HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հաճախ սոցիալական փաթեթից օգտվել են շահառու չհանդիսացող քաղաքացիներ. Վերահսկիչ պալատ

Հայաստանի կառավարության այսօրվա նիստում Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը ներկայացրել է սոցփաթեթի հանգստի կազմակերպման բաղադրիչի վերաբերյալ ուսումնասիրության արդյունքները: Ներկայացնում ենք կառավարության նիստում Իշխան Զաքարյանը ելույթը՝ ըստ կառավարության տեղեկատվության ծառայության:

«Վերահսկողության ընթացքում Վերահսկիչ պալատը ուսումնասիրություն է իրականացրել ՀՀ խոշոր զբոսաշրջային համայնքներ հանդիսացող Ծաղկաձորի, Դիլիջանի, Ջերմուկի, Աղվերանի, Արզնիի, Արտավազի և Հանքավանի ընտրանքային կարգով ուսումնասիրված հյուրանոցներում և հայտնաբերել է շուրջ 300 մլն դրամի տարբեր խախտումներ: Դրանք հետևյալն են՝ Ծաղկաձոր համայնքում մենք ուսումնասիրել ենք 21 հանգստյան տներ և հյուրանոցներ և հայտնաբերել 128 մլն 681 հազար դրամի խախտում, Ջերմուկ քաղաքում՝ 13 հանգստյան տներ և հյուրանոցներ, հայտնաբերվել է 62 մլն 437 հազար դրամի խախտում, Դիլիջան քաղաքում ուսումնասիրվել է 7 հանգստյան տուն և հյուրանոց, հայտնաբերվել է 43 մլն 490 հազար դրամի խախտում, Արզական համայնքում 4 հյուրանոց և հանգստյան տուն, 27 մլն 146 հազար դրամի խախտում, Արզնի համայնքում 3 առողջարան, հայտնաբերվել է 22 մլն 717 հազար դրամի խախտում, Արտավազ համայնքում 3 հանգստյան տուն և հյուրանոց, 10 մլն 230 հազար դրամի խախտում և Հանքավանում 2 հյուրանոց և հանգստյան տուն, հայտնաբերվել է 4 մլն 314 հազար դրամի խախտում: Ընդհանուր խախտման թիվը շուրջ 300 մլն է: Սա առաջացել է հետևյալ պատճառով. ընդհանրապես պետական բյուջեից տրամադրված գումարները 2 ուղղությամբ են ծախսվում՝ առաջինը հանգստի կազմակերպման, 2-րդը՝ առողջապահության կազմակերպման, և այս առումով ծախսերը կատարվում են զբոսաշրջային օպերատորների կողմից, որոնց լիցենզավորում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը: Էկոնոմիկայի նախարարության տրամադրած տեղեկության համաձայն ՀՀ-ում և ԼՂՀ-ում սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայության մեջ ընդգրկված է եղել 69 զբոսաշրջային օպերատոր, որոնցից Վերահսկիչ պալատը ուսումնասիրություն է կատարել 7 ընկերությունում և հայտնաբերել հետևյալ փաստերը: Որոշ զբոսաշրջային օպերատորներ լիարժեք չեն կատարել հյուրանոցների հանդեպ իրենց ունեցած պայմանագրային պարտավորությունները, ՀՀ պետական բյուջեից ստացված գումարները ծախսել են այլ նպատակներով, ինչի պատճառով կուտակվել են վերոհիշյալ պարտքերը: 

Երկրորդ՝ ամրագրման հավաստագրերը տրված են եղել սոցիալական փաթեթի շահառուների անունով, սակայն հաճախ սոցիալական փաթեթից փաստացի օգտվել են շահառու չհանդիսացող քաղաքացիներ: 

Երրորդ՝ մի խումբ զբոսաշրջային օպերատորներ թույլ են տվել սոցիալական փաթեթի գումարների ապօրինի կանխիկացման դեպքեր, ինչը հակասում է ՀՀ սահմանադրությանը և օրենքներին:

Չորրորդ՝ որոշ զբոսաշրջային օպերատորներ սոցիալական փաթեթի ծառայություններ են մատուցում, սակայն ընդգրկված չեն եղել սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայության մեջ, հաշվառված չեն եղել Էկոնոմիկայի նախարարության կողմից և գործել են հաշվառված օպերատորների հետ կնքված ենթագործակալական պայմանագրերի հիման վրա, ինչը որևէ որոշմամբ ամրագրված չէ: Նշված պատճառով զբոսաշրջային օպերատորների հաշվառումը կրել է ձևական բնույթ և սոցիալական փաթեթի կարգավորման ոլորտը դարձել է ոչ բավարար թափանցիկ և վերահսկելի: 

Եվ հինգերորդ՝ սոցիալական փաթեթի գումարները պետբյուջեից փոխանցվել են բանկերում բացված հաշիվներին, սակայն մի շարք բանկերի կողմից զբոսաշրջային օպերատորներին փոխանցումներ չեն կատարվել: Վերահսկիչ պալատի աշխատակիցներին տեղեկություն չի տրամադրվել՝ բանկերի կողմից հղում անելով բանկային գաղտնիքի մասին դրույթներին: Ելնելով վերոգրյալից՝ Վերահսկիչ պալատն առաջարկում է ՀՀ կառավարությանը ոլորտը կարգավորող իրավական ակտերի պահանջները շրջանցելու, ինչպես նաև սոցիալական փաթեթի գումարների անօրինական կանխիկացման դեպքերը բացառելու համար լրամշակել սոցիալական փաթեթի հանգստի բաղադրիչին վերաբերող դրույթները»: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter