Կառավարությունը Դավթաշեն-Աշտարակի մայրուղի հատվածի որոշ տարածքներ ճանաչել է գերակա հանրային շահ
Հայաստանի կառավարությունը այսօր հաստատել է Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի 2-րդ տրանշով Դավթաշեն-Աշտարակի մայրուղի ճանապարհահատվածի հողի օտարման և տարաբնակեցման ծրագիրը, որը բխում է Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև 2015թ. ստորագրված վարկային համաձայնագրից: Կառավարության տեղեկատվության բաժինը հայտնում է, որ այժմ նշված ճանապարհահատվածում հնարավոր կլինի իրականացնել ազդեցության ենթարկված գույքի և հողատարածքի իրացումը, որից հետո կսկսվի շինարարությունը:
Հաջորդ որոշմամբ գործադիրը քաղաքային մայրուղու շինարարության որոշ տարածքներ ճանաչել է բացառիկ՝ գերակա հանրային շահ: Երևան քաղաքի հյուսիսը հարավին միացնող մայրուղու՝ Դավթաշեն-Աշտարակ ճանապարհահատվածներում շինաշխատանքի իրականացման շահը գերակայում է օտարման ենթակա գույքի և հողատարածքի սեփականատերերի շահերից և ծրագրի արդյունավետ իրագործումը չի կարող ապահովվել առանց ճանապարհի կառուցման հատվածում գտնվող գույքի և հողատարածքի օտարման: Կառավարությունը հայտնում է, որ բնակիչների հետ տեղում անցկացվել են հանդիպումներ, ներկայացվել է սեփականության օտարման նպատակը, փոխհատուցման չափերի հաշվարկման մեթոդն ու վճարման կարգը, տեղեկություն է տրամադրվել նաև հեռախոսով:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել