HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ով տուժեց և ում մեղքով կասեցվեց սոցիալական փաթեթը

Դիանա Ղազարյան

Հուլիսի 7-ին վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց պետական ծառայողներին տրվող սոցիալական փաթեթների հանգստի ապահովման ծառայության բաղադրիչի ժամանակավոր կասեցման մասին: Պետությունը սոցիալական փաթեթների հանգստի բաղադրիչում չարաշահումներ էր արձանագրել, այդ իսկ պատճառով, ֆինանասների նախարարության առաջարկով, 2017-2019 թ-ի միջնաժամկետ ծախսային ծրագրում սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայությունը չի ներառել, մինչև ՀՀ էկոնոմիկային նախարարությունը կառավարությանը այս ծառայության վերաբերյալ նոր առաջարկներ կներկայացնի։ Պետական ծառայողների սոցիալական փաթեթն այսուհետ կներառի միայն առողջապահության բաղադրիչի ֆինանսավորում, իսկ նրանք, ովքեր չեն հասցրել օգտվել 2016 թվականին իրենց համար նախատեսված հանգստից, այն կարող են վայելել մինչ այս տարվա դեկտեմբեր 20-ը։

Էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության զարգացման քաղաքականության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը panorama.am-ին ասել էր, որ հանգստի բաղադրիչի կասեցմանը նախորդել են տուրօպերատորների գործունեության դադարեցումը։ «Մեկ տուրօպերատոր հանվել է ցանկից, 2-ի հրամանն արդեն ստորագրվել է, իսկ մյուս տուրօպերատորներին տրվել է նախազգուշացում»,- ասել է Մեխակ Ապրեսյանը։  

«Ջոյ տուր» տուրիստական գործակալության տնօրեն Լիլիթ Ալեքսանյանն ասում է, որ սոցիալական փաթեթները խթանում էին ներքին տուրիզմի զարգացմանը․ հայաստանաբնակ զբոսաշրջիկների 99%-ը իրենց հանգիստը կազմակերպում էին սոցիալական փաթեթների միջոցով, քանի որ արտերկրից ժամանող զբոսաշրջիկները հիմնականում հանգրվանում են Երևանում, և մարզային հյուրանոցների հիմնական հաճախորդները սոցփաթեթներով իրենց հանգիստը կազմակերպող պետական ծառայողներն էին։ Տնօրենը համոզված է՝ փաթեթի կասեցումը շոշափելի ծավալներով կնվազեցնի ներքին տուրիզմի պահանջարկը և զգալի վնասներ կկրեն հյուրանոցային ծառայությունները, քանի որ դրանց եկամուտների մեծ մասը կազմում էր սոցփաթեթներից դուրս գրվող գումարները։

Տուրիստական գործակալությունների առումով տնօրենը, դիտարկելով իրենց գործունեությունը, նշում է, որ սոցփաթեթների կասեցումը իրենց գրեթե վնաս չհասցրեց, քանի որ իրենց համար այդ փաթեթը այդքան էլ շահույթ հետապնդող գործընթաց չէր և, որ տուրիստական փաթեթներից տուրգործակալություններին հատկացվող տոկոսները քիչ էին։ Լիլիթ Ալեքսանյանը կարծում է, որ փաթեթի կասեցումից ամենաշատը տուժեցին հենց պետական ծառայողները։ «Սոցիալական փաթեթով հատկացվող 72 հզ․ դրամով կարողանում էին գոնե երկրի ներսում, տարին մեկ  անգամ կազմակերպել իրենց հանգիստը, քանի որ սոցփաթեթի՝ հանգստին տրվող բաղադրիչի գումարը լիովին բավարար էր, որ պետական ծառայողը, առանց հավելյալ ճոխությունների, բավարար կերպով կազմակերպեր իր հանգիստը։ Մանսավորպես՝  կարող էր այդ գումարի շրջանակներում 4-7 օր հանգստանալ հանրապետության ներսում՝ Ծաղկաձորի, Ջերմուկի, Աղվերանի, Հանքավանի, ԼՂՀ-ի հյուրանոցային համալիրներում»,- ասում է Լիլիթ Ալեքսանյանը։

Տուրգործակալության տնօրենը համակարծիք է հայտարարության հետ, որ սոցփաթեթների հանգստի բաղադրիչում չարաշահումներ եղել են․ «Հիմնական չարաշահումը եղել է այն մասով, որ սոցփաթեթները չեն գործարկվել երկրի ներսում, այլ երկրից դուրս, մասնավորապես՝ Վրաստանում։ Կարծում եմ՝ էսպես է եղել՝ հյուրանոցը ցույց է տվել, իրբև թե հաճախորդը եկել, իր մոտ է հանգստացել, ինքը իր կողմից գումարը պահել է, մնացած գումարը հատկացրել զբոսաշրջիկին (պետ․ ծառայողին-հեղ.), ասել՝ ինչ ուզում ես, արա։ Նման չարաշահումներ չկատարելը դրվում է հյուրանոցային օբյեկտի և տուրգործակալության խղճի վրա։ Եթե հյուրանոցը չմասնակցի այդ չարաշահումներին, ոչ մեկ չի կարող սոցփաթեթի գումարը տրամադրի այլ նպատակներով։ Այսպես ասած՝ հյուրանոցը րր ձեռքով, իր փոսը փորեց»,- մեկնաբանում է տնօրենը։

Հավելենք, որ կառավարության այսօրվա նիստում Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը ներկայացրել է սոցփաթեթի հանգստի կազմակերպման բաղադրիչի վերաբերյալ ուսումնասիրության արդյունքները և հայտնել, որ դրանց արդյունքում հայտնաբերվել են շուրջ 300 մլն դրամի տարբեր խախտումներ:

Մեկնաբանություններ (1)

պողոս
Պապուդ արևը վկա, թե մի անձը 2 օրից ավել կարող է ՀՀ-ում հանգստանալ 72000 դրամով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter