HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հաղթանակ էլեկտրաշոկով

Թիվ 3 ընտրատարածքում ապօրինությունները սկսվել էին մայիսի 24-ին` ընտրություններից մեկ օր առաջ, երբ պարզ դարձավ, որ թիվ 0066/03 տեղամասի մեծամասնական քվեաթերթիկների մեջ 1591-ի փոխարեն առկա էր 1491 քվեաթերթիկ:

Ընտրությունների օրը սկսվեց տագնապալի լուրերով: Տեղեկությունները հիմնականում վերաբերվում էին Նորքի 7, 8, 9-րդ զանգվածների եւ Նորք-Մարաշ համայնքի տարածքում մասսայական ընտրակաշառք բաժանելու մասին:

Ժամը 12-13-ի սահմաններում գրեթե բոլոր ընտրատեղամասերից եւ Աշոտ Օսիպյանի նախընտրական շտաբներից կենտրոնական շտաբ ահազանգեր էին ստացվում, որ առանց պետ.համարանիշի ավտոմեքենաներով շրջող խմբերը տեղամասային հանձնաժողովների անդամների եւ ենթաշտաբների պետերի նկատմամբ բռնություն կիրառելու մասին: Հենց այդ ժամանակահատվածում շտապ 8-րդ զանգվածի ենթաշտաբ են կանչում Աշոտ Օսիպյանի կենտրոնական շտաբի պետին: Այնտեղ մի խումբ մարդիկ ծեծում էին ենթաշտաբի պետ Մհեր Այվազյանին: Փորձում է միջամտել, նրան նույնպես սկսում են ծեծել, այնուհետեւ էլեկտրաշոկ են կիրառում եւ նա կորցնում է գիտակցությունը:

Ինչպես պարզվել է բռնությունների հեղինակները պատգամավորության թեկնածու Ռաֆիկ Պետրոսյանի նախընտրական շտաբի աշխատողներն էին ու հարազատները: Ծեծի է ենթարկվել նաեւ 0068/03 տեղամասային հանձնաժողովի նախագահի տեղակալ Վարդան Դոլաշյանը եւ 0052/03 տեղամասում պատգամավորության թեկնածու Արմեն Ասլանյանի վստահված անձին: 0064/03 ընտրատեղամասում հրահրված ծեծկռտուքը հնարավոր եղավ կանխել միայն ՆԳ մարմինների միջամտությամբ: Ահաբեկչական գործողություններ շղթան շարունակվել է 9-րդ զանգվածի Ա.Օսիպյանի ենթաշտաբերի պետ Վիկտոր Լոբյանի եւ Նորք-Մարաշի ենթաշտաբի պետ Արտուշ Գալստյանի նկատմամբ։ Դատաբժշկական փորձաքննության արդյունքներով՝ նրանք բոլորը ստացել են մարմնական վնասվածքներ, հարուցվել են քրեական գործեր:

ժամը 13-ին կենտրոնական շտաբը ոչ պաշտոնական աղբյուրներից տեղեկություն է ստանում, որ թիվ 3 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը որոշում է կայացրել ԱԺ պատգամավորության թեկնածու Աշոտ Օսիպյանի թեկնածության գրանցումը ուժը կորցրած ճանաչելու մասին։

Նշված որոշման պատճենը ստանալու մեր բազմաթիվ պահանջները բավարարվեցին միայն մայիսի 27-ին։ Համաձայն ԸԸՀ թիվ 12 արձանագրության մայիսի 25-ի առավոտյան ժամը 7-ի նիստում եղել է օրակարգային երկու հարց. 1.թիվ 0066/3 ՏԸՀ-ից ստացած ահազանգի քննարկում, 2. կազմակերպչական հարցեր։

Ուշագրավ է օրակարգի երկրորդ հարցը, որի շրջանակներում քննարկվել է Աշոտ Օսիպյանի թեկնածությունը գրանցելու որոշումը չեղյալ հայտարարելու մասին հարցը, որն այդպես էլ, որպես որոշում չի ընդունվել։ ժամը 7-ի նիստում քննարկվելիք այդչափ կարեւոր հարցի մասին, ինքը՝ թեկնածուն, կամ նրա լիազորված անձինք այդպես էլ պաշտոնական տեղեկություն չեն ստացել։ Մինչդեռ Օսիպյանի թեկնածությունը ուժը կորցրած ճանաչելու որոշման մասին լուրը վաղ առավոտից մեծ արագությամբ տարածվում էր ընտրատարածքի ընտրատեղամասերի, շտաբների եւ ընտրազանգվածի շրջաններում։

Բնական էր, որ այս խառնաշփոթ իրավիճակում Աշոտ Օսիպյանի լիազորված երկու անձինք մինչեւ ժամը 19.30 փորձում էին տեղում ճշտել բարձրացված հարցի իսկությունը։ Չնայած պատասխանը ԸԸՀ-ին հայտնի էր, այնուամենայնիվ, լիազորված անձանց, մինչ այդ, որեւէ տեղեկություն չի տրվել եւ միայն ընտրությունների ավարտին մոտ նրանք վերջապես տեղեկացվել են, որ նման որոշում չի կայացվել։

Այս պայմաններում տրամաբանական է, որ Օսիպյանի ընտրողների մի մասը կարող էր փոխել իր դիրքորոշումը եւ այլ թեկնածուի, կամ պարզապես չմասնակցել ընտրությունների։ Հետեւաբար, այսպես կոչված «որոշման» լուրն անմիջական ու մեծ ազդեցությունն է թողել ընտրությունների վերջնական արդյունքների վրա։

Մեկ անգամ եւս անդրադառնանք չարաբաստիկ որոշմանն ու տեսնենք, թե ինչ էր իրենից ներկայացնում այն։ Ներկայացնում ենք հատված ԸԸՀ-ի արձանագրությունից. «0048/03 ԸՏ-ի անմիջապես դիմաց կպցված է Աշոտ Օսիպյանի պաստառները, որը Ընտրական օրենսգրքի ըստ 18 հոդվածի 8-րդ կետի եւ հոդված 23-ի 1 կետի արգելվում է»:

ԸՕ-ի այն հոդվածը, որին հղում է արվել, հստակ նշված է. «Հ. 23 կետ 1. Քվեարկության եւ դրան նախորդող օրն արգելվում է այն շենքերի ներսում կամ շուրջը, որտեղ գտնվում է տեղամասային կենտրոնը, ինչպես նաեւ անմիջապես դրա մուտքի մոտ ընտրողների վրա ազդեցություն գործել բանավոր կամ գրավոր ձեւով, երաժշտության կամ պատկերավոր միջոցների օգնությամբ, ստորագրություններ հավաքելը, ինչպես նաեւ այլ եղանակներով նախընտրական քարոզչություն կատաարելը»։

Որոշման մեջ նշված «դիմաց» հասկացությունը եւ օրենսգրքի՝ «շենքերի ներսում կամ շուրջը», հասկացությունները խիստ տարբեր են, կարելի է ասնել, իրավական առումով ոչ ճիշտ ձեւակերպված։ Հատկապես, եթե նշենք, որ ԸԸՀ-ի արձանագրության մեջ մատնանշված օրինախախտ հատվածում իրար կողքի տեղակայված են եղել նաեւ մի շարք կուսակցությունների եւ այլ թեկնածուների նախընտրական շտաբներն ու պաստառ-նկարները, ապա Ա.Օսիպյանի թեկնածությունը ուժը կորցրած ճանաչելու շինծու աղմուկը անհասկանալի է կամ պարզապես ինչ-որ մեկին անհրաժեշտ քայլ։

Հարկ էր, որ ԸԸՀ -ի մեր հարգարժան անդամները թիվ 3 ընտրատարածքում «ֆիքսեյին» ավելի լուրջ եւ հիմնավոր խախտումներ, ինչպես օրինակ այն, որ խախտվել է ԸՕ-ի 23 հոդվածի 2 եւ 3 կետերը, քանի որ բոլոր տեղամասերին անմիջապես հարող տարածքում մշտապես խմբված է եղել բազմություն, եւ մշտապես բացահայտ զրույց է տարվել այս կամ այն թեկնածուի օգտին՝ երբեմն դրանք զուգորդվելով ընտրակաշառք կիրառելով, որի մասին կա տեղամասային հանձնաժողովների անդամների դիմումները:

Ստացվում է, որ ընտրության օրը Ա.Օսիպյանի շտաբի եւ ենթաշտաբների աշխատանքները պլանավորված եւ կազմակերպված ձեւով նպատակաուղղվել են տապալման եւ ձախողման (կենտրոնական շտաբի պետը եւ 4 ենթաշտաբների պետեր եղել են միլ.բաժանմունքում ցուցմունքներ տալու քաշքշվող պրոցեսում, իսկ լիազորված 2 անձինք՝ ԸԸՀ-ում տեղեկություն ստանալու եւ հետագա քայլերը պլանավորելու ակնկալիքով):

Թիվ 0056/03 տեղամասում հանձնաժողովի անդամ Նորայր Գասարջյանը, չսպասելով ընտրությունների արդյունքների ամփոփման ավարտին, նախապես ստորագրել է չլրացված ամփոփիչ արձանագրությունների տակ եւ մայիսի 26-ին ժամը 1-ի սահմաններում լքել տեղամասը, հայտարարելով. որ «ինձ համար մեկ է, թե ով ինչքան ձայն կստանա, ես մեկնում եմ Մոսկվա սեմինարի»:

Տեղամասային ընտրական հանձնաժողովների (0052/03, 0059/03, 0060/3 եւ 0068/03) անդամները ճնշումների եւ անօրինականությունների մթնոլորտում հրաժարվել են ստորագրել մեծամասնական ընտրացուցակի ամփոփիչ արձանագրությունները: Իսկ 0053/03, 0055/03, 0057/03 եւ 0070/03 տեղամասերում ՏԸՀ առանձին անդամները լքել են տեղամասը: Իսկ թիվ 0066/03 տեղամասային հանձնաժողովի նախագահ Վ.Միրզոյանը չի կնքել քվեաթերթիկների փաթեթներից եւ ոչ մեկը եւ դրանք պարկում զմռսվել են բաց վիճակում՝ առանց որեւէէ ամփոփիչ արձանագրությունը համապատասխան քվեաթերթիկների փաթեթին կցելու։

Թիվ 0059/03 եւ 0060/03 ընտրատեղամասերում թույլ տրված բազմաթիվ անօրինականություններին անկարող լինելով դիմակայել՝ նշված տեղամասային հանձնաժողովների 9 անդամներից 5-ը բոյկոտոտելով փորձել են լքել ընտրատեղամասերը: Սակայն ոստիկանության եւ անհայտ անձանց կողմից նրանց առջեւ փակվել են տեղամասերի դռները: Նրանց «կալանքի» մասին տեղյակ է պահվել ԵԱՀԿ դիտորդական առաքելության գրասենյակին: Մոտ 2 ժամ այդպես մնալուց հետո հանձնաժողովի անդամներին հաջողվել է դուրս գալ ընտրատեղամասից:

Կատարված իրադարձությունների մասին 26.05.03-ին դիմում-բողոքներով եւ հայտարարություններով տեղյակ է պահվել թիվ 3 ԸԸՀ նախագահ Ֆ. Վարդանյանին, որը այդ օրն ընտրություններն անվավեր ճանաչելու մասին իր հատուկ կարծիքը տալուց հետո հրաժարական է տվել։ Այնուհետեւ նույնաբովանդակ դիմում է ուղարկվել նաեւ ՀՀ ԿԸՀ նախագահ Ա. Սահրադյանին։

 Այս ամենից միանշանակ կարելի է պնդել, որ մայիսի 25-ի թիվ 3 ընտրատարածքում ԱԺ ընտրություններն անցել են բռնությունների եւ ապօրինի գործողությունների մթնոլորտում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter