HY RU EN

Գագիկ Աղբալյան

«Շիրակը» կարող էր հաղթել խոշոր հաշվով, սակայն բավարարվեց ոչ-ոքիով

Այսօր Գյումրու Քաղաքային մարզադաշտում տեղի ունեցավ Եվրոպա լիգայի որակավորման 2-րդ փուլի «Շիրակ»-«Սպարտակ» (Տրնավա) դիմակայության առաջին խաղը:

Չնայած Սլովակիայի բազմակի տիտղոսակիր թիմը համարվում է կարգով բարձր, խաղադաշտում մեկ թիմ էր՝ «Շիրակը»:

Գյումրեցիները մի քանի իրական գոլային պահերից օգտագործեցին ընդամենը մեկը: 16-րդ րոպեին Դավիթ Հակոբյանը գոլով ավարտեց իր թիմի բազմաթիվ գրոհներից մեկը:

Չնայած խաղի տրամաբանությունը հուշում էր, որ «Շիրակը» կարող է ամրապնդել առավելությունը եւ պատասխան հանդիպումից առաջ գոլերի մեծ պաշար հավաքել, 87-րդ րոպեին սլովակ ֆուտբոլիստները խաղի հաշիվը դարձրին 1-1:

«Շիրակի» առաջատար Դավիթ Հակոբյանը այս խաղում դեղին քարտ ստացավ, որը Եվրոպայի լիգայի ընթացիկ խաղաշրջանում երրորդն էր: Հակոբյանը հաջորդ՝ հուլիսի 21-ին Սլովակիայում կայանալիք խաղը բաց կթողնի:

«Շիրակի» գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը հետխաղյա մամուլի ասուլիսում ասաց, որ գրանցված հաշիվը չի համապատասխանում խաղի ընթացքին եւ տրամաբանությանը:

«Մենք տեսանք, որ մրցակցի պաշտպանությունը խոցելի է: Սակայն չկարողացանք օգտագործել մեր պահերը: Ամեն դեպքում, ամեն ինչ կորած չէ: Այս խաղում չիրացրած պահերը կփորձենք իրացնել հաջորդում»,- նշեց Բիչախչյանը:

«Սպարտակի» գլխավոր մարզիչ Միրոսլան Կարխանը խոստավանեց, որ իր սաների համար դժվար էր խաղալ Դավիթ Հակոբյանի եւ Դիարասուբայի դեմ:

[gallery id=588]