է բանակցել այս հարցի շուրջ, առավելևս՝ համաձայնել հանրաքվեի անցկացման ԼՂ-ի դեմոգրաֆիական ներկայիս իրավիճակի պահպանման պարագայում: Եթե անգամ ԼՂ-ին տրվելու է ինչ-որ միջանկյալ կարգավիճակ, ապա ո՞ր երկրի քաղաքացիներ են լինելու արցախցիները... Ադրբեջանի՞, եթե ոչ՝ ապա ո՞ր: Ոչ ոք Հայաստանի իշխանական իսթեբլիշմենտից չի տալիս այս հարցերի պատասխանը, չնայած ամենօրյա ռեժիմով շարունակում են պնդել, թե արցախցիների ինքնորոշման իրավունքը և այդ իրավունքից օգտվելու հեռանկարի ապահովումը քննարկման ենթակա չէ: Գործ ունենք պարզ մանիպուլյացիայի հետ. տեսականորեն սահմանվում է հանրաքվեի միոցով ինքնորոշվելու արցախցիների իրավունքը (ընդ որում՝ զրոյացնելով 1991թ. անկախության հարաքվեն), բայց գործնականում չկան և չեն տրվում դրա իրացման իրական երաշխիքներ, չեն ստեղծվում իրական նապայմաններ: Ընդ որում՝ հիմա արդե ոչ ոք չի խոսում ԼՂՀ-ի անկախության մասին: Իշխանությունը հիմա բացառապես կիրառում է ինքնորոշման իրավունքի իրացման մասին: Իս սա նշանակակում է, որ Ադրբեջանը ոչինչ պարզապես չի զիջում կամ չի զիջում ամենագլխավոր՝ ԼՂ-ի կարգավիճակի հարցում:
Փաստորեն որ կողմից էլ հարցին նայում ես, ստացվում է, որ գոնե հրապարակայնորեն ՀՀ նախագահի ներկայացրած կարգավորման տրամաբանությունից ելնելով՝ «բանական փոխզիջումը» միակողմանի զիջումն է: Անգամ խաղաղությունը հայկական կողմի համար չի կարող որպես հնարավոր ձեռբերում լինել այն պարզ պատճառով, որ Արցախին ուզում են լավագույն դեպքում միջանկյալ կարգավիճակ տալ, իսկ միջանկյալ՝ նշանակում է վիճելի: Այն ինչ վիճելի է, միշտ լինելու նոր բախումների, նոր պատերազմների առարկա, ինչը նշանակում է, որ այդպիսի կարգավորումը չի բերելու տարածաշրջանային տևական խաղաղության և կայունության: Այն տարբերությամբ միայն, որ հանձնած լինելով արցախցիների անվտանգության գոտին կազմող տարածքները, հայկական կողմը փատսացի ամեն ինչ պետք է սկսի զրոյից՝ շատ ավելի վատ ստարտային պայմաններում՝ զրկված լինելով բանակցային իր հիմնական առավելությունից կամ հենման կետից:
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը նախօրեին Բաքու կատարած այցից և նախագահ Ալիևի ու արտգործնախարար Մամեդյարովի հետ հանդիպումներից հետո հայտարարեց, թե հակամարտությունն առավել քան երբևէ մոտ է կարգավորման: Կրեմլամերձ ռուս քաղաքագետ, ՌԴ հանրային պալատի անդամ Սերգեյ Մարկովը նույնիսկ արդեն խոսում է այն մասին, որ շուտով խաղաղության համաձայնագիրը կստորագրվի և Հայաստանը կազատի «ԼՂ-ի շրջակա» տարածքները: Իսկապես հարց է առաջանում՝ թե ինչպե՞ս կարող է հակամարտության կարգավորման հարցում միջնորդի կարգավիճակ ունեցող երկրի արտգործնախարարը, ընդամենը հակամարտող մեկ կողմի հետ հանդիպման հիման վրա, վստահ հայտարարել մոտակա կարգավորման մասին: Այդ ո՞ր օրվանից է Լավրովը լիազորված Հայաստանի, առավելևս Արցախի անունից նման պատասխանատու հավաստիացումներ անելու. նա Հայաստանի կամ ԼՂՀ-ի արտգործնախարա՞րն է, լիզորված ա՞նձը: Եթե Լավրովը վստահ է կարգավորման մոտ լինելու հարցում, նշանակում է՝ կամ ունի Երևանի համաձայնությունը և այդ «պաշարով» էր մեկնել Բաքու, կամ պարզապես հենց տեղում որոշումներ է կայացրել Հայաստանի փոխարեն՝ կասկած չունենալով, որ Երևանը դրանց չի առարկելու: Եթե այդպես չէ, ինչո՞ւ Լավրովի այդ հայտարարությանը Հայաստանից պաշտոնական որևէ արձագանք չի հնչում:
Այս առկախված հարցերին պատասխանելու փոխարեն հայկական դիվանագիտությունը հիմա տենդագին փորձում է ձախողել «բանական փոխզիջման»՝ իրականում իրեն պարտադրվող ռուս-ադրբեջանական սցենարի իրականացումը, որի թակարդը Երևանն ընկել է կամավոր, սեփական «դիվանագիտության» շնորհիվ: Հայաստանը կարծես թե որոշել է հակառակվելու փոխերն պարզապես հնարավորինս հետաձգել այդ չարագուշակ «բանական փոխզիջման» տակ ստորագրություն դնելու պահը: Կիևում Արևելյան գործընկերության երկրների արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարել է, թե բանակցությունները շարունակելու համար անհրաժեշտ է կատարել Վիեննայի և Սանկտ-Պետերբուրգի գագաթաժողովներում ձեռքբերված պայմանավորվածությունները՝ հակամարտության բացառապես խաղաղ կարգավորելու, զինադադարի վերաբերյալ 1994-1995թթ. եռակողմ անժամկետ համաձայնագրերի անվերապահ իրականացման, միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծման, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմն ընդլայնելու հետ կապված: Այդ պայմանավորվածությունների կայացումից անցել է մոտ երկու ամիս, սակայն դրանց իրականացման ուղղությամբ ոչինչ չի արվել: Այս հանգամանքը չխանգարեց, որպեսզի Սերժ Սարգսյանը հունիսին ոչ միայն Սանկտ-Պետերբուրգում ԼՂ հարցով բովանդակային բանակցություններ ունենա, այլև ստորագրի միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծման պայմանը օրակարգից հանող հայտարարության տակ: Հիմա այդ կետերը կարծես թե կրկին առաջ են քաշվում որպես նոր, ենթադրաբար Փարիզում կայանալիք նախագահների բանակացություններին հայկական կողմի մասնակցության նախապայման: Թեև կասկած չկա, որ դրա վրայով ևս Երևանն անցելու է, բայց ինքնին այս նախապայմանների առաջադրումը վկայում է, որ Երևանն ուզում է հետաձգել նախագահների նոր հանդիպումը: Դա կարող է ունենալ մեկ պատճառ. խուսափել բեկումնային քայլի գնալուց: Եթե Երևանն ի սկզբանե այս մարտավարությունը կիրառեր՝ ԼՂՀ-ին բանակցային ֆորմատ վերադարձնելու կամ այդ պայմաններն Ադրբեջանի կողմից կատարելուց հրաժարվելու դեպքում ԼՂ-ի ներկայիս կարգավիճակը միջազգայնորեն ճանաչելու գործընթացի հիմք դարձնելու համար, կարելի էր ոչ միայն հասկանալ, այլև ողջունել: Բայց նման որևէ նպատակ իր առջև հայաստանյան դինավագիտությունը չի դրել: Անցած երկու ամսվա ընթացքում այս ուղղությամբ որևէ ուղերձ Երևանից չի հնչել: Այս մարտավարությունն ընտրվել է՝ բացառապես ժամանակը ձգելու, ժամանակ վրա խաղալու նպատակով՝ թերևս հուսալով, որ ընթացքում իրավիճակ կփոխվի և հնարավոր կլինի խուսափել «բանական փոխզիջման» գնալուց: Բայց դա պարզունակ խաբկանք է: Հայաստանին «բռնել» են ԼՂ կարգավիճակի և ինքնորոշման հանրաքվեի հարցում զիջելու վրա, և Հայաստանի կոկորդը երբեք բաց չեն թողնելու՝ անկախ նրանից՝ կկատարվե՞ն Վիեննայի պայմանավորվաությունները, թե՞ ոչ: Պայմանավորվածությունների կատարումն ընդամենը նշանակելու է, որ այդ զիջմանը փորձելու են Երևանին դրդել հրադադարի և հարաբերական խաղաղության պայմաններում, չկատարումը՝ պատերազմի կամ պատերազմի սպառնալիքի: Այնպես որ հայկական դիվանագիտությունն ինքն իր համար ելք չի թողել: Մնում է հուսալ, որ այդ ելքը կապահովի հայկական բանակը: Եթե, իհարկե, նրա թիկունքից չգործեն:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել