HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Զանգվածային ծառահատումներ՝ Օձուն-Արևածագ ճանապարհին (լուսանկարներ)

Նոյեմբերի 18-ին «Հետքը» Լոռու մարզի Օձուն-Արևածագ ճանապարհին հանդիպեց տարիներ շարունակ կանգուն ծառերի զանգվածային սպանդի: Այստեղ անխնա հատված էր 200-ից ավելի ծառ: Հատումները դեռ շարունակվում են:

Նշենք, որ Օձուն-Արևածագ շուրջ 10 կմ երկարաությամբ ճանապարհից օգտվում են Այգեհատ, Արդվի, Մղարթ, Արևածագ և ճանապարհին հարող այլ գյուղերի բնակիչներ: Ճանապարհը հատում է նշված գյուղերին պատկանող դաշտերը և վերջիններից երկկողմանի առանձնանում բերքատու և վայրի ծառերով:

Ծառահատները չէին բավարարվել միայն ծառերը կտրելով. նրանք հատված ծառերի հետքերը թաքցնելու նպատակով այրել էին կոճղերը, որոնց մեծ մասը դեռ թարմ էր:

Եղանակի ցրտելուց անմիջապես հետո Օձուն-Արևածագ ճանապարհին ծառահատումները լայն թափ են ստացել: Ճանապարհին մեզ հանդիպած մի քանի գյուղացիներ չհերքեցին, որ ծառերը, որոնք առանձնակի շուք են տալիս անբարեկարգ ճանապարհին, հատում են ճանապարհին հարակից գյուղերի բնակիչները: «Բա հո ցրտից չե՞ն մեռնելու, գազը թանկ ա, բա ի՞նչ անեն մարդիկ»,- փայտահատներին փորձեցին արդարացնել նրանք:

Սակայն նույն ծառահատները ամռան շոգին Օձուն-Արևածագ ճանապարհը ոտքով անցնելիս այրող արևից պաշտպանվում ու հանգստանում էին այն ծառերի ստվերում, որոնք հատել են: Այս ծառերի ստվերում հանգստանում և ճաշում էին նաև դաշտերում աշխատող գյուղացիները:

«Օձուն-Արևածագ ճանապարհի եզրերի ծառերը խորհրդային տարիներին տնկել է Թումանյանի «Ճանշին» բաժինը: Ներկայումս այս ծառերի հսկողությունը և պահպանությունը որևէ մեկի վրա դրված չեն»,- «Հետքին» ասաց «Թումանյանի ճանապարհաշինական շահագործման ձեռնարկություն» ԲԲԸ-ի տնօրեն Սամվել Տիտանյանը:

Մեր հարցումներին «Հայանտառի» պատասխանատուներից ասացին, որ ճանապարհի և նրան հարող ծառերի պահպանությունն ու վերահսկողությունը դրված են Թումանյանի ՃՇՇՁ-ի վրա:

Միջհամայնքային ճանապարհին զանգվածային ծառահատումների նկատմամբ մինչև օրս բացարձակ անտարբեր են Օձունի, Այգեհատի, Արևածագի և Մղարթի համայնքապետերը: Իսկ ՀՀ ոստիկանության Լոռու մարզի Թումանյանի բաժնի տեղամասային տեսուչները, ովքեր օրվա մեջ մի քանի անգամ անցնում են Օձուն-Արևածագ ճանապարհով, այդպես էլ «չեն տեսնում» զանգվածային ծառահատումները:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter