HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ալլեգրովան խաղից դուրս

Հարություն Հաբեթյան

Ալավերդի քաղաքում վերջին տասը տարիների ընթացքում ձեւավորվել է ընտրական տեխնոլոգիաների «մասնագետների» մի խումբ: Նրա մեջ ընդգրկված մարդկանց համար ընտրություններ կազմակերպելը բիզնես է եւ նախընտրկան շրջանները նրանց աստեղային ժամերն են: Սակայն ալավերդցիները նրանց ատում են: Այս «մասնագետները», որպես կանոն, մշտապես կանգնած են իշխանական թեւում, քանի որ առավելագույնս կարողանում են վճարել հենց այս բեւեռի մարդիկ։ Ալավերդցիները նրանց ասում են. «Որքան քաղաքում վատ բան կա, այս մարդիկ մեջն են»։ Ընտրությունների ընթացքում «մասնագետների» սոցիալական վիճակը կտրուկ լավանում է:

Ազգային ժողովի նախընտրական այս փուլում ընտրակաշառքներից չեն երկնչում ոչ քաղաքական կազմակերպությունները, ոչ էլ մեծամասնական կարգով առաջադրված թեկնածուները։ Առաջնության դափնին կրում է «Օրինաց երկիր» կուսակցությունը, որի տասնյակ շտաբներն տարաբնույթ ծառայություններ են մատուցում ալավերդցի ընտրողներին։

Կուսակցությունը երիտասարդների համար կազմակերպում է դիսկոտեկներ, համակարգչային բազմափուլ եւ այլ դասընթացներ, խնջույքներ։ Խնջույքները կազմակերպում է ըստ ոլորտների, տարիքային ցենզի եւ այլն: Առանձին-առանձին խնջույքի են հրավիրվել առողջապահության ոլորտի աշխատողները, վետերանները, երիտասարդները։ Նախապես որոշված էր մանկավարժների էլ տանել խնջույքի, սակայն ըստ խոսակցությունների, կուսակցությունը մի դեպքում վախեցել է ծախսից՝ շուրջ 500 մանկավարժ, մի այլ դեպքում էլ ասում են տնօրեններն են վախեցել հանրապետական մարզպետի ցասումից: Որպեսզի մանկավարժներն էլ վիրավորված չզգան, «Օրինաց երկիրը» յուրաքանչյուր դպրոցի նվիրել է 5000 դրամ արժողությամբ մեկական ձայնագրիչ: Նվերը դուր չէր եկել թիվ 12 դպրոցի տնօրենին։

Վերջինս նվերը ստանալուց հետո, ի պատասխան «Օրինաց երկրին» աջակցելու առաջարկի շպպացրել է ճակատներին, թե` «գնացեք, ես ՀՌԱԿ-ից երեք համակարգիչ եմ ստացել, ձեր տվածն ի՞նչ է...»: Համակարգիչները հորով-մորով անելուց հետո ռամկավարներին ունկնդրելու հավաքված 27 ալավերդցիներին դիմելով Աժ պատգամավոր, հանրապետական կուսակցության անդամ եւ նրա հովանավորությունը վայելող պատգամավորության թեկնածու Հովհաննես Քոչինյանը այնքան էր ոգեւորվել իր ընտրատարածքի երեք դպրոցներին երեքական համակարգիչներ հանձնելուց, որ խոսքն ավարտեց այսպես. «Թեպետ ես հանրապետական կուսակցության անդամ եմ, սակայն կոչ եմ անում ձեր ձայնը տալ ՀՌԱԿ-ին»։ Ասում են այս կոչի պատճառով Հով. Քոչինյանը խիստ նկատողություն է ստացել «Հանրապետական» կուսակցության ղեկավարությունից։ Ոմանք այս կոչից ենթադրել են, թե Հովհաննեսը կատարում է եղբոր` Լոռու մարզպետ Հենրիկ Քոչինյանի հանձնարարությունը։

Հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել մեծամասնական ընտրակարգով առաջադրված մյուս թեկնածուների նախընտրական շտաբներում։ Երկու թեկնածուները՝ երկրապահ Սեյրան Անթանեսյանը եւ ՀԺԿ-ի տարածքային կազմակերպության քարտուղար Լարիսա Փարեմուզյանը առայժմ ընտրակաշառքներ չեն բաժանել: Մյուս երկու հիմնական թեկնածուները՝ Երեւանի Միքայելյանի անվան վիրաբուժական կենտրոնի գլխ. տնօրեն Համլետ Թամազյանը եւ Հովհաննես Քոչինյանը ընտրել են տարբեր մոտեցումներ։ Թամազյանը անփորձ է, թեպետ նրա շտաբում աշխատում են նաեւ վերը նշված ընտրական տեխնոլոգիաների «մասնագետներ»։ Թամազյանը հրաժարվում է առայժմ կաշառքներ բաժանել, ասելով, թե թումանյանցիներին ինքն իր կաշառքը տվել է վերջին քսան տարիներին մշտապես, քանի որ անվաճար բուժել է բոլոր դիմողներին։ Սա մասամբ ճիշտ է։ Սակայն այսպես ասած «նախընտրական քաղաքակիրթ» ձեւ ընտրած Թամազյանը ստիպված եղավ մեծ գումար վճարել անփորձության համար։

Քարոզարշավի առաջին օրերին տեղական հեռուստատեսությամբ հայտարարեց, որ վերջին զանգի արարողության ժամանակ ինքը սյուրպրիզ ունի տասներորդցիներին։ Երեւանյան ընկերների միջոցով կանխավճար է տալիս, որպեսզի մայիսի 23-ին մեկ համերգով Ալավերդի այցելեն Իրինա Ալեգրովան, Նունե Եսայանը, Թաթան եւ այլն...։ Սակայն մարզպետն ու Հովհաննես Քոչինյանն էլ քնած չէին։ Նույն 23-ի համար քաղաքապետի հետ պատրաստել են համապատասխան թղթեր եւ տեղեկացրել, որ նույն օրվա համար ավելի շուտ դիմել է Հ.Քոչինյանը։ Երեք հազար դոլար կարժենա այդ «միջոցառումն», որը արդեն վճարվել է մարզպետարանի ներկայացուցիչ Այբեկյանին։ Նախատեսվում է, որ Ալլեգրովայի եւ Նունե Եսայանի փոխարեն Վանաձորից կգան ռեստորանային ռաբիս խմբեր, իսկ համերգից հետո մի քանի ռեստորաններում տասներորդցիները կհյուրասիրվեն, պարզ է թե ում փողերով: Իսկ առայժմ դպրոցի տնօրենները սպառնում են ծնողներին եւ տասներորդցիներին, որ ավարտական քննություններից երկուս կստանան, եթե փորձեն մասնակցել Հ. Թամազյանի կազմակերպած համերգին։ Նման իրավիճակում Հ. Թամազյանը ստիպված էր հրաժարվել իր մտադրությունից:

Համլետ Թամազյանը առայժմ կարողանում է մերժել փող խնդրելու դիմումները։ Սակայն դժվար է ասել, թե ինչքան կդիմանա թեկնածուն: Սովորաբար ընտրակաշառքները բաժանվում են ընտրությունների օրը: Առայժմ Հ. Թամազյանը բավարարվում է միայն վիրահատության կարիք ունեցողներին սեփական բժշկական կենտրոնում անվճար վիրահատելով։ Այդ թիվն, ըստ հավաստի տվյալների, հասնում է 28-ի։ Իսկ Հ. Քոչինյանը սկսել է խնջույքներ կազմակերպելու «թատերաշրջանը»։ Բնության գրկում եւ ռեստորաններում։ Հասարակությունը բաժանված է շերտերի եւ «վայելում» է նախընտրկան փողերը։ Ալավերդիում սկսվել է նաեւ օղու եւ ալյուրի բաժանման գործընթացը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter