HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Հայաստանն առաջադիմել է, բայց հետ է մնում գալիք մրցակիցներից

Այսօր ՖԻՖԱ-ն հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման հուլիս ամսվա վարկանիշային ցուցակը: Հայաստանի հավաքականը նախորդ ամսվա համեմատ առաջադիմել է 8 տեղով եւ հիմա 102-րդ տեղում է: Մեր թիմն ունի 348 վարկանիշային միավոր: Ընթացիկ ցուցակում ընդգրկվել է Հայաստանի վերջին հաղթանակը Սալվադորի հանդեպ՝ 4-0, որը Վարուժան Սուքիասյանի թիմին բերել է 278,76 միավոր, փոխարենը հաշվարկից դուրս է մնացել Ղազախստանի դեմ 3-0 հաշվով հաղթանակը 2012-ի հուլիսին կայացած ընկերական խաղում: Հիշեցնենք, որ վարկանիշային ցուցակում հաշվի են առնվում թիմի վերջին 4 տարվա արդյունքները: 

Համաշխարհային ցուցակը շարունակում է գլխավորել Արգենտինան, որին հետեւում են Բելգիան եւ Կոլումբիան: Առաջին 5 հորիզոնականներում փոփոխություններ չեն եղել. եռյակին հաջորդում են Գերմանիան եւ Չիլին: Լավագույն 10-յակում են նաեւ Պորտուգալիան, Ֆրանսիան, Իսպանիան, Բրազիլիան, Իտալիան: 

ԱԱ-2018-ի ընտրական փուլում Հայաստանի գալիք մրցակիցներից լավագույն արդյունքն ունեն լեհերը, որոնք վատ հանդես չեկան «Եվրո-2016»-ում: Լեհաստանը հիմա 16-րդն է (+11), Ռումինիան եվրոպական մրցաշարում անհաջողության մատնվեց եւ ցուցակում նահանջեց 24-րդ տեղ (-2): Դանիան 44-րդն է (-6), Մոնտենեգրոն՝ 95-րդը (-5), Ղազախստանը՝ 97-րդը (+15): Փաստորեն, ղազախները, որ տեւական ժամանակ հետ էին մնում Հայաստանից, անցել են մեր թիմից, որը ցուցանիշով զիջում է ապագա բոլոր մրցակիցներին, չնայած սա ընդամենը վարկանիշային վիճակագրություն է: Նշենք, որ Ղազախստանին նման թռիչք է ապահովել Չինաստանի հանդեպ անցած ամիս 1-0 հաշվով տարած հաղթանակը:

Նախկին ԽՍՀՄ երկրներից լավագույն արդյունքն ունի Ուկրաինան (30), որին հաջորդում են Ռուսաստանը (38), Ուզբեկստանը (56), Բելառուսը (72), Ղազախստանը, Հայաստանը: Մյուս երկրները մեզնից հետ են:

Մեր հարեւաններից ամենաբարձր ցուցանիշը Թուրքիայինն է, որը 19-րդն է, Իրանը 39-րդն է, Վրաստանը 118-րդ տեղում է, իսկ Ադրբեջանը՝ 137-րդ:

Օգոստոսի 31-ին Հայաստանի հավաքականը ընկերական հանդիպում կանցկացնի Չեխիայի հետ, որը հիմա 33-րդ տեղում է: ՖԻՖԱ-ի հաջորդ ցուցակը կհրապարակվի օգոստոսի 11-ին:    

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter